Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել է գլխավոր դատախազին, ԱԱԾ

Մարտ 03,2023 14:00
dolar

Պաշտպանության նախարարարության նախկին աշխատակից, ներկայումս գործազուրկ Արմեն Արզումանյանը, նրա կինը, արխիվավար Քրիստինե Արզումանյանը կորցրել են իրենց բնակարանը, ինչպես ասում են՝ կորցրել են «զուգորդված կոռուպցիայի հետեւանքով»: Անշարժ գույքի առաջին հարկը մոտ հարյուր երեսուն հազար դոլար էր գնահատված: 2019-ից նրանց հետ դրսում հայտնվեցին հանգուցյալ հորեղբոր դուստրը՝ միայնակ մայր, Արցախյան վերջին պատերազմում զոհվածի վեցամյա դուստրը, կնոջ 82-ամյա մայրը:

Արաբկիր վարչական շրջանի 19 փողոցի 10 ա տունը պատկանել է Արզումանյաններին, յուրաքանչյուրին մեկ երկրորդի մասով, որպես սեփականություն:

Արմեն Արզումանյանը «Առավոտի» հետ զույցում երեկ ասաց, որ 2005թ. սեպտեմբերի 23-ին 6 հազար դոլարի չափով գումար է պարտք վերցրել վեց ամիս ժամկետով՝ Հ. Կարապետյանից: Գումարը տրամադրվել է դոլարով, սակայն ձեւակերպվել դրամով՝ 4 միլիոն դրամի չափով: Ամսական 5 տոկոսի չափով, տարեկան տոկոսադրույքի չափը 60 ռոկոս (պայմանավորվել են, որ տոկոսադրույքները պետք է հաշվարկվեն դոլարի կուրսով): Արմենն ասում է, որ բազմիցս հայտարարել է, որ Հ. Կարապետյանը տոկոսով գումար տալու հայտարարություններն անգամ տեղադրել էր «Գինդ» շաբաթաթերթում: Զրուցակիցս ասում է, որ երեք ամիս տվել է տոկոսները, 900 դոլարի չափով, սակայն Կարապետյանը նրան ասել է, թե պարտադիր չէ, որ գումարները ամեն ամիս տաս. «հավաքիր, կտաս հավաքածդ»:

Օրերից մի օր, Արմենին Կարապետյանը կանչում է իր բնակարան, կազմել տալիս քսան միլիոն դրամի ստացական, պատճառաբանելով. «Սա ձեւական փաստաթուղթ է, բայց թող հանգիստ լինեմ, մոտս լինի ստացականը»: Սակայն ստացականից հետո սկսվում են Արզումանյանների դեմ դատական գործընթացներ, որի մասին նրանք չեն մտածել, հեռահար նպատակը մտքներով չի անցել, արգելանքի տակ է դրվում անշարժ գույքն անգամ:

Այդ գործով զբաղվում է ՀՀ ոստիկանության Գլխավոր քննչական վարչության Արբակիրի քննչական բաժինը: Արմեն Արզումանյանը դիմում է ՀՀ դատախազության դատախազ Գրիգոր Նավասարդյանին, որը հանձնարարում է դատախազ Հարություն Սարգսյանին՝ զբաղվել այս գործով:

Նշված ժամանակահատվածում Արաբկիրի դատախազը Գրիշա Միքայելյանն էր: Հենց նրա մասնակցությամբ, քննիչ Ս.Հարությունյանի աշխատասենյակում Արզումանյանը առձեռն հանձնում է 8000 դոլար գումար, պայմանով, որ Կարապետյանն իրենց սեփականությունից ձեռք կքաշի, ինչպես խոստանում են դատախազները, սակայն չգիտեր, որ Հ. Կարապետյանի վերաբերյալ քրեական գործը կարճված էր…

«Քննիչ դատախազների ցուցումով ես պայմանագրով ստորագրեցի եւս հինգ հազար դոլար պարտք մնալու պարտավորության մասին փաստաթուղթ: Եթե դատախազները չհորդորեին, ես չէի ստորագրի այդ չարաբաստիկ փաստաթուղթը»,- պատմում է Ա. Արզումանյանը: Կեղծ 20 միլիոն դրամի ստացականը, ապա այս վերջին 5 հազար դոլարի «ապացույցն», ըստ զրուցակցիս՝ իրեն լռեցնելու համար էր…

Արզումանյանները այս տարվա հունվարի 25-ին դատախազ Ա. Վարդապետյանին ուղղված հաղորդման մեջ հայտնում են, որ այդ գումարները հանձնելուց հետո Արաբկիրի նախկին դատախազը, հանրապետության դատախազության դատախազ Սարգսյանն իրենից գոհ մնացին, սակայն հետագայում պարզվեց, որ ավելի արագացավ սեփական անշարժ գույքը կորցնելու վտանգը:

Դատախազները ձեռքերը լվացին, ասելով՝ գնա դատարանով հարցերդ լուծի, իսկ այդ ժամանակահատվածում Հ. Կարապետյանը վաճառեց իր տան բաժինը Ա. Մուրադյանին:

Շենքն առանց ուսումնասիրության, միայն արտաքին զննությամբ գնահատվեց 2013թ. հարյուր տոկոսով ցածր գնով: Արզումանյանն իրեն համարում է կոռուպցիայի զոհ, տուժող, ունեզրկված: «Հ. Կարապետյանն ինձ տված մեկ դրամի դիմաց հետ է ստացել քսան դրամ, այսինքն, նույնիսկ գերշահույթ բառը բավական մեղմ է օգտագործված, եւ եթե դատախազները չհամագործակցեին Հ. Կարապետյանի հետ, այս իրավիճակը չէր ստեղծվի»,- նշել էր Ա. Արզումանյանն իր բողոքում:

Վերջինի համար անհասկանալի է մինչ օրս՝ իրենցից չորս հազար դոլար պահանջելը, ապա մեկուկես տարի հետո այն վերադարձնելը…այնպես, ինչպես անհասկանալի մնաց, Կարապետյանին 8 հազար դոլար տալը, լրացուցիչ 5 հազար դոլարի պարտավորություն գրավոր վերցնելը: Երկհարկանի շենքի երկրորդ հարկում, հորեղբոր բնակարանում, որը մահացավ այս դատական գործընթացների, ապրումների հետեւանքով, ներկայումս պատսպարված են Արզումանյանները: Սակայն նրանք պահանջում են հարուցվի քրեական վարույթ, մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության…

Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ հանրապետության դատախազությունից այն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031