Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաններն այստեղ են մնալու, մենք հրապարակից չենք գնալու»․ Իշխան Սաղաթելյան

Հունիս 06,2022 22:11 Share

«Մինչև այս պահը որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Դիմում եմ գլխավոր դատախազին՝ կան հստակ հրապարակված փաստեր ու ապացույցներ, որոնք ամբողջությամբ բավարար են անմիջապես քայլեր ձեռնարկելու և ապօրինություններ գործած ոստիկաններին ձերբակալման տանելու համար։ Հակառակ պարագայում դուք նպաստում եք նոր բռնությունների։ Եթե ժամանակին կանխեիք այն ոստիկանական գործողությունները, որոնք հստակ, ապօրինի բռնություն էին գործադրում քաղաքացիների նկատմամբ, հունիսի 3-ին այդ դեպքերը չէին կրկնվի»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա կոչ արեց դատախազությանը հրատապ քայլեր ձեռնարկել բռնություն գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ այս ծավալի ճնշումներ մեր նորանկախ պետականության պատմության ընթացքում չեն եղել։ Ու հղում կատարելով պաշտոնական տվյալներին՝ ասաց․ «Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ շարժման գործողությունների ընթացքում մինչ այս պահը բերման է ենթարկվել 2100 հոգի։ Իրականում այդ թիվն ավելի մեծ է, մեր հաշվարկներով՝ այդ թիվը շուրջ 2500 է։ Այս ընթացքում ձերբակալվել է 48 արժանապատիվ քաղաքացի, որոնցից 27-ն այս պահին արդեն կալանքի տակ են, և մի քանի գործեր դեռ քննվում են։ Կան հարուցված մի քանի գործեր, որ տարբեր քաղաքացիների մեղադրանք է ներկայացվել»։

Իշխան Սաղաթելյանը նաև ահազանգեց՝ ոստիկանների մեջ կան ոստիկանական համազգեստով քաղաքացիներ, որոնք չունեն տարբերանշաններ․ նրանց նույնականացնել հնարավոր չէ։ Ու շեշտեց․ «Մեկ անգամ ևս պնդում ենք՝ բոլոր այն ոստիկանները, որոնք չունեն տարբերանշաններ, նրանք ոստիկանական հագուստով հանցագործներ են կամ ոչ ոստիկաններ ոստիկանի հագուստով։ Այդ մարդիկ ղեկավարվում են այլ տեղերից։ Գլխավոր դատախազությունը պարտավոր է կոնկրետ և հստակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»։

Իշխան Սաղաթելյանը մտահոգություն հայտնեց, որ մի շարք կրթական հաստատությունների ղեկավարներ ճնշումներ են գործադրում այն ուսանողների նկատմամբ, որոնք մասնակցում են ցույցերին։ Նա ուսանողներին հորդորեց այդ հարցերով դիմել շարժման անդամներին։ Իսկ կրթական հաստատությունների ղեկավարներին ասաց․ «Միայն դուք էիք մնացել սրան ծառայելու ու սրա իշխանությունը պահելու։ Խելքի եկեք, վերջ տվեք, հակառակ դեպքում հերթով կգանք ձեր հետևից»։

Փոխարենը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ-ին, որն ի պաշտպանություն ժողովրդի ներկայացրած պահանջի հանդես է եկել հայտարարությամբ։

Իշխան Սաղաթելյանը կարծիք հայտնեց՝ ժողովրդի ու իշխանության ջրերը մեկ առվով չեն գնում, իսկ հունիսի 3-ը ջրբաժան էր։

Անդրադառնալով վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելու մասին խոսակցություններին՝ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ նման որոշում չկա։ Ու նշեց․ «Մենք ոչ թե քննարկում  ենք դադար վերցնելու հարցը, այլ թե ինչպիսի մարտավարություն ընտրենք, որ մեր պայքարն ավելի արդիական լինի, ծավալները մեծացնենք ու ավելի ընդլայնենք։ Վստահ եղեք, որ մեր բոլոր քննարկումները միայն այդ օրակարգի շուրջ են։ Վրաններն այստեղ են մնալու, հրապարակը ևս, մենք հրապարակից չենք գնալու։ Ակտիվ քննարկումների մեջ ենք․ շաբաթվա վերջին հանդես կգանք ծրագրային դրույթներով, թե ինչպես ավելի կազմակերպված դարձնենք պայքարը»։

Այնուհետև դիմելով հանրությանն ասաց․ «Հենց առաջին օրն էլ ինչ ասել ենք, ուժի մեջ է։ Մենք այս շարժման ընթացքում ասել ենք ձեզ՝ գնալու ենք առջևից, ասել ենք առաջինը հարված վերցնելու ենք, պետք լինի առաջ խփելու ենք, ասել ենք՝ էս ամենի համար ունենք պատասխանատվություն, այս պայքարի մեջ դրել ենք մեր կյանքն ու արժանապատվությունը։ Դա սակարկման ենթակա չէ»։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ վաղն առավոտյան ՀՀ գլխավոր դատախազություն նամակ են փոխանցելու, իսկ այս պահին շարժման մասնակիցները երթով գնում են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930