Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառքի է հանվել Գյումրու պատմական շենքերից մեկը, որի վրա հազարավորների աչք կա

Փետրվար 15,2023 19:33

Գյումրու քաղաքապետարանը աճուրդ- վաճառքի կհանի «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող  դիմագիծ ունեցող  կոլորիտային  կառույցներից մեկը՝ «Ճերմակ  հիվանդանոցի» շենքը։ Ավագանին երեկ հաստատեց այն աճուրդ-վաճառքի հանելու քաղաքապետարանի առաջարկը։

Իհարկե, ավագանու ընդդիմադիր անդամները՝ «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը և «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ներկայացրեցին առարկություններ, մի շարք դիտարկումներ, որոնք հաշվի չէին քաղաքաշինության բաժնում։

Զեկուցողը  քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էր։ Նա քաղաքի կենտրոնում գտնվող շենքն աճուրդ -վաճառքի հանելը պատճառաբանեց, որ այն պահպանելը ծախսատար է և փորձում են մասնավոր ներդրումներ անել։

Այն  դեռևս Վարդան Ղուկասյանի օրոք տրվել էր վարձակալության, սակայն  պայմանագրի ժամկետը լրացել էր։ Դրանից հետո  շենքն ազատ է, քաղաքապետարանն անցած տարի որոշեց ներդրողներ փնտրել, տալ երկարաժամկետ վարձակալության, ծրագրեր պահանջեց, հանրային լսումներ կազմակերպեց, բայց արդյունքում ոչ մեկի ծրագիրն էլ չհաստատեց։

Ծրագրերից երկուսը շենքը բազմապրոֆիլ  հիվանդանոց դարձնելու մասին էին, մեկը՝  ռեստորանահյուրանոցային համալիրի վերածելու։

Գլխավոր ճարտարապետը նշեց, որ մեկնարկային արժեք սահմանված է 1 միլիարդ 100 միլիոն դրամ։  Այն ունի 2462 քառակուսի մետր մակերես, 6365 քառակուսի մետր հողամաս։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը, սակայն առաջարկեց այս հարցը օրակարգ չմտցնել, քանի որ իրավական խնդիրներ առաջ կգան։

Ըստ ավագանու անդամի, անշարժ գույքի գնահատումը կատարվել է վեց ամիս առաջ՝ 2022 թվականի հունիսին, իսկ Գյումրիում  ամիսը անշարժ գույքի գները թանկանում են։ Ութ ամսում սարսափելի գնաճ է տեղի ունեցել, հետևաբար և գնահատումը ժամկետանց է։

Ըստ ավագանու անդամի, գույքը թարմ գնահատված չէ, բացի այդ՝ հաշվի չեն առել այն, որ շենքի մի հատվածը «Կարմիր Խաչ» ընկերությանը վարձակալությամբ է տրված,  որի պայմանագրի ժամկետի ավարտին դեռ տաս տարի կա։ Սա դատական գործընթացների պատճառ կդառնա։

«Տարիներով դատական պրոցես կլինի», -նախազգուշացրեց  Վարդևան Հակոբյանը։

Ըստ նրա, չեն գնահատել  նաև հողամասը։

Ըստ Վարդևան Հակոբյանի, գնորդ գտնելը նույնպես դժվար է, քանի որ սպեցիֆիկ այս շենքը պետք է նպատակային գնորդի վաճառվի։

«Շատ գնորդներ կան, բայց այս գույքի համար զուտ գնորդ գտնելով չէ, մենք առաջնահերթ նպատակային գնորդ պիտի գտնենք։ Չեմ ուզում ասել, բայց Աստված մի արասցե, եթե երկրաշարժ լինի,  հանկարծ չասեք՝ լավ բան չես խոսում, տեսաք չէ՞ Թուրքիայում երկրաշարժն ինչ արեց, մենք չգիտեն պատերազմներին ինչ կլինի։ Մենք մեր երեխեքի անվտանգությունը պիտի ապահովենք, մի հիվանդանոցի հույսին չենք կարող թողնել  մեր քաղաքը, մենք մեր քաղաքի ֆանատն ենք», -ասաց Վարդևան Հակոբյանը։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ առարկեց հուշարձան համարվող, Գյումրու պատմամշակութային ժառանգության ցանկում գտնվող շենքը վաճառելը։

Նա հիշեցրեց՝ երբ  մտադիր էին վարձակալության հանձնել, ներդրողները պատրաստականություն էին հայտնում և՛ շենքը վերանորոգել և՛ վարձավճար տալ։

«Կարելի է այս մեկ տարվա ընթացքում վարձակալության հանձնել և պահպանման ավելորդ ծախսեր էլ չանենք, գույքը  այս ձևով մեզ է մնում»,- ասաց Կարեն Մալխասյանը։

Ըստ նրա, օտարելը չի բխում համայնքի բարօրությունից ու  շահերից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728