Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակե՞լ, թե՞ չհրապարակել դատական ակտը

Դեկտեմբեր 23,2022 14:00

Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքում դեկտեմբերի 6-ին տեղադրվեց դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը: Նա ստացել էր նկատողություն: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ նկատողության շարժառիթը եղել էր հայցվորի այն պնդումը, թե «դատավորը վճիռը չի հրապարակել, չի տրամադրել վճռի թղթային տարբերակը, չի հրապարակել «Դատալեքս» տեղեկատվական համակարգում»: Հետագայում պարզվել էր, որ ուշացած է տեղադրվել դատարանների պաշտոնական կայքում…

Այս պատմությունը հիշեցրեց մեկ այլ դատավորի նկատմամբ նույն նախարարության միջնորդության մասին, որը ԲԴԽ-ն չբավարարեց: Դատավոր Դ.Դանիելյանին առաջադրված «մեղադրանքը» այն էր, որ դատավորը մինչեւ դատական ակտը հայտարարելը, ստացել է թագավարակով հիվանդացած լինելու մասին թեստի պատասխանը եւ ինքնամեկուսացել էր, չէր հրապարակել դատական ակտը: Դատավորը, առողջական վիճակից ելնելով, ոչ ֆիզիկապես, ոչ էլ իրավաբանորեն իրավունք (հնարավորություն) չուներ դուրս գալու ինքնամեկուսացումից եւ վատառողջ վիճակում մասնակցելու դատական նիստին եւ հրապարակելու դատական ակտը։ ԲԴԽ նիստի ժամանակ դատավորի ներկայացուցիչ Արթուր Ղամբարյանը դատական ակտի հրապարակման մասին գիտական ուսումնասիրության մակարդակի բացատրություն ներկայացրեց, որը նաեւ այսօրեական է, քանի դեռ շարունակվում են դատավորներին մեղադրել դատական ակտը պատշաճ չհրապարակելու համար: Ըստ ներկայացուցչի բացատրության. «Նախարարությունն ըստ էության ինքնամեկուսացված վիճակում գտնվող դատավորին մեղսագրում է դատական նիստում դատական ակտն անձամբ չհայտարարելու խախտում, այսինքն՝ դատավորի վրա դնում է մի պարտականություն, որի կատարումը փաստացի եւ իրավաբանական առումով անհնարին է»: Արդյո՞ք չհրապարակելուց հեղինակազրկվում է դատական իշխանությունը, արդյո՞ք դատարանը պարտավոր է հրապարակել, ինչպիսին է միջազգային պրակտիկայում այս հարցի լուծումը: «Առավոտը» ձեզ է ներկայացնում մի հատված դատավոր Դանիել Դանիելյանի ներկայացուցիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի բացատրությունից:

Դատական ակտը դատական կազմի այլ դատավորի կողմից հայտարարելը օբյեկտիվորեն չի կարող համարվել դատական իշխանության հեղինակազրկում

Նախարարությունն այս մարմնին դիմելու որոշման իրավական հիմքերում վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որում սահմանված է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Թեեւ սահմանադրական այս նորմը վերաբերելի է պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ լիազորություններին եւ չի ընդգրկում պաշտոնատար անձանց տեխնիկական կամ արարողակարգային բնույթների գործողությունները, սակայն՝ նախարարությունը իր որոշման մեջ վկայակոչել է Սահմանադրության այս դրույթը։ Դա նշանակում է, որ նախարարությունը պետք է ցույց տար, թե որն է այն դատավարական-լիազորող նորմը, որը հստակ եւ ուղղակի սահմանում է, որ դատական ակտը ընթերցելու լիազորության կրողը բացառապես նիստը նախագահողն է։ Ցանկանում եմ հստակ ու միանշանակ հայտնել, որ ՀՀ վարչ. դատ. օր-ի 99-րդ հոդվածում կամ օրենսգրքի որեւէ այլ դրույթում սահմանված չէ դրույթ, որն ուղղակիորեն կսահմաներ, որ դատական ակտը նիստում հայտարարելու տեխնիկական բնույթի գործողությունը պետք է կատարի բացառապես նիստը նախագահողը։ Օրինակ, համեմատության համար նշենք, որ այլ դատավարական օրենսգրքերում օրենսդիրը ուղղակի եւ միանշանակ սահմանել է, որ դատական ակտը հրապարակում է նախագահողը, օրինակ՝ ՀՀ քր. դատ. օր-ի 373-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ, եւ նախագահողը հրապարակում է դատավճիռը:

Նախարարությունն ըստ էության ընդունում է, որ օրենքով՝ բացառապես նախագահողի կողմից դատական ակտը հայտարարելու պարտականություն նախատեսված չէ, նման գործողությունը նա բխեցնում է ՀՀ վարչ. դատ. օր-ի 99-րդ հոդվածի 3-րդ մասից: ՀՀ վարչ. դատ. օր-ի 114-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է. «Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո»։ Օրենքը նշում է դատական ակտը հրապարակվելու մասին, առանց հստակեցնելու, թե դատական կազմի ո՞ր դատավորը դա պետք է այդ տեխնիկական գործողությունը կատարի։ Նման պայմաններում այլ բան չի մնում պնդելու, որ դատական ակտը հայտարարելու տեխնիկական գործողությունը կատարելու մասին նորմի հասցեատերը դատարանն է՝ դատական կազմի մեջ մտնող ցանկացած դատարավոր. ինչպես նիստը նախագահողը, այնպես էլ դատական կազմի մեկ այլ դատավոր։ Այս առումով, նախարարության հորինվածքն է, որ դատական ակտը հայտարարելը նիստը նախագահողի «անօտարելի պարտականությունն է»։ Օրենքում նիստը նախագահողի վրա նման ուղղակի եւ հստակ պարտականություն դրված չէ, ուստի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի իմաստով՝ դատական նիստը նախագահողը օրենքով դատական ակտը հայտարարելու գործողություն կատարելու բացառիկ լիազորություն չունի։ Ընդհանուր տեսական հարթությունում իրավաբանական հանրության մոտ կարող է ստեղծվել տպավորություն, որ իրոք դատական ակտը հայտարարելը նախագահողի պարտականությունն է։ Այս կարծրատիպը հնարավոր է հեշտությամբ հաղթահարել պետաիրավական եւ իրավահամեմատական համառոտ վերլուծությամբ։

