Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եմ մենակ կռիվ տվել եւ Էդգար Ղազարյանը»․ Թագուհի Թովմասյանը ներողություն է խնդրում հանրությունից

Ապրիլ 04,2023 22:10

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել  է  «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

ՔՊ-ական պատգամավորները վրդովվեցին այն փաստից, որ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, թե իշխանական խմբակցությունը դժվարությամբ է կարողացել ՄԻՊ թեկնածու գտնել։ «Սա ձեր թերթը չի, որ ինչ ուզեք գրեք։ Բոլոր ստերը փռելու ենք ժողովրդի առաջ»,-նրան ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

ՔՊ-ականները Թագուհի Թովմասյանից բացատրություն պահանջեցին, թե ինչու ընդդիմադիր խմբակցությունները ներկա չեն։ Թովմասյանն ասաց, որ հանձնաժողովի անդամ ընդդիմադիր պատգամավորներից մեկը գործուղման է, մյուսը վատառողջ է։

Նկատենք, որ ՔՊ-ն նիստում մեծ ներկայություն էր ապահովել, եւ բացի հանձնաժողովի անդամ իշխանական պատգամավորներից՝ այլ պատգամավորներ եւս եկել էին՝ առնվազն 15 անձ։

Նիստի ավարտին Թագուհի Թովմասյանը հետեւյալ հայտարարությունն արեց․ «Իշխանական պատգամավորների հետ համաձայն եմ մի հարցում, որ ես միայնակ էի այստեղ եւ ես մեկ պատգամավորով մոտ քառասուն պատգամավորի հետ․․․եղել են, տեսել եմ։ Միջանցքում «խոռով» բղավում էին։ Ես եմ մենակ կռիվ տվել եւ Էդգար Ղազարյանը։ Միայնակ, անհավասար պայմաններում է եղել այս ընտրությունը։ Ես ՊՊԾ ծառայողներին էլ տեսա միջանցքում։ Չհասկացա, թե ինչն էր շփոթմունքի, երկյուղի պատճառը»։

Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց․ «Որովհետեւ մի դաշնակ մի քանի օր առաջ մեր Վլադիմիր Վարդանյանի․․․»։

Հովհաննիսյանի խոսքը շարունակեց ՔՊ-ից Արփի Դավոյանը․ «Համարյա աչքը հանում էր»։

Թագուհի Թովմասյանը նաեւ ասաց՝ եթե մեծ թվով պատգամավորներ են ինչ-որ բան ասում, դա դեռ չի նշանակում, թե ճշմարտությունն են ասում․ «Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ինձ այսօր չհաջողվեց զսպել պատգամավորին ոչ հարիր վարքագծով հանդես եկող իշխանական պատգամավորներին։ Ես չկարողացա զսպել այն հնարավոր վիրավորանքները, որոնք հնչեցին, որովհետեւ ֆիզիկապես չէի կարող որեւէ մեկի բերանը փակել։ Բարեկրթությունից խոսողները լավ կանեն սեփական օրինակով այդպիսին լինեն»։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ՄԻՊ թեկնածուն գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը։ Հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել միայն Անահիտ Մանասյանը, եւ նրա թեկնածությունն առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930