Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր, ցավոք, նաեւ Բերձորի հարցն է առաջին պլան բերված եւ Ադրբեջանի փոխանցմամբ, դա մինչեւ տարեվերջ պետք է տեղի ունենա. Տիգրան Աբրահամյան

Հունիս 27,2022 16:57

«Արցախին գումար բերողն այսօր Արայիկ Հարությունյանը չէ: Եթե նա գլուխ է գովում, որ դա իր ճկունությունն է, ապա այդտեղ ճկունության գործոն չկա: Այսօր Հայաստանի իշխանությունը Արցախին գումար է տալիս, որպեսզի մարդիկ հանկարծ Արցախից չգան Հայաստան, բողոքի ձայն չբարձրացնեն»,-այսօր կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ «Հայելի» ակումբում՝ խոսելով 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի մասին:

Ըստ պատգամավորի, ՀՀ իշխանությունը փորձում է սոցիալական առումով ստեղծել կախվածություն, որպեսզի դա կարողանա քաղաքական առումով օգտագործել. «Եվ այդտեղ Արայիկ Հարությունյանի դերը զրոյական է: Մյուս կողմից կա իրավիճակ, որ այն քաղաքական ուժերը, այն մարդիկ, որոնք մեղսակից են համարում նաեւ Արայիկ Հարությունյանին, Արցախում իշխանություն փոխելն այս պահին բավականին մշուշոտ են համարում, որովհետեւ ներկայումս կա խնդիր՝ ընտրությունների անցկացման: Մյուս կողմից էլ զուգահեռ գնում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որը հետագայում որոշակի ճկունություն է ապահովելու հրաժարականի կամ մեկ այլ դեպքում՝ նախագահի կամ խորհրդարանի փոփոխության մասով»:

Տիգրան Աբրահամյանի կարծիքով, առաջիկա երկու տարվա ընթացքում Արցախում ստեղծվելու է խոշոր փոփոխություն անելու հնարավորություն: Նա Ադրբեջանի շտապողականությունը պայմանավորում է հենց այս հանգամանքով:

«Որքան շուտ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից՝ այնքան հայ ժողովրդի գործելու հնարավորությունները մեծանալու են»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ նրանց իշխանության օրոք, Ադրբեջանը չի իրականացնում ստանձնած պարտավորությունները:

«Այսօր նաեւ, ցավոք, Բերձորի հարցն է առաջին պլան բերված եւ Ադրբեջանի փոխանցմամբ, դա մինչեւ տարեվերջ պետք է տեղի ունենա: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է այլընտրանքային ճանապարհ, սակայն որտեղով է անցնելու այդ ճանապարհը՝ դա կախված էր Հայաստանի իշխանություններից, սակայն նրանք այսօր մի կողմ են քաշված եւ դա թողել են Ադրբեջանի որոշումների տիրույթում: Եվ Ադրբեջանը իրագործում է այն ծրագրերը, որոնք ինքն է ցանկանում եւ որը համարում է, որ տեղավորվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930