Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Անշուշտ, չի կարելի ասել, որ չի լինի պատերազմ, ինչպես չի կարելի ասել, որ անկասկած պատերազմ կլինի»

Դեկտեմբեր 12,2022 18:35 Share

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Տեսակետ» ակումբում խոսելով տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես, պատերազմի հավանականության մասին՝ ասաց. «Անշուշտ, ոչ ոք չի կարող ասել, որ չի լինի պատերազմ: Այսպես կոչված խաղաղության դարաշրջանից խոսողն ասում է. կարող է պայմանագիր ստորագրենք եւ հաջորդ օրը պատերազմ սկսվի: Դա հիմնականում կախված է Ադրբեջանի եւ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունից: Երկուսն էլ տարբեր պատճառներով ուզում են իրավիճակը փոխել: Իրականում եւ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո եւ հատկապես հիմա՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով, տարածաշրջանում անորոշությունները շատ են: Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են օգտվել այդ առիթից: Այդ պատճառով չի կարելի ասել, որ բացառված է պատերազմը: Չի կարելի ասել նաեւ, որ անկասկած կլինի պատերազմ:

Թուրքիան եւ Ադրբեջանը մի քիչ տարբեր դրդապատճառներ ունեն, թե ինչու պետք է պատերազմի գնալ: Բայց հաշվի առնելով իրենց այդ տարբերությունները, ինչ-որ տեղ կարող է նաեւ դրանք պատճառ դառնան, որպեսզի չլինի պատերազմ: Օրինակ, Թուրքիայում ընդամենը 6-7 ամսից ընտրություններ են: Էրդողանը միշտ փորձել է ստեղծել այնպիսի իրավիճակներ, որպեսզի ինքը ավելի գեներացնի իրենց հասարակությունը, եւ պատերազմը հնարավորություններից մեկը կարող է լինել: Բայց մյուս կողմից նաեւ բավական մեծ ճնշում կարող է լինել Թուրքիայի վրա, որ ոչ միայն ինքը չձեռնարկի ինչ-որ բան, այլ նաեւ իր հնարավորությունն օգտագործի՝ Ադրբեջանին թույլ չտալու ինչ-որ քայլ ձեռնարկել:

Բայց մենք տեսնում ենք, որ այդ երկու պետությունների հատկապես ռազմական ղեկավարությունը արդեն համարյա դարձել կամ դառնում է մեկ: Դա եւս ինչ-որ տեղ մտահոգվելու հիմք է տալիս: Եվ մենք մեր աշխատանքները պետք է ըստ այդմ կենտրոնացնենք: Այսինքն, եթե Թուրքիան է լինելու բանալին, որ Ադրբեջանը կգնա մեծ պատերազմի կամ ոչ, նաեւ պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Այսինքն, Թուրքիային փորձենք զսպել:  Թուրքիային ցանկության դեպքում կարելի է, որ զսպեն, օրինակ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը: Դա մենք տեսել ենք Սիրիայում»:

Կիրո Մանոյանը այսօրվա տարածաշրջանային անորոշության շարժառիթներից համարում է Իրանին թուլացնելու ցանկությունը՝ օգտվելով այնտեղի ներքին իրադարձություններից եվ տեղ-տեղ քաջալերելով դրանք: «Իրանն այդ շրջանակների համար եւս կարեւոր թիրախ է: Թուրքիան, Ադրբեջանը եւ Արեւմուտքն այդպես փորձում են ստեղծել մի իրավիճակ, որ Իրանի ազդեցությունը թուլանա: Բայց միշտ չէ, որ այդ հաշվարկները ճիշտ են լինում: Օրինակ, Իրաքում հենց Արեւմուտքի ներխուժումը պատճառ եղավ, որպեսզի Իրանի ազդեցությունը Իրաքում  շատ ավելի մեծանա, քան էր մինչեւ ներխուժումը: Սակայն դա չի նշանակում, որ այդ ուժերը չեն գիտակցում, որ իրենք ճիշտ չէին: Խնդիր է՝ Իրանը կկարողանա՞ ներքին եւ արտաքին ճնշումներին դիմագրավել այնպես, որպեսզի կարողանա մեկ տարածքային ամբողջականությունը պահպանող պետություն դուրս գալ: Հազարավոր տարիներ կարողացել են: Եվ մենք այստեղ էլ մեր աշխատանքը վերադասավորելու անհրաժեշտություն ունենք, ինչը ես այս իշխանությունով չեմ տեսնում»,-ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031