Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը Գյումրիում թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է, նրան թմրանյութ իրացրած անձը կալանավորվել է

Նոյեմբեր 09,2026 13:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 29-ամյա մի տղամարդ ձեռք է բերել թմրամիջոցով փաթեթներ, որոնք պատրաստվում է իրացնել՝ տեղադրելով Գյումրիի տարբեր վայրերում։

Հետագա միջոցառումներով տեղեկությունը հաստատվել է։ Պարզվել է նաև թմրանյութն իրացրած անձի ինքնությունը։

Հոկտեմբերի 28-ի ցերեկը, երբ 29-ամյա գյումրեցին փաթեթներ էր տեղադրում Գորկու անվան զբոսայգում, ոստիկանները նրան ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված 28 փաթեթ՝ մոտ 52 գրամ ընդհանուր քաշով։

Տղամարդը հայտնել է, որ «Շոկո» տեսակի թմրանյութով փաթեթները ձեռք է բերել ժամեր առաջ՝ տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով։

Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև արդեն տեղադրված երեք փաթեթները։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Շարունակելով միջոցառումները՝ Շիրակի քրեական ոստիկանները ձերբակալել են նաև նրան թմրանյութ իրացրած համաքաղաքացուն, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել