Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է շատ ավելին անել. Դա բարեգործության ձեւ չէ: Յուրաքանչյուրի շահերից է բխում գործել հենց հիմա՝ ևս մեկ լուրջ հակամարտություն կամ նույնիսկ էթնիկ զտում կանխելու համար». Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 31,2023 11:26

Հայաստանից վերադառնալուց հետո ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2009-2014 թթ.), Դանիայի նախկին վարչապետ, «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամի հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենն ամերիկյան «Project Syndicate»-ում հոդված է հրապարակել, որում հիմնական առարկությունները ներկայացնում է Բաքվին ու Մոսկվային: Նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը կրկին սրվում է, նա շեշտել է, որ Եվրամիությունը պետք է ավելի ծանրակշիռ դեր խաղա Հարավային Կովկասում:

Ռասմուսենը համարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է:

«Չնայած Հայաստանն առաջվա պես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, որը Ռուսաստանին կապում է 5 նախկին խորհրդային հանրապետությունների հետ, ոչ մի աջակցություն չստացավ, երբ օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ: Հայաստանը մենակ ու անպաշտպան մնաց: Իրավիճակը խորանում է այն հանգամանքով, որ Ադրբեջանը շարունակում է զորքերը պահել հայկական տարածքում ու հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին: Քանի որ խաղաղ բանակցությունները կանգ են առել, անհանգստացնող նախանշաններ կան, որ Ադրբեջանը հնարավոր է համարում ավելիին հասնել ռազմական միջոցների, այլ ոչ թե բանակցությունների օգնությամբ: Չի կարելի բացառել, որ առաջիկա ամիսներին Հայաստանի վրա հարձակումը կարող է վերսկսվել»,- գրել է Ռասմուսենը:

«Պետք է շատ ավելին անել,- վստահ է Ռասմուսենը:- ԵՄ-ի առաքելությունը, որն այսօր տեղակայված է միայն հայկական տարածքում, պետք է շատ արագ ընդլայնվի՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկյանքով մոնիտորինգ իրականացնելու համար: Եվրոպական առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիեւի կառավարության վրա, որպեսզի ԵՄ-ի ներկայացուցիչներին թույլատրվի մտնել ադրբեջանական տարածք: Այո, իհարկե, ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը չի կարող կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն նրա ներկայության ընդլայնումը լրացուցիչ ճնշում կստեղծի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ռազմական հակամարտության փոխարեն նախապատվությունը տա բանակցություններին»:

Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադառնում է նաեւ այն փաստին, որ վերջին տարվա ընթացքում Եվրամիությունը տնտեսական ավելի սերտ կապեր է հաստատել Ադրբեջանի հետ, որովհետեւ շտապ պետք է հրաժարվի ռուսական գազից ու նավթից: Բայց դա ԵՄ-ի ղեկավարներին չպետք է խանգարի՝ հստակ բացատրելու Ալիեւին, որ «ոչ ոք նրան չի թույլատրի անպատիժ գործել, որ Եվրոպայի կարճաժամկետ առեւտրային հետաքրքրություններն ավելի բարձր չեն, քան նրա արժեքները եւ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման երկարաժամկետ շահը»: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել իր միջազգային պարտավորությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը, ապա քաղաքական ու տնտեսական հետեւանքներ կունենա:

«Հայաստանը նոր ժողովրդավարության երկիր է՝ չափազանց խնդրահարույց հարեւանությամբ: Ռուսաստանի ազդեցությունը մարում է, այդ իսկ պատճառով Եվրոպան պետք է ավելի կարեւոր դեր խաղա տարածաշրջանում: Դա ինչ-որ բարեգործության ձեւ չէ: Յուրաքանչյուրի շահերից է բխում գործել հենց հիմա՝ մեր հետնաբակում եւս մեկ լուրջ հակամարտություն կամ նույնիսկ էթնիկ զտում կանխելու համար»,- եզրափակել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031