Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրանտը ՌԴ-ից կարտաքսվի՝ եթե չհաշվառվի այն հասցեում, որտեղ ապրում է, բուժզննում չանցնի ու մատնահետք չտա. ՌԴ միգրացիոն նոր պահանջները

Հուլիս 07,2022 16:33

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործած միգրանտը, եթե նույնիսկ մուտքի պահից սկսած՝ 30-օրյա ժամկետում ունենա աշխատանքային պայմանագիր եւ կանգնի միգրացիոն հաշվառման, բայց 30-օրյա ժամկետում չանցնի բուժզննում եւ մատնահետք չհանձնի, նրա միգրացիոն հաշվառումը կչեղարկվի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը: Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերը պետք է ներկայացնի տարածքային միգրացիոն ծառայություն՝ հակառակ դեպքում միգրանտը շատ արագ կդառնա անօրինական. «Այսինքն՝ արագ կվաստակի մուտքի արգելք՝ այս դեպքում 5 տարուց սկսած»:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ են մտել միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, համաձայն որոնց՝ բոլոր օտարերկրացիները, Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց հետո, 30-օրյա ժամկետում պարտավոր են անցնել բուժզննում, տալ մատնահետք, որը կնույնականացվի նրանց լուսանկարի հետ, եւ միայն դրանից հետո կարող է երկարացվել միգրանտի միգրացիոն հաշվառումը:

Ըստ Տաթեւիկ Բեժանյանի, այս օրենքը՝ նախեւառաջ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, որովհետեւ ոչ ԵԱՏՄ անդամ քաղաքացիները մինչ այդ էլ անցնում էին այդ բուժզննումը:

 

Ռուսաստանում միգրանտներին իրավական խորհրդատվություն տրամադրող «Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկի խոսքով՝ շատ միգրանտներ տեղեկացված են այս նոր փոփոխությունների մասին, բայց հարցն այն է, որ այդ պահանջներին վերաբերում են շատ թեթեւամտորեն. «Շատերը մտածում են, որ բուժզննումը եւ մատնահետքի հանձնումը իրենց չի վերաբերում, մտածում են, եթե երկար տարիներ ՌԴ-ում աշխատում են, ուրեմն ՌԴ-ից կարճաժամկետ ելքերը՝ Նոր տարուն իրենց տուն, այդ ամենի վրա չի ազդում, միանշանակ ազդում են: Շատերը 30-օրվա ընթացքում չեն անցնում բուժզննումն ու մատնահետքը, ոմանք հիշում են, որ դա պետք է անել 30-րդ օրը, որն արդեն ուշ է, քանի որ բուժզննման անալիզները տեւում են նվազագույնը 4 օր եւ պետք է ոչ միայն հանձնել այդ անալիզները, այլեւ դրանք տրամադրել միգրացիոն հարցերով բաժնին, որտեղ գրանցված են: Ոմանք մինչեւ 30-րդ օրը չեն գրանցվում»:

Վալենտինա Չուպիկը հույս հայտնեց, որ այդ անլուրջ մոտեցումը կփոխվի, քանի որ հիմա Ներքին գործերի նախարարությունն ակտիվ չեղարկում է այդպիսի քաղաքացիների գրանցումը եւ դնում են մուտքի արգելք. «Երբ դա կհասնի այնպիսի մասշտաբների, երբ ամեն մի միգրանտ կունենա մի ծանոթ, որն ընկել է այդպիսի պատժամիջոցների տակ, միանգամից այդ վերաբերմունքը կփոխվի»:

 

Տաթեւիկ Բեժանյանի խոսքով, բուժզննման փաստաթուղթը ուժի մեջ է մեկ տարի, բայց այն տարածքում՝ որտեղ նրանք ստացել են այդ փաստաթուղթը. «Եթե, նույնիսկ, այդ տարածքը լքեն գան Հայաստան եւ վերադառնան նույն տարածաշրջան, ապա այդ փաստաթուղթը ուժի մեջ է, բայց, եթե տարածաշրջանը փոխեն, պետք է կրկին անցնեն բուժզննում: Իսկ մատնահետքը կապ չունի՝ որտեղ են հանձնում, նրանց տրվում է պլաստիկ քարտ, որը տրամադրվում է 10 տարի ժամկետով:

Ըստ Վալենտինա Չուպիկի, սահմանին միգրանտներին այս փոփոխությունների վերաբերյալ որեւէ տեղեկություններ չեն տրամադրում եւ իրազեկման աշխատանքները հիմնականում իրենց վրա են վերցնում ՀԿ-ները, լրատվամիջոցները: Նրա խոսքով, վերջին շրջանում, ամեն օր իրենց կազմակերպությանը դիմում են մեծ քանակությամբ միգրանտներ, որոնց անօրինական արտաքսել են ՌԴ-ից, իսկ օրինական արտաքսվածներն էլ հազարավոր են:

Նա խորհուրդ տվեց միգրացիոն հաշվառումը կատարել այն հասցեում, որտեղ փաստացի բնակվում են, եւ, եթե այդպես չվարվեն՝ կարտաքսվեն երկրից կամ կենթարկվեն քրեական պատասխանատվության: «Պարտադիր պետք է անցնել բուժզննումն ու մատնահետքի հանձնումը, կնքել աշխատանքային պայմանագիր ոչ թե ժամանման 90-րդ օրը, այլ՝ այն ռեալ ժամկետում, երբ ընդունվել են աշխատանքի»:

Տաթեւիկ Բեժանյանը հավելեց, որ, եթե ընտանիքով են մեկնում ՌԴ, ապա երեխաները նույնպես պետք է միգրացիոն հաշվառման կանգնեն. «Զրո տարեկանից սկսած՝ բոլորը պետք է անցնեն բուժզննումը, իսկ 6 տարեկանից սկսած՝ հանձնում են մատնահետքը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031