Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մենք Ամանորի ենք պատրաստվում, տոնածառ դնում, լույս վառում, Եվրատեսիլ անում, բայց թշնամին մեզ վրա կրակում է»․ Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 09,2022 23:10

«Մենք Ամանորի ենք պատրաստվում, տոնածառ ենք դնում, լույս վառում, Եվրատեսիլ անում, բայց թշնամին մեզ վրա կրակում է, մեր գերիներին տանջում է, մեր պետության մայրաքաղաքի վրա արդեն կոնկրետ նկրտումներ ունի, մտել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ մենք գլուխներս մտցրել ենք հողի մեջ և ջայլամի նման ասում ենք՝ խաղաղության դարաշրջան»,- «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա, որպես պատմաբան, հիշեցրեց, թե ինչու էին կործանվել հայկական թագավորությունները․ «Արտաշեսյանները կործանվեցին, որովհետև տխրահռչակ Էռատոն հրաժարվեց գահից, Արշակունիների թագավորությունը կործանվեց, որովհետև հայ իշխանները Սահակ Պարթև կաթողիկոսին չլսեցին, գնացին իրենց շահի հետևից դեպի պարսից շահեր։ Բագրատունիները կործանվեցին, որովհետև Սմբատ թագավորը Հայաստանը կտակեց Բյուզանդիային, Կիլիկյան Հայաստանը կործանվեց, քանի որ 1375-ին բաժանվեցինք ունիտարների-հակաունիտարների․ նույն սևերն ու սպիտակներն էին։ 1920-ին էլ կործանվեց, որովհետև բոլշևիկ ու դաշնակ էին խաղում։ Նույնն էլ հիմա է։ Քիչ մարդ կա, որ գիտակցում է, թե ինչ է կատարվում։ Իրականում տեղի է ունենում ՀՀ-ի տոտալ գահավիժում։ ՀՀ երրորդ հանրապետությունն այլևս գոյություն չունի․ կարող է՝ թղթի վրա գոյություն ունի այն, բայց իրականում գոյություն չունի, քանի որ այն, ինչի համար ստեղծվել է այդ հանրապետությունը, չկա»։

Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ քաղաքական ուժերը պետք է ՀՀ-ի տեսլականի առաջարկ ներկայացնեն։ Այնուհետև ահազանգեց․ «Մենք ցեղասպանության եզրին ենք կանգնած։ Աստված մի արասցե, տեղեկություն էլ ունեմ, եթե Ուկրաինայում Ռուսաստանը ձախողվեց, կտեսնեք, թե Թուրքիան ու Ադրբեջանն այստեղ ինչ են անելու։ ԵՄ-ն չի կարողանում Թուրքիային վռնդել իր իսկ տարածքից՝ Հունաստանից, պետք է գա, կանգնի մեր կողքի՞ն։ Չգիտեմ՝ պատերազմի առաջ ենք կանգնած, թե՝ ոչ, բայց կանգնած ենք կործանման առաջ»։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը նշեց․ «Այս ամենը կազմակերպված է 1990-ականների վերջից մինչև 2018-ը։ ՀՀ-ում՝ հետխորհրդային տարածքում մինչ այսօր գործում է այսպես կոչված փափուկ ուժի՝ հիմնական ազդեցության կենտրոնների, մարդկանց վրա ազդելու մեխանիզմը։ Մարդիկ մեղք չունեն, քանի որ դա հոգեբանական տեռորի, տեղեկատվական տեռորի հետևանք է։ Դա հիմքն է այն ամենի, ինչ մեզ մոտ կատարվում է»։

Ըստ Արման Աբովյանի՝ «ամենակարեւոր իլյուզիան այն է, որ մենք՝ բոլորս հրաժարվում ենք, չենք կարողանում դուրս գալ գծված շրջանակներից՝ զերծ մնալով այդ տեղեկատվական տեռորից ձևավորել միջավայր։ Չի ստացվում, քանի որ հասարակության մեջ գցվում էր այն ֆեյքը, որ ՀՀ խնդիրների մեղավորն է Ղարաբաղը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031