Լրահոս
Օրվա լրահոսը

«Սինուսային հարված»․ երբ ցավն ուժգնանում է անգամ գլուխը թեքելիս

Հունվար 11,2023 09:30

Ճակատի և աչքերի միջև ցավը, ատամների վերին հատվածի ցավը, դեմքի շրջանում ճնշման զգացումը, քթի փակվածությունը և մի քանի այլ ախտանշաններ սովորաբար վկայում են քթի հարակից խոռոչների հետ կապված խնդիրների մասին, որոնք շնչառական վիրուսների ակտիվացման այս շրջանում ավելի շատ են անհանգստացնում բնակչությանը։

Հարքթային խոռոչներ

Հարքթային խոռոչները լորձաթաղանթներով պատված օդային տարածություններ են գանգոսկրերում։ Հարքթային խոռոչները հիմնականում 4 խմբի են բաժանվում և կոչվում են ճակատային, էթմոիդալ, վերին ծնոտային և սֆենոիդալ խոռոչներ․ դրանք մատնահետքերի նման են՝ յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր են, կարող են տարբերվել նաև քանակապես։

Ինչ է սինուսիտը

Սինուսիտը հարքթային խոռոչների բորբոքումն է, և ինչպես նշում է քիթ-կոկորդ-ականջաբան Հայկուհի Գդլյանը իր հրապարակումներից մեկում, ներկայումս սինուսիտի փոխարեն օգտագործվում է «ռինոսինուսիտ» տերմինը, քանի որ հարքթային խոռոչի բորբոքումը գրեթե միշտ ուղեկցվում է քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումով (ռինիտ):

Բորբոքման առաջացման պատճառը սովորաբար վերին շնչառական ուղիների ինֆեկցիաներն են, բակտերիալ հարուցիչները, ալերգիան կամ լորձաթաղանթը գրգռող այլ գործոնները, որոնք առաջացնում են հարքթային խոռոչների այտուց, մարդկանց մեծամասնության մոտ սինուսիտն արտահայտվում է քթի փակվածությամբ, գլխի, դեմքի շրջանում ցավերով ու ճնշման զգացումով։

Ցավը սովորաբար ավելի է սաստկանում, երբ հիվանդը գլուխը կախում է ներքև։ Սինուսիտի դեպքում հնարավոր է նաև քթից արտադրությունը, որը կարող է լինել թափանցիկ, դեղին կամ կանաչավուն։ Ախտանշաններից են նաև հոգնածությունը, համի և հոտի հետ կապված խնդիրները, բերանի տհաճ հոտը, կոկորդի ցավը, ջերմության բարձրացումը և այլն։ Ըստ կլինիկական ընթացքի տևողության հիմնականում տարբերակվում են սուր և խրոնիկ սինուսիտները։

Սուր սինուսիտ

Սուր սինուսիտին հիմնականում նախորդում են վերին շնչառական ուղիների ինֆեկցիաները, որոնք գլխավորապես վիրուսային ծագում ունեն։

Եթե սինուսիտի առաջացման պատճառը վիրուսային ինֆեկցիան է, ապա դրա ախտանշանները սովորաբար անցնում են 1-2 շաբաթվա ընթացքում, և այս դեպքում հակաբիոտիկների կարիք ընդհանրապես չկա։

Սուր սինուսիտների բուժման ժամանակ կիրառվում են քթի կաթիլներ կամ սփրեյներ, ինչպես նաև խորհուրդ է տրվում քթի լվացումն աղային լուծույթներով, բավականաչափ հեղուկի օգտագործումը։

Ալերգիկ բնույթի սինուսիտի բուժման համար նշանակվում են ստերոիդային կամ հակահիստամինային դեղորայք պարունակող քթի կաթիլներ, որոնք մի քանի օր միայն կարելի է օգտագործել։ Քթի աղային ողողումները նույնպես թեթևացնում են ախտանշանները։

Քթից եկող դեղին կամ կանաչավուն արտադրությունը բակտերիալ ինֆեկցիայի նախանշաններից է։ Բակտերիալ ծագման սինուսիտը նույնպես կարող է տևել 7-14 օր (կարող է և ավելի երկար ձգվել) և  անցնել առանց հակաբիոտիկների, սակայն եթե ինքնազգացողությունը գնալով վատանում է, ախտանշանները պահպանվում են և բարձրանում է ջերմությունը, ուրեմն անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը՝ անհրաժեշտ բուժում ստանալու համար։

Խրոնիկ սինուսիտ

3 ամսից ավելի տևող հարքթային խոռոչների բորբոքումը համարվում է խրոնիկ սինուսիտ, որի առաջացման պատճառը սովորաբար մանրէների կուտակումն է խցանված խոռոչներում, սակայն պատճառ կարող են լինել նաև մարդու անատոմիական առանձնահատկությունները, ալերգիան, պոլիպները, իմունային համակարգի հետ կապված խնդիրները, ստոմատոլոգիական հիվանդությունները և այլն։

Հարքթային խոռոչների բորբոքման առաջացրած բարդությունները կարող են շատ վտանգավոր լինել՝ ախտահարելով գլխուղեղի թաղանթը կամ հենց գլխուղեղը, ակնախոռոչը։ Ավելի թեթև բարդությունները ներառում են ասթմայի զարգացումը, համի և հոտի կորուստը և այլն։

Սինուսիտների կանխարգելման հստակ միջոցներ, ցավոք, չկան, սակայն կարող ենք անել քայլեր, որոնք հնարավորինս կպաշտպանեն մեր հարքթային խոռոչները։ Այդ քայլերն առաջին հերթին ներառում են շնչառական վիրուսներից պաշտպանվելու համար իրականացվող գործողությունները, ինչպես նաև՝

  • Քթային խոռոչները խոնավ վիճակում պահելը (քթի չորության դեպքում օգնում է, օրինակ, դեղձի յուղը, քթի խոռոչի լվացումը կամ սփրեյները),
  • Չոր օդով տարածքներում երկար մնալուց խուսափելը, օդը խոնավացնող սարքերի օգտագործումը,
  • Գրգռիչների, օրինակ՝ ծխախոտի ծխի, քիմիական սուր հոտերի ազդեցությունից խուսափելը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը տեղեկություններ է պարունակում հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031