Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պարուսույց եմ, ում համար իր աշխատանքն ապրելակերպ է»

Փետրվար 09,2023 13:00

Պարուսույց Անի Ամիրխանյանը՝  երազանքների, պարարվեստի եւ կյանքի ընթացքում ձեռք բերած որակների մասին։

«Ես Անի Ամիրխանյանն եմ։ Ծնվել եմ Դիլիջան քաղաքում, որտեղ էլ սիրել եւ գնահատել եմ արվեստը։ Չէ՞ որ հենց այստեղ է հիմնադրվել առաջին ժողովրդական թատրոնն, ու մարդիկ միշտ շփում են ունեցել արվեստագետների հետ։

Սովորել եւ ավարտել եմ Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպորցը, այնուհետեւ ընդունվել եմ Դիլիջանի պետական քոլեջի տարրական դասարանների դասավանդում բաժինը եւ կարմիր դիպլոմով ավարտել ու հենց նույն տարին հարցազրույցով ընդունվել ԵՊՀ- ի մանկավարժության եւ հոգեբանության բաժնի 2-րդ կուրս։ Ավարտել եմ համալսարանը՝ ստանալով մանկավարժ-հոգեբանի որակավորում։
Դեռ մանկուց ունեցել եմ երաժշտական բացառիկ ունակություններ եւ շատ սիրել եմ երգել, պարել։ 4-րդ դասարան էի, երբ մեր քաղաքի մշակույթի պալատում պարի խմբակ բացվեց, ու ես սկսեցի հաճախել։ Սկզբում ինձ համար ոգեշնչման աղբյուր հանդիսացավ իմ ուսուցչուհին, որը շատ գեղեցիկ էր, բարի եւ սլացիկ արտաքինով։ Ես երազում էի իր նման պարուհի դառնալ եւ շուրջ 2 տարի հաճախեցի պարապմունքների։ Այդ ընթացքում ելույթ ունեցանք դիլիջանյան տարբեր միջոցառումներին, սակայն անբուժելի հիվանդության պատճառով վաղաժամ մահացավ ուսուցչուհիս։ Ես մեծ ցավ ու սթրես ապրեցի մի կողմից՝ ուսուցչուհուս համար, մյուս կողմից էլ, որ այլեւս պարի չեմ հաճախի։ Ես չէի կարողանում տրամադրել ինձ, որպեսզի այլ պարուսույցի մոտ տեղափոխվեի, քանի որ իմ ուսուցչուհին իմ կուռքն էր։ Ինձ մոտ սկսվեց որոնումների շրջանը։ Հաճախեցի դպրոցում գործող երաժշտության ու սպորտի խմբակների, սակայն հասկացա, որ դրանք ինձ այնքան էլ հոգեհարազատ չեն, որ ես հաճախում եմ ուղղակի ինչ-որ բան անելու համար, որ ինձ միայն ու միայն պարն է ձգում։ Այս ընթացքը տեւեց երկու տարի, որից հետո ես նորից հաճախեցի պարի, բայց այս անգամ արդեն ուրիշ մասնագետի մոտ։ Այդ մանկավարժը Վանաձորի «Հորովել» երգի եւ պարի անսամբլի պարող Սեյրան Գինոսյանն էր, ով իմ մեջ կրկին սեր արթնացրեց, որպեսզի ես շարունակեմ զարգացնել իմ կարողությունները եւ փոխանցեմ սաներին։  Ես ե՛ւ հաճախում էի պարի, ե՛ւ արդեն պարապում էի կրտսեր խմբերի հետ եւ նրանց սովորեցնում առաջին քայլերը։ Այս ընթացքում ինձ միշտ օգնել է իմ պարուսույցը, թե՛ սաներին սովորեցնելու եւ թե՛ պրոֆեսիոնալ երաժշտություն տրամադրելու հարցում։

