Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սա ունի հայրենիքն ամբողջությամբ թշնամուն հանձնելու եւ պատերազմի օրակարգ». Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանի մասին

Հոկտեմբեր 09,2022 23:15

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այցին Պրահա եւ դրանից եկող վտանգներին: Մինչ այդ նա փաստեց, որ Հայաստանում բոլոր տոները սգի են վերածվել, չի նշվել Հայաստանի անկախության օրը, Բանակի կազմավորման տոնը, նաեւ Երեւանի տոնը: Նրա խոսքով, բացի Երեւանի քաղաքապետից, ոչ մի պաշտոնյա Երեւանի տոնի առիթով ուղերձներ չի հղել, Երեւանի ինքնակառավարմանը մասնակցած մարդիկ չեն շնորհավորել երեւանցիներին:

Այնուհետեւ Էդգար Ղազարյանն անդրադարձավ Փաշինյանի՝ Պրահայում կայացած հանդիպմանը, ձեռք բերված պայմանավորվածություններին, պարզաբանեց, թե ինչու է Փաշինյանին պատուհաս որակում: Նա հիշեցրեց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը՝ ասելով, որ ցանկացած ժամանակաշրջանում նման ելույթները կարող էին ցնցումներ առաջացնել: «Օրինակ՝ ասում է, որ Հայաստանը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բա եթե Հայաստանը ճանաչել է, այս 24 տարի ինչի՞ շուրջ են եղել բոլոր բանակցությունները»,- ապշելով նշեց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ միշտ Ալիեւն է հրաժարվել ստորագրել փաստաթղթեր: «Ասում է՝ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի փաստաթուղթ, բա մի հատ ցույց տուր էդ ինչ թուղթ է թողել… Կամ եթե դու ասել ես բանակցությունները սկսում ես քո զրոյական կետից, եթե թողել է, դու ի՞նչ գործ ունես ուրիշների թողածի հետ»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով տարբեր առիթներով Փաշինյանի հակասական ելույթները, որտեղ ասում էր՝ Արցախը պետք է լինի բանակցող կողմ, անկախ հանրապետություն եւ այլն:

Նա հիշեցրեց նախկին նախագահների ելույթներն ու հայտարարությունները տարբեր հարթակներից, որտեղ նման հարց երբեւէ չի եղել: «Միակ մարդը հայկական կողմից, որ ուզում է ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում՝ ինքն է, ու չնայած դրան, մանիպուլյատիվ ձեւով ուզում է իրավական հիմքերը վերացնել, կամ ասում է՝ Անկախության հռչակագիրը դադարեցրել է իր ուժը, ոչ ոք իրավունք չունի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը փոփոխի, հռչակագրի  12-րդ կետում ասվում է՝ «Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ` փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար», այսինքն  ՀՀ-ում բոլոր մարմինների գործունեությունը պետք է համապատասխանի հռչակագրի, ու որ պաշտոնյան չի համապատասխանում, ինքն է վերանում, ոչ թե հռչակագիրը: Բազմաթիվ նման հիմար թեզեր է հնչեցնում ԱԺ ամբիոնից եւ գնում է Պրահա բանակցելու այդ նույն  հարցերով»:

Էդգար Ղազարյանը ի թիվս այլնի փաստեց, որ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիեւի հետ՝ Շարլ Միշելի մասնակցությամբ, եւ այդ ընթացքում զրո հանդիպում ՌԴ նախագահ մասնակցությամբ. «Եթե Ալիեւի հետ խաղաղության օրակարգ էիր քննարկում, բանակցություններ էիր վարում, բա  երկօրյա աղետալի հետեւանքներով պատերազմը որտեղի՞ց առաջացավ: Սա ունի հայրենիքը ամբողջությամբ թշնամուն հանձնելու եւ պատերազմի օրակարգ: Եվ ամենեւին էլ իր լեզվի սայթաքումը չի, որ ասում է Հայաստանը պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս: Դա իր մեջ խորքային բաներ է պարունակում:

Նա գնացել է Պրահա Ադրբեջանի Հայաստան ներխուժումից քսաներկու օր հետո, Ադրբեջանին ոչ պատերազմ է հայտարարել, ոչ էլ ռազմական դրություն մտցրել Հայաստանում: Ու հավաստիացնում է, թե իբր ՀԱՊԿ-ին դիմել է ռազմական օգնության խնդրանքով… Եթե քո երկրում ռազմական դրություն չի հաստատվել, ոնց կարող է այլ երկիր ռազմական աջակցություն ցուցաբերել,եթե քո երկրում սովորական ռեժիմ է: Ընդ որում, Պրահա այցելությունից առաջ էլ  եղել է հրապարակային դժգոհություն ՀԱՊԿ-ից, հակառուսական տրամադրություններ, նաեւ իր թվիթերյան գրառումը եւ ելույթը, թե  պետք է սահմանին տեղակայվեն ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ դիտորդներ»:

Անդրադառնալով Պրահայում կայացավ գագաթաժողովին՝ Էդգար Ղազարյանը նշեց, որ  հիմնական թեման, որի շուրջ հավաքվել էին տարբեր երկրներ, եղել է ռուս-ուկրաինական պատերազմը, եւ այդ հակառուսական գագաթաժողովին, փաստորեն, մասնակցել է  ՀԱՊԿ-ը նախագահող երկիրը. «Ստացվում է՝ Հայաստանը գնացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կարևոր դերակատարմամբ հակառուսական մի միջոցառման, որտեղ երկու պաշտոնական հանդիպում է ունեցել, մեկը եղել է Էրդողանի հետ, մյուսը՝ քառակողմ հանդիպումն է: Ընդ որում, միջանցքում իրեն մի մարդ է մոտեցել, դա կառավարության կայքում դրել են իբրեւ պաշտոնական հանդիպումների մասին տեղեկատվություն: Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման տեսանյութը, որ դրված է կառավարության կայքում, ընդամենը 11 վայրկյան է տեւել, բայց տակը այնպիսի բաներ է գրված, որ եթե իրականում որեւէ քննարկում լիներ, մի կես ժամ կտեւեր: Ինքը կանգնած է եղել, էդ մարդը բարեւել անցել է, բայց դա ներկայացվում է որպես պաշտոնական հանդիպում»:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նաեւ Փաշինյանի ու Հունգարիայի վարչապետի հետ նման մի հանդիպմանն անդրադարձավ: Հիշեցրեց, որ դա նույն պաշտոնյան է, որ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին փոխանցել է  Ալիեւին՝  ֆինասական գործարքի արդյունքում՝ խախտելով Հայաստանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությունները. «Նիկոլ Փաշինյանը ջերմ զրույց է վարում 3 պետությունների ղեկավարիների հետ, որոնցից երկուսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեկի՝ Հունգարիայի հետ դադարեցվել է Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո: Եվ գիտեք, որն է զավեշտը, որ Չեխայի մեր հայրենակիցները բողոքի գործողություններ են կազմակերպում՝ Ադրբեջանին պատժելու պահանջով, իսկ մեր վարչապետը այդ նույն պահին Ադրբեջանի, Թուրքիայի, Հունգարիայի ղեկավարների հետ ջերմ զրույցի մեջ է: Եվ մի հետաքրքիր բան էլ՝ ոչ մի տեղ արձանագրված չէ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի ներկայությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31