Լրահոս
Օրվա լրահոսը

Պերճ Քարազյանը ԱՄՆ-ում շարունակում է եկեղեցական հանդիսությունների գործունեությունը

Հուլիս 07,2022 12:30

Հարցազրույց ճանաչված օպերային տենորի հետ

– Հարգարժան Պերճ, շուրջ մեկ տարի առաջ ձեզ հետ հարցազրույցում («Առավոտ», 16.07.2021թ.), երբ կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե ինչպես ձեզ ներկայացնենք՝ ամերիկաբնա՞կ, թե՞ այլ կերպ, քանի որ պտտվում էին խոսակցություններ, որ մոտ 15 տարի Երեւանի օպերային թատրոնում գործունեություն ծավալած տենորը գլխավոր դերերգերով ընդգրկված է թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում եւ արդեն գործունեությունը շարունակում է ԱՄՆ-ում, դուք պատասխանել էիք, որ 2020թ. սկզբներին ԱՄՆ կատարած հերթական այցի ժամանակ, համաճարակի բռնկման պատճառով դադարել էր կապը աշխարհի հետ ու 2021-ի գարնանից եկեղեցական հանդիսությունների գործունեություն էիք ծավալել։

Տեղեկացրել էիք նաեւ, որ ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հրավերով U.S. Armenia TV-ում որպես հաղորդավար, հեղինակ եւ վարող սկիզբ եք դրել «Գոհարներ» հաղորդաշարին։ Հետո էլ հավելել էիք, որ բարձր արվեստի ներկայացուցիչները այն արվեստագետներն են, որոնք պատկանում են համաշխարհային արվեստին ու իրավամբ համարվում աշխարհաքաղաքացի։ Ասել էիք նաեւ, որ հնարավորության դեպքում կվերադառնաք ու կշարունակեք ձեր ծառայությունը մատուցել հայ արվեստին ու հանդիսատեսին։ Անցյալ տարի եկաք ու բեմ բարձրացաք Սարոյի դերերգով, նախօրեին էլ մաեստրո Դուրգարյանի ղեկավարությամբ մասնակցեցիք Տիգրանյանի «Անուշ» ներկայացմանը, դարձյալ Սարոյի դերերգով…

– Ստացվեց այնպես, որ դարձյալ մեկ տարի հետո վերադարձա ու կրկին Սարոյի դերերգով հանդես եկա։ Կրկնում եմ՝ որեւէ առիթ բաց չեմ թողնի Հայաստանում բեմ բարձրանալու համար, ինչը միայն իմ նախաձեռնությամբ չի կարող իրականանալ։ Չկարծեք, թե հրավերի եմ սպասում, այլ համագործակցության ցանկության ու նվազագույն պայմանների, որոնց առկայության դեպքում մեծ սիրով պատրաստ եմ բեմ բարձրանալ հայրենիքում։

Սարոյի կերպարում

– Իսկ այս այցին ձեր նշած «նվազագույն պայմանները» առկա՞ են։

– Այս անգամ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ցանկությունն էր՝ որպես երկար տարիների մի մասնիկ այս կոլեկտիվի, վերջինիս հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ ներկա գտնվեմ։ Հոբելյանական երեկոյին որպես մեներգիչ մեծանուն մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ մասնակցեցի Վերդիի «Ազգերի հիմնը» ստեղծագործության մեկնաբանմանը։ Տեսեք՝ այս ստեղծագործությունում հանճարեղ Վերդին դեռ երկու դար առաջ անդրադարձել է միասնական Եվրոպայի գաղափարին, որտեղ մեներգիչը կատարում է Իտալիայի հիմնը, երգչախումբը՝ Մեծ Բրիտանիայինը, իսկ նվագախումբը՝ Ֆրանսիայի օրհներգը։ Ու պատկերացնո՞ւմ եք՝ երեք հիմների համադրությունը հնչում է միաժամանակ…

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հոբելյանական համերգի ժամանակ

Իսկ այցիս երկրորդ առիթը օպերային թատրոնի կողմից Դոնիցետիի «Պողիկտոս» օպերայի վերականգնումն է, եւ շնորհակալ եմ թատրոնի տնօրինությանը, որ նպատակահարմար են գտել Պողիկտոսի դերերգը ինձ վստահել։

