Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղավոր ենք: Չենք կարողացել: Փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ստացել». Աղվան Վարդանյանը՝ ընդդիմության մասին

Հոկտեմբեր 10,2022 14:50

«Մեղավոր ենք: Չենք կարողացել: Փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ստացել, ուրեմն լավ չենք աշխատել: Հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք: Վստահ եղեք՝ չենք համակերպվելու, հեռացնելու ենք: Մեղադրեք մեզ, բայց նաեւ մտածեք՝ դո՞ւք ինչ եք արել: Մոռացեք, իշխանության հարց չկա, պետության, հայկական ինքնության, արժանապատվության հարց կա»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը,  իշխանություններին գնահատականներ տալուց հետո այսպես անցավ նաեւ ընդդիմության «մեղքերին»:

Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ նախկին նախագահների հանդիպմանը՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Իշխան Սաղաթելյանն առաջարկեց, վեհափառը, ի պատիվ իրեն, նախաձեռնեց: Ասել են՝ շարունակելու ենք: Սպասում ենք: Կաթողիկոսի խոսքը չի կարող անհետեւանք մնալ: Նույն կազմով հավաքվեք, ձեւակերպեք խնդիրը ճիշտ՝ «պետք է հեռանա», որ շանս ունենանք ուղերձով դիմել Հայաստանին, Արցախին, սփյուռքին՝ համախմբվեք»:

Հարցին՝ ո՞նց է պատկերացնում կաթողիկոսի հետ հանդիպումը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ Քոչարյանը վիժեցրել է այդ գործընթացը՝ Աղվան Վարդանյանն ի պատասխան հիշեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը նույն օրն էր, ինչ 25 տարի առաջ՝ 1997-ի սեպտեմբերի 26-ին. «Նույն ասուլիսի շարունակությունն էր»: Ըստ նրա, եպիսկոպոսները պետք է իրենց ձայնն ունենան, որովհետեւ սա մեր պետականության հարցն է ու եթե եկեղեցին իր դերը չստանձնի, ճիշտ չի լինի:

Նա նաեւ հրապարակեց ընդդիմության օրակարգը՝ անվտանգություն, բանակ, ներքին համախմբում, հավասարակշռված, արժանապատիվ արտաքին քաղաքականություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31