Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Հայաստանը որ հայտարարում է, թե արցախցիներին պաշտպանելու ռեսուրսներ չունի, հայտարարում է, որ չի պաշտպանում իր քաղաքացիների մի հատվածին, որոնք ունեն ՀՀ անձնագիր»

Հոկտեմբեր 10,2022 23:50

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» թեմայով քննարկմանը ասաց. «Այն, ինչ այսօր տեսնում ենք, նորություն չէ: Աշխարհը ժամանակ առ ժամանակ այս փուլն անցնում է: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձեւավորվել էր երկբեւեռ աշխարհը, որը շարունակվեց մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը: Այդ երկբեւեռ աշխարհում, իհարկե, լինում էին պատերազմներ, կոնֆլիկտներ, սակայն գլոբալ առումով այդ մոդելը պահպանվում էր: Խորհրդային կայսրության փլուզումից հետո աշխարհը դարձել էր միաբեւեռ, որին տիրում էր ԱՄՆ-ը: Ինչ-որ ժամանակ անց Ռուսաստանը փորձեց վերականգնել իր դիրքերը: Դրան միացան Չինաստանը եւ տարածաշրջանի մի շարք գերտերություններ: Մենք այսօր ականատես ենք, որ փորձ է կատարվում միաբեւեռ աշխարհը փոխարինել երկբեւեռ աշխարհով եւ դա սկսվել է:

Սա կավարտվի նրանով, որ ով վերջում ողջ կմնա, նա կնստի բանակցությունների սեղանին: Բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են բանակցություններով: Սա է գլոբալ իմաստով տեղի ունեցողը, թեեւ զուգահեռ լուծվում են նաեւ այլ խնդիրներ: Մասնավորապես, եղել են կայսրություններ, որոնք ցանկանում են վերականգնել իրենց կայսերական ամբիցիաները, մասնավորապես, Իրանը, Բրիտանիան, Օսմանյան կայսրությունը: Ռուսաստանը ինչ-որ առումով մնացել էր կայսրություն:

Դրանք պրոյեկտներ են, որոնց արդյունքում փոխվելու են սահմանները, ձեւավորվելու են լրիվ նոր սահմաններ, լրիվ նոր դաշինքներ, լրիվ նոր մոդելներ: Մենք այս գործընթացի ականատեսն ենք թե Ուկրաինայում, թե մեր տարածաշրջանում: Ամենայն հավանականությամբ դրա ականատեսը կլինենք նաեւ այլ տարածաշրջաններում:

Մոտ 10-15 տարի առաջ ես զգուշացնում էի, որ այս օրերը գալու են եւ ով պատրաստ կլինի, առավելագույնս կարող է շահել` ընդլայնել սահմաններ, ձեռք բերել զարգացման նոր հեռանկարներ, իսկ ովքեր պատրաստ չեն լինի, կտուժեն: Ցավոք, Հայաստանը այս իրավիճակին մոտեցավ վատագույն վիճակում,,-ասաց պարոն Կիվիրյանը:

Խոսելով այս բարդ աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին`բանախոսն ասաց. «Հենց տեղի է ունենում աշխարհակարգի վերափոխում, ըստ դրա, ձեւավորվում են ճամբարներ եւ ամեն մեկը, առավել եւս գերտերություններից ցածր կանգնած երկրները, փորձում են տեղավորվել այդ սահմաններում: Այսօր Իրանը միակ պետությունը դարձավ, որը Ռուսաստանին ցուցաբերեց ռազմական օգնություն: Այսինքն, Իրանը հստակ կատարեց իր ընտրությունը, որից հետո հետդարձը կամ անցումը այլ ճամբար, գրեթե բացառվում է: Ընդ որում, Իրանի ցուցաբերած օգնությունը փակում է Ռուսաստանի բացերը, որը ունի ռազմական առումով: Մասնավորապես, խոսքը հարվածային եւ հետախուզական դրոնների մասին է: Իրանը ոչ միայն փակեց այդ բացը, այլ նաեւ պատրաստեց մասնագետներ:

Իսկ Հայաստանը այս պարագայում փորձում է դիրքավորվել ոչ թե իր հիմնական դաշնակից Ռուսաստանի ճամբարում, այլ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ հակառակը, Հայաստանը փորձում է դիրքավորվել հակառուսական, դրանով իսկ, հակաիրանական ճամբարում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս պահին դեռ առաջին քայլերն են այդ ուղղությամբ եւ ամեն պահի դա կարող է խորանալ:

Մենք գիտենք, որ այս պահին սեղանին դրված է հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման երկու փաթեթ: Ռուսականը, մասնավորապես, նախատեսում է արցախյան հարցի սառեցում եւ մնացած հարցերի աստիճանական լուծում: Կա նաեւ արեւմտյան փաթեթը, որը նախատեսում է բոլոր հարցերի փաթեթային լուծում, ինչը այն է, ինչը հայտարարեցին Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը: Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի սահմաններ ընդունում է 29,8 հազար քկմ-ն, իսկ նրա թիմից հայտարարեցին, որ Հայաստանը այլեւս Արցախը պահելու ռեսուրս չունի: Այդ պարագայում էլ Իլհամ Ալիեւը բացեիբաց հայտարարեց, որ այնտեղ ապրում են Ադրբեջանի քաղաքացիներ եւ թե Ադրբեջանի քաղաքացիների հետ երբ, ոնց եւ ինչ կխոսեն, դա իրենց ներքին հարցն է:

Այսինքն, ակնհայտ երեւում է, որ փաթեթային լուծումը Արցախը Ադրբեջանի քմահաճույքին հանձնելու տարբերակն է: Ընդ որում, Արցախում չեն ապրում Ադրբեջանի քաղաքացիներ: Արցախում ապրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը հենց հայտարարում է, որ ռեսուրսներ չունի, հայտարարում է, որ ռեսուրսներ չունի պաշտպանելու իր քաղաքացիների մի հատվածին, որոնք ունեն ՀՀ անձնագիր եւ ըստ անձնագրի, իրենց վրա է տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության անձրեւանոցը: Սակայն այս իշխանություն նրանց ասում է, որ դուրս գան այդ անձրեւանոցի տակից: Ու ոչ ոք էլ Ալիեւին չի բացատրում, որ արցախցիները  ոչ միայն Ադրբեջանի քաղաքացի չեն վաղուցվանից, այլեւ չեն էլ եղել:

Այստեղից էլ, երբ Իրանն իրեն տեսնում է Ռուսաստանի ճամբարում, Հայաստանը փորձում է ամեն գնով դուրս գալ: Եվ խնդիրը ոչ թե ռուսական, այլ ռուս-իրանական ճամբարից դուրս գալն է`բոլոր հետեւանքներով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31