Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել և զարգացնել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը

Հունիս 06,2022 21:33

ՀՀ ոստիկանության պետը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության պետի հետ

Հունիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում:

Ոստիկանության պատվիրակությանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոյը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրմանն ու կառուցվածքային փոփոխություններին վերաբերող։ Վահե Ղազարյանը նաև շնորհակալություն հայտնեց վերջին տարիներին ՀՀ ոստիկանության ծառայողների համար հանցավորության դեմ պայքարի տարբեր ոլորտներում Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությամբ կազմակերպված վերապատրաստումների համար։

Ֆրանսիայի Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոն ևս կարևորեց երկու երկրների միջև հաստատված բարեկամական և աշխատանքային կապերը՝ մասնավորապես ընդգծելով փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել և զարգացնել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը գլխավոր կոմիսար, Ֆրանսիայի Ազգային ոստիկանության պետին հրավիրեց Հայաստան։

Այցի շրջանակներում կազմակերպվեցին հանդիպումներ Ֆրանսիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության հանրային անվտանգության կենտրոնական վարչությունում, որտեղ ներկայացվեցին մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության (այդ թվում և համացանցի միջոցով), կիբերհանցավորության, տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական անվտանգության պահպանման ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Ֆրանսիայի Ազգային ոստիկանության անվտանգության գծով միջազգային համագործակցության վարչությունում ներկայացվեցին եվրոպական ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները։

Նպատակ ունենալով ծանոթացնել Ֆրանսիայի ոստիկանական տարածքային բաժանմունքներում իրականացվող աշխատանքներին՝ ՀՀ ոստիկանության պատվիրակության համար այց կազմակերպվեց նաև Փարիզի 13-րդ թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունք՝ կոմիսարիատ, որտեղ ներկայացվեցին հանցագործությունների մասին, այդ թվում և էլեկտրոնային տարբերակով հաղորդում ընդունելու, դեպքի վայր մեկնելու, արձանագրություն կազմելու, հանցավորության վիճակագրության վարման կարգը։ Հնարավորություն ընձեռնվեց այցելել նաև բաժանմունքում գործող ձերբակալվածների պահման վայր և ծանոթանալ գործող պայմաններին։

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930