Իմ փոքր, բայց մեծ իրականացող երազանքը

Երբ ավարտում էի դպրոցը, դասարանով ցանկությունների արկղիկ էինք պատրաստել, եւ յուրաքանչյուրս մեր երազանքներն էինք գրել ու գցել արկղի մեջ։ Ես գրել էի, որ ուզում եմ դառնալ լավ պարուսույց։ Ես անում էի ամեն հնարավորը, որ իրագործեմ իմ երազանքը, այդ իսկ պատճառով շատ էի աշխատում, պարապում։

Հերթական մի օր, երբ սովորականի նման իմ պարապմունքն էի անում, դուռը բացվեց եւ ներս մտավ մի կին, նստեց ու սկսեց հետեւել իմ պարապմունքին։ Ինձ թվաց՝ նա սաներից մեկի տատիկն է։ Դասն ավարտելուց հետո նա մոտեցավ ինձ եւ հրավիրեց զրույցի։ Պարզվեց, որ նա Երեւանի պարարվեստի ուսումնարանի մեթոդիստն է, ով այդ օրն առանց ներկայանալու երեք պարուսույցների մոտ մասնակցել էր դասերին։ Նա զրուցեց մեզ հետ եւ տեղեկացրեց՝ մեզանից մեկին կհրավիրի պարարվեստի ուսումնարանում կազմակերպվող բաց դասերին։ Մի քանի օրից ես զանգ ստացա եւ հրավիրվեցի Երեւան։ Ես հասկացա, որ մասնագետներն իմ մեջ պարուսույց են տեսնում։ Մեծ եղավ ուրախությունս, երբ ես վերապատրաստման ու բաց դասերի մասնակցեցի Տաթեւիկ Ազատովնայի խմբում, ով ինձ սովորեցրեց կարգապահություն, ճաշակ, վեհ զգացում ու աշխատանքին նվիրվելու պարտավորություն։ Ես ավելի մոտեցա պարին, նրա գաղտնիքներին ու ավելի շատ սիրեցի այս արվեստը։ Ավարտելուց հետո վերադարձա իմ աշխատանքին՝ ինձ հետ բերելով պարարվեստի կարկառուն դեմքերից ստացած փորձն ու գիտելիքները։

«Նազանի» պարային համույթն ու իմ երկար տարիների փորձը

Գիտակցելով պարի դերն ու նշանակությունը՝ Դիլիջանի մշակույթի պալատում գործող խմբի հետ աշխատելուց զատ, խումբ բացեցի նաեւ հարակից Հաղարծին գյուղում։ Խումբ ստեղծվեց  նաեւ Դիլիջանի «Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում», որտեղ աշխատեցի շուրջ 9 տարի։ Այստեղ աշխատելը ուներ իր հեշտ, բայց միեւնույն ժամանակ շատ դժվար կողմերը։ Երբ հանրապետությունում լուծարվեցին գիշերօթիկ հաստատությունները, ես մնացի առանց աշխատանքի։ Նոր խումբ հավաքելը կապված էր մեծ դժվարությունների հետ, քանի որ կային գործող այլ խմբեր, որոնք էլ ունեին իրենց պարուսույցները։ Սակայն առանց պարի ինձ համար շատ դժվար էր եւ որպեսզի չլճանամ, որոշեցի հաճախել մեծահասակների սիրողական խումբ, որի պարուսույցն էր «Բերդ» պարային անսամբլի պարող, պարարվեստի ոլորտում մեծ ներդրում ունեցող Արթուր Գրիգորյանը, ում հետ հանդիպումը եղավ ճակատագրական։ Մի քանի պարապմունքից հետո նա ինձ առաջարկեց պարուսույցի աշխատանք։ Ես միանգամից համաձայնեցի, եւ սկսվեց մեր համատեղ ստեղծագործական աշխատանքն, ու այդ ընթացքում ես շատ բան սովորեցի նրանից։

