«Գործող աշխարհակարգի փլուզումը, առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» թեմայով քննարկմանը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ասաց, որ պետք է գիտակցել, որ ապրում ենք աննախադեպ ժամանակներում, որ աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է աննախադեպ ու անգամ Կարիբյան ճգնաժամի ժամանակ միջուկային զենքի կիրառման երկկողմանի բացեիբաց հայտարարություններ չկային, որովհետեւ այն ժամանակ խորամիտ, լուրջ, կրթված ղեկավարներ էին: «Իմ կարծիքով, մեր ժամանակների անեծքն այն է, որ ոչ կոմպետենտ, ծայրահեղ, կիսակրթված մարդիկ են ղեկավարում այս աշխարհը:
Սարսափելի սխալ էր այն մարդկանց կողմից, որոնք քանդեցին ընդհանուր անվտանգության համակարգի գաղափարը, քանդեցին ընդհանուր եվրոպական համակարգի գաղափարը, սկսեցին միակողմանի ձեւով ուժ օգտագործել Սերբիայում, միակողմանի ընդլայնել ՆԱՏՕ-ն Եվրոպայում: Ես անձամբ ճանաչում եմ նման որոշում կայացրած մարդկանց, անձամբ նրանց ասել եմ ու նրանք կտեսնեն իրենց սխալների հետեւանքները: Ես համաձայն եմ ամերիկացի այն վերլուծաբանների հետ, որոնք երկար ժամանակ բացատրում են, որ այս էսկալացիայի պատճառն այն է, որ Ռուսաստանին ստիպեցին այսպիսի ռեակցիա տալ»,- ասաց պարոն Խաչիկյանը, որը մեր տարածաշրջանի ահագնացած լարվածությունը դիտարկում է նաեւ Ռուսաստանին մեկուսացնելու ծրագրի համատեքստում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