… Խորհրդային Հայաստանի 1964թ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածը սահմանում էր. «Վճիռը ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ, որտեղ նախագահողը կամ ժողովրդական ատենակալը հայտարարում է դատարանի վճիռը»: Այս նորմում հստակ է, որ դատական ակտը կարող է հայտարարել ոչ միայն նախագահողը, այլեւ՝ ատենակալներից մեկը։

Ֆրանսիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 452 -րդ հոդվածի համաձայն. «Դատարանում կայացված վճիռը հրապարակում է այն քննարկած դատավորներից մեկը, նույնիսկ մյուսների եւ դատախազի բացակայությամբ»: Ֆրանսիայի քաղաքացիական դատավարությունը կարեւորելով դատական ակտը հայտարարելու օբյեկտիվ փաստը, ոչ միայն կարեւորություն չի տալիս, թե դատական կազմի որ դատավորն է այն հայտարարում, այլեւ՝ հնարավորություն է տալիս այն հայտարարել մյուս դատավորների բացակայությամբ։ ՌԴ վարչական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է. «Որոշումն ընդունելուց եւ ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ, որտեղ դատական նիստը նախագահողը կամ դատավորներից մեկը հայտարարում է դատարանի որոշումը»։ Նույնաբովանդակ նորմ նախատեսված է նաեւ ՌԴ քաղ. դատ. օր-ի 193-րդ հոդվածի 1-ին մասում։ Իտալիայի քր. դատ. օր-ի 545 -րդ հոդվածի 1-ին մասում ուղիղ սահմանված է, որ դատական ակտը հայտարարում է նախագահողը կամ այլ դատավոր։ Այս խոշոր դատավարական համակարգերում դատական ակտը կարող է հայտարարել ոչ միայն նիստը նախագահողը, այլեւ դատական կազմի այլ դատավոր։ Գերմանիայի քաղ. դատ. օր-ի 136-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նախագահողը ավարտում է գործի դատաքննությունը, եթե նա գտնում է, որ գործն ամբողջ ծավալով քննվել է, եւ հրապարակում դատարանի վճիռներն ու որոշումները»։ Ի տարբերություն ՀՀ վարչ. դատ. օր-ի, Գերմանիայի քաղ. դատ. օր-ում նախատեսված է, որ դատական ակտերը հրապարակում է նախագահողը, սակայն Գերմանիայի բարձր ատյանի դատարանները 19-րդ դարում ընդունված քաղ. դատ. օր-ի այս նորմը մեկնաբանել են այլ կերպ։ Ըստ Գերմանիայի Դաշնային Աշխատանքային դատարանի. «Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումը՝ այլ դատավորների կողմից, ովքեր մասնակցել են բանավոր դատական նիստին, էական չէ, քանի որ նման դեպքում էական է ոչ թե այն, թե ով է հրապարակում որոշումը, այլ այն, թե ովքեր են ԳԴՀ Քաղ դատօր 309-րդ հոդվածի իմաստով մասնակցել որոշման կայացմանը նախորդող նիստերին»:

Իրավահամեմատական այս համառոտ վերլուծությունից բխում է երկու կարեւոր հանգամանք: Նախ՝ սրանով կարելի է հաղթահարել նախարարության եւ որոշ իրավաբանների մոտ կարծրացած այն պատկերացումը, թե դատական ակտը հայտարարելը բացառապես դատական նիստը նախագահողի «սրբազան եւ անօտարելի» պարտականությունն է։ Երկրորդ՝ դատական ակտը դատական կազմի այլ դատավորի կողմից հայտարարելը օբյեկտիվորեն չի կարող համարվել դատական իշխանության հեղինակազրկում, հակառակ դեպքում, զարգացած դատավարական համակարգերում օրենսդիրը դատական ակտը հայտարարելու պարտականությունը չէր կարող դնել այլ դատավորների վրա։ Դա կնշանակեր, որ օրենսդիրը նախատեսում է մի նորմ, որը ինքնին ուղղված է դատական իշխանության հեղինակազրկման։ Դատավարագիտության մեջ բոլոր այն դեպքերում, երբ նույնիսկ օրենքով նախատեսված պարտականության կատարումը որեւէ կոնկրետ դեպքերում անհնարին է, ապա դա չի դիտվում որպես դատավարական խախտում։ Մեջբերեմ դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում մեծ հեղինակություն վայելող քաղաքացիական դատավարության դասագրքերից. «Եթե գործի քննությանը մասնակցող դատավորներից մեկը մասնակցել է դրա կայացմանը, բայց չի կարողացել ստորագրել որոշումը (հանկարծամահ է եղել, ծանր հիվանդացել է), ապա գործը նորից չի վերանայվում, իսկ դատավորների երկու ստորագրություններից հետո երրորդ ստորագրության բացակայության մասին արվում է վերապահում»:

«Առավոտ» օրաթերթ
22.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031