– Նախորդ հարցազրույցում ասել էիք, որ ԱՄՆ մեկնելուն պես Նյու Յորքի օպերայում մասնակցելու եք վարպետության դասընթացների…

– Այո, մասնակցել եմ այդ դասընթացներին, ինչը արդյունք էր Սան Ֆրանցիսկոյում «Նյու Յորք օպերա» կազմակերպության հայտարարած լսումների։ Այդ լսումների նպատակը մեկն էր. պանդեմիայից հետո, երբ աշխարհը արթնանա խոր քնից, օպերային թատրոնները իրազեկ լինեն, թե ինչ երգիչներ կան։ Ես էլ մասնակցել էի ու արժանացել հիշյալ կազմակերպության տնօրեն Էրիկ Մարջիորեի բարձր գնահատականին։ Հետո արդեն ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանը հանդես եկավ նոր առաջարկով՝ «Սուրբ ծնունդ» խորագրով դեկտեմբերի 25-ին, Գլենդելի Աստվածածին եկեղեցում նվագախմբի ու մեներգիչների մասնակցությամբ, իմ ղեկավարությամբ իրականացնել մեծ համերգ, բացառապես հայ երաժիշտների մասնակցությամբ։ Թույլ տվեք հավաստիացնել, որ այն արժանացավ ոչ միայն առաջնորդ սրբազանի, այլեւ հանդիսատեսի բարձր գնահատանքին։ Ծրագրում ընդգրկել էի հայկական ավանդական երաժշտությունից մինչեւ Կոմիտաս ու արեւմտաեվրոպական հոգեւոր երաժշտություն, նաեւ սպիրիչուելներ։ Կրկնում եմ՝ նվագախմբում հայ երաժիշտներն էին, իսկ որպես մենակատարներ հանդես եկան ժամանակին Հայաստանում գործունեություն ծավալած եւ ճանաչում ձեռք բերած սոպրանոներ Անահիտ Ներսիսյանը, Քրիստինա Դավլաթյանը, Հեղինե Ասատրյանը, բաս Վահագն Հովենցը եւ ես։

Գլենդելի Աստվածածին եկեղեցում

Այդ համերգին հաջորդեց Արամ Առաջին վեհափառի ծննդյան 75-ամյակին նվիրված հանրահայտ «Կիլիկիա» եւ «Ի վեհ պարծանց» ստեղծագործությունների համադրությամբ եզակի տեսահոլովակի ստեղծումը եւ, իհարկե, գալա համերգ ապրիլի 24-ին՝ Գլենդելի նշյալ եկեղեցում, որին ներկա էր ավելի քան 1000 հանդիսական։ Սա նախադեպ էր Գլենդելի հայ համայնքի պատմության մեջ։ Պետք է շեշտեմ, որ հանդիսատեսի նման թվով ներկայությունը խոսում է նրա՝ որպես պրոֆեսիոնալ ունկնդրի եւ բարձր արվեստի նկատմամբ կարոտի մասին։

Այս աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, ձեռնամուխ եմ լինելու երեք համերգ իրականացնելու՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Դրանց հրավերը ստացել եմ մեր մյուս եկեղեցիների կողմից։

– Փաստորեն, ԱՄՆ-ում սկսել եւ շարունակում եք եկեղեցական հանդիսությունների գործունեություն։ Հետաքրքիր է՝ կապի մե՞ջ եք Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, քանի որ նախորդ հարցազրույցում նշել էիք, թե Օրբելյանն է առաջարկել ձեզ մասնակցել Սան Ֆրանցիսկոյում «Նյու Յորք օպերա» կազմակերպության հայտարարած լսումներին։ Միգուցե նա յուրատեսակ ագենտի դե՞ր է կատարում ձեզ համար։

– Իմ եւ մաեստրո Օրբելյանի միջեւ կապը եղել եւ շարունակվում է, ինչը խոսում է նրա սրտացավության մասին՝ հանդեպ հայ մշակույթը եւ հայ կատարողները։ Նա մշտապես ջանում է ինչ-որ կերպ աջակցել, օգտակար լինել իր ազգի երաժիշտներին։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031