Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ երկնքի տակ

Հուլիս 07,2022 14:30

Աշխարհը միագիծ զարգացումից գնում է դեպի ապակենտրոնացում

Քանի որ մենք ապրում ենք աշխարհակարգերի փոփոխության բուռն եւ անորոշություններով լի դարաշրջանում, կարծում եմ, իմաստ կա մտածելու այն մասին, թե արժեքային որ համակարգի կամ գուցե համակարգերի հակադրության հիման վրա է հիմնված լինելու նոր աշխարհակարգը:

Դա շատ բարդ է կանխորոշել, որովհետեւ այս, պայմանականորեն ասած, «անցումային» շրջանը կարող է տասնամյակներ տեւել, իսկ այդ տասնամյակների ընթացքում դեռ շատ բան կարող է պատահել: Բայց հնարավոր է, թերեւս, կանխատեսել, թե ինչպիսին չի՛ լինելու աշխարհը:

Հավանաբար, հնարավոր է հավանականության քիչ թե շատ բարձր տոկոսով ասել, որ «միագիծ» տեսությունները, համաձայն որոնց, ամեն ինչ գնում է դեպի ինչ-որ վերջնական հանգուցային կետի, իրենց չեն արդարացրել: Ըստ այդ տեսություններից մեկի՝ մարդկության զարգացումը գնում է նախնադարյան համայնական կարգերից դեպի կոմունիզմ: Եվ այդ՝ մեզ մանկուց հայտնի տեսությունը պնդում է, որ ինչ-որ պահի տեղի է ունենում «հնի» (կապիտալիզմի) եւ «նորի» (սոցիալիզմ-կոմունիզմի) պայքար, որի արդյունքը կանխորոշված է՝ հաղթելու է այն, ինչն ավելի առաջադեմ է եւ հեռանկարային: Մեկ այլ տեսության համաձայն՝ ամեն ինչ գնում է դեպի ժողովրդավարություն եւ շուկայական հարաբերություններ: Եվ դրանց ու ավելի «հետամնաց» հասարակարգերի միջեւ անհաշտ պայքարում հաղթելու է, բնականաբար, ազատական, լուսավորչական արժեքային համակարգը, իսկ նրանք, ովքեր դա չեն հասկանում, կմնան հավիտենական խավարի մեջ եւ առաջադեմ աշխարհին նախանձողի դերում:

Բայց, պարզվեց, որ այդ երկու տեսությունները ոչ այնքան սխալ են, որքան, եթե կարելի է այդպես ասել, ամբողջական չեն, համայն մարդկության «թրենդերը» չեն բացահայտում: 19-20-րդ դարերի խոշորագույն ընկերաբաններ Կարլ Մարքսը եւ Մաքս Վեբերն իրավացի էին, ասելով, որ 1. Տնտեսական զարգացումը մեծապես ազդում է մարդկանց ձգտումների եւ վարքի վրա, 2. Մարդկանց համոզմունքներն ու մոտիվացիաները որոշակի չափով կանխորոշված են հասարակության մշակութային ժառանգությամբ: Բայց այդ, միանգամայն ճիշտ կանխադրույթներից արդյո՞ք հնարավոր է միանշանակ հետեւություն անել, որ տնտեսական զարգացումն անխուսափելիորեն գնում է մշակութային փոփոխությունների, իսկ դրանց ազդեցության տակ ձեւավորվում են «լիակատար երջանկության» համար անհրաժեշտ ինստիտուտները:

Այդպես էր, համենայնդեպս, կարծում ամերիկացի քաղաքագետ Ռոնալդ Ինգլհարթը, որի ղեկավարությամբ 1981-2001 թվականներին անցկացվում էր 81 երկրների հետազոտություն՝ երկու առանցքով՝ կրոնական- աշխարհիկ արժեքներ եւ վերապրման (survival)- ինքնարտահայտման արժեքներ: Եթե մի փոքր պարզեցնենք, ապա ստացվում է հետեւյալը. որքան փոքր է այդ զույգերի առաջին բաղադրիչը եւ որքան մեծ է երկրորդը՝ այնքան լավ: «Հումանիստական մշակույթը», որը շեշտը դնում է ինքնարտահայտման վրա, տարածվում է մարդու կյանքին առնչվող բոլոր ոլորտների ուղղությամբ՝ փոխելով սեռական նորմերը, ընտանեկան արժեքները, կրոնական հակվածությունները, աշխատանքի մոտիվացիան, մարդու եւ բնության հարաբերությունները, մարդկանց քաղաքացիական եւ քաղաքական ակտիվությունը՝ գրում է Ինգլհարթը: Փոխում է ո՞ր ուղղությամբ: Ըստ ամենայնի՝ դրական: Այսինքն, ըստ էության, մենք գործ ունենք նույն՝ «միագիծ» զարգացման մասին պատկերացման հետ: Ամերիկացի գիտնականը նշում է. «Մի ուղղությունը գնում է դեպի հումանիզացիա եւ մարդկային զարգացում, մյուս ուղղությունը՝ դեպի ավտորիտարիզմ եւ այլատյացություն»:

Սակայն, 21-րդ դարում մի շարք երկրների օրինակը ցույց է տալիս, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Մասնավորապես, պարզ է դարձել, որ արդար եւ պարբերաբար անցկացվող ընտրությունները, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները հարգելու ձգտումը ինքնին չեն ապահովում ոչ պետության կայունությունը, ոչ էլ տնտեսական պատշաճ զարգացումը: Իհարկե, Հայաստանն այդ առումով չափազանց հեռու է իդեալից, բայց գոնե ձեւական առումով այդ ամենը մեզ մոտ գոյություն ունի: Չէի ասի, որ դա մեզ՝ հայաստանցիներիս, լիակատար երջանկություն է պարգեւում: Մյուս կողմից, ասենք, Չինաստանում այդ ամենը չկա, եւ այդ երկիրն այսօր աշխարհի 2-րդ տնտեսությունն է:

Չինացի փիլիսոփա Ժաո Տինգյանգը նշում է, որ ազատական ժողովրդավարությունը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին: Այն վերածվել է «պուբլիկրատիայի», որն իրենից ներկայացնում է «կոլեկտիվ իռացիոնալիզմ», ըստ էության, չինացի մտածողի կարծիքով, մենք գործ ունենք «կարծիքների շուկայի», ոչ թե ժողովրդի կամքի հետ:

«Առայսօր,- գրում է Ժաո Տինգյանգը,- չկա միասնական աշխարհակարգ: Արեւմուտքը փորձում է այն ստեղծել՝ իր արժեքներից ելնելով, բայց հիմա այն լինելու է համացանցի ստանդարտներով՝ ապակենտրոնացված: Կլինի միասնականություն, բայց ոչ ոք չի հավակնի առաջնահերթության՝ իմաստային, քաղաքական, մշակութային»: Այդ համակարգը փիլիսոփան անվանում է «տյան սյա», որը կարելի է թարգմանել «ամեն ինչ երկնքի տակ»: Այսինքն, ավելի պարզ ասած, ոչ ոք ոչ մեկին կյանք չի սովորեցնելու:

Հայաստանը, իհարկե, երբեք Չինաստան չի դառնա: Եվ մեր նպատակը, իմ կարծիքով, պետք է լինի ժողովրդավարությունը: Պարզապես, ինձ թվում է, որ ոչինչ պետք չէ բացարձակացնել, նպատակը չի կարելի ինքնանպատակ սարքել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031