Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Աշխարհի մեր չեմպիոնները մարզումների արանքում տաքսի են վարում կամ շինարարությունում աշխատում»

Դեկտեմբեր 15,2022 13:08

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում կայացրեց կրկնապատկել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում 1-3 տեղերը նվաճած մարզիկներին եւ նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարը։

Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այս տարի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք, դեկտեմբերի 6-ի դրությամբ ունենք 298 մեդալ, որից՝ 103-ը՝ ոսկի, 69-ը՝ արծաթ, 126-ը՝ բրոնզ, իսկ այս պահին արդեն հատել ենք 300-ի շեմը։

Նախագծով առաջարկվում է կրկնապատկել «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի (նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձեւերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին եւ բժիշկներին տրվող դրամական մրցանակների չափերը, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի (նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ եւ շախմատ մարզաձեւերի) աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ ցուցաբերած մրցանակակիրներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին եւ բժիշկներին հասանելիք գումարը։

Ըստ այդմ՝ աշխարհի առաջնություններում 1-3րդ տեղերը զբաղեցնող մարզիկները կստանան համապատասխանաբար 5 մլն, 3,5 մլն, 2 մլն դրամ գումարի փոխարեն կստանան 10 մլն, 7 մլն եւ 4 մլն դրամ։ Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները եւ մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները կստանան 5 մլն, 3,5 մլն, 2 մլն դրամ, երկրորդ մարզիչները՝ 1 մլն , 1,4 մլն եւ 800 հազար դրամ։

Եվրոպայի առաջնություններում 1-3 տեղը զբաղեցրած մարզիկներին հատկացվող գումարը նույնպես կկրկնապատկվի՝ 6 մլն, 3,6 մլն եւ 1,4 մլն դրամ, մարզիչների գումարները եւս կկրկնապատկվի։ Նշված գումարը ներառում է հարկերն ու տուրքերը։ Այս նպատակի համար կհատկացվի 707 մլն 630 հազար դրամ: Ըստ նախարարի, ծրագրի շահառուները 170-ն են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարի սպորտի ոլորտում գրանցած հաջողությունները կառավարության քաղաքականության արդյունքն են։

«Որոշման արդյունքում նույն մարզիկը տարվա ընթացքում կարող է ստանալ 15 միլիոն դրամ՝ գումարած ամեն ամիս 1 միլիոն դրամ՝ պետության կողմից, որը լիարժեք բավարար է, որ նա կենտրոնանա սպորտի վրա, այլ ոչ թե ստիպված լինի մարզումների արանքում տաքսի քշել կամ այլ աշխատանքով զբաղվել։ Ես էս վերջերս զարմանքով իմացա, որ նման դեպքեր կան՝ մեր աշխարհի չեմպիոններն, օրինակ` մարզումների արանքում կարող են տաքսի վարել կամ շինարարությունում աշխատել, որպեսզի կարողանան ընտանիքի կարիքները հոգալ»։

Փաշինյանն ասաց, որ պետք է մտածել, թե ինչպես աջակցել հայկական ֆուտբոլին, որպեսզի մեր թիմը եւս դառնա չեմպիոն․ «Մենք մեր ռազմավարության մեջ խնդիր ենք դրել, որ մինչեւ 2050 թվականը մերոնք պետք է դառնան Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031