Երկար տարիների համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում ընդլայնվեց մեր «Նազանի» պարի դպրոցը, մեծացավ թիմը եւ ունեցանք բազում հաջողություններ։ Մասնակցել ենք Հայաստանում եւ Հայաստանից դուրս կազմակերպված բազմաթիվ փառատոների ու մրցույթների եւ ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ստացել մրցանակներ, արժանացել «Գրան պրի» մրցանակի։ Աշխատելով Արթուր Գրիգորյանի հետ՝ ես դարձել եմ ավելի նպատակասլաց, պատասխանատու, ստեղծագործ ու արարող։ Իր ամբողջ գիտելիքը նա անմնացորդ փոխանցել է ինձ, որի համար երախտապարտ եմ։ Այսօր մեր համատեղ աշխատանքի արդյունքում «Նազանին» ընդլայնվել է, եւ մենք մարզում ունենք մեր մասնաճյուղերը։

Անին՝ պարից դուրս

Պարից դուրս ես բնության սիրահար եմ,  ժամերով կարող եմ նայել ամպերին, լսել թռչունների երգը, հիանալ ծիածանի գույներով, քայլել թեթեւ անձրեւի տակ, հանգստանալ անտառում՝ ծառի տակ նստելով։ Ես սիրում եմ թե՛ պասիվ եւ թե՛ ակտիվ հանգիստը։ Այդ է պատճառը, որ երկար տարիներ մասնակցել եմ «Բալետ», «Միասին» համահայկական-կրթական ֆորումներին, «Սեւան ստարտափ սամիթ» կրթական ճամբարին եւ Դիլիջանում կազմակերպված այլ ճամբարների։ Դե, ազատ ժամերին էլ սիրում եմ ճանապարհորդել, կարդալ, լուսանկարել, զբոսնել, այցելել կուլտուր-լուսանկարչական միջոցառումների։

Կար մի շրջան, երբ համավարակի պատճառով մեր շատ ծրագրեր մնացին թղթի վրա, եւ մեր շրջագայությունները չկարողացանք իրագործել։ Այդ ժամանակահատվածն էլ ինձ համար շրջադարձային եղավ, քանի որ դպրոցներում նոր ծրագիր ավելացավ՝ «Ազգային երգ-պար» առարկան, եւ սկսվեց ուսուցիչների վերապատրաստում։ Հաղարծին գյուղի դպրոցի տնօրենից ստացա առաջարկ՝ վերապատրաստվելու իրենց դպրոցում։ Վերապատրաստումն անց էր կացնում հանրաճանաչ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը. մարդ, ով իմ կյանքում նոր արժեքներ մտցրեց, ով ինձ համար դարձավ մեծ ուսուցիչ։ Հիմա սիրով դասավանդում եմ այդ առարկան եւ ուրախ եմ, որ սաներն էլ են սիրում ազգային երգն ու պարը։ Ապագայում ուզում եմ ստեղծել մեծահասակների ազգային երգի եւ պարի խումբ, ուսումնասիրել, սովորել եւ փոխանցել սերունդներին մեր տարածաշրջանի ազգային մշակույթը։ Միեւնույն ժամանակ այնպես աշխատել, որ «Նազանի» պարային համույթի անունը հնչի աշխարհի տարբեր բեմերից, շատ շրջագայենք եւ  չդադարենք սերունդներին փոխանցել մեր փորձն ու գիտելիքները։ Ուզում եմ, որ հայկական պարը տարածվի ամենուր, եւ շատ լինեն գործի նվիրյալները։ Սկսնակներին էլ խորհուրդ կտամ շատ սովորել, այնպես անել, որ որքան հնարավոր է՝ մոտենանք մեր արմատներին ու չկորչի մեր պարը։ Հեշտ ճանապարհ չէ դեպի պարարվեստի բարձունքները։ Այդ ճանապարհն անցնելու համար հարկավոր է սեր, նվիրվածություն, կամք, ջանասիրություն եւ համբերություն»։

Պատրաստեց

Էլեն ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728