Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ից սկսած, ՏԻՄ-երով վերջացրած՝ բոլորը պետք է թմրատեստ անցնեն տարին 1-2 անգամ»․ ՔՊ պատգամավոր

Ապրիլ 25,2023 13:17

«Երեւի նորմալ չենք պատկերացնում ՀՀ-ում ինչ վիճակ է։ Չենք պատկերացնում, թե դեռահասների քանի տոկոսն է թմրամոլ։ Այդ սինթետիկ թմրամիջոցները 2-3 անգամ օգտագործելուց հետո նրանց օրգանիզմում այնպիսի փոփոխություններ են լինում, որ նրանք այլեւս չեն վերադառնում մարդկային կյանքի։ Սա ազգային անվտանգության հարց է։ Լուսավոր ապագայի մասին մեր խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամոլության նման ծավալներ կան»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ավելի վաղ ՔՊ-ից Զարուհի Բաթոյանը ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրել էր՝ վերջերս ակումբներից մեկում թմրամոլության դեմ պայքարի շրջանակում ոստիկանների կողմից բռնություն գործադրվե՞լ է։ Արմեն Խաչատրյանին կարծես դուր չէր եկել թեման այդ տեսանկյունից շոշափելը։

Նա ասաց․ «Չեն պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր ու կարեւոր է։ Ոստիկանությունը մտնում է մի «կլուբ», որտեղ բոլորին է հայտնի, որ թմրամիջոցներ են տարածվում։ Սինթետիկ թմրամիջոցներից սկսած՝ ամեն ինչ։ Մեկ էլ տեսեք՝ «բռնություն»․․․․ի՞նչ բռնություն։ Բոլորս պարտավոր ենք լծվել այս գործին՝ պատգամավոր, դատախազ, ոստիկան, դատավոր։ Մեր առաջին խնդիրը պետք է լինի։ Ասեմ, որ նման վիճակագրությամբ եւ պայքարի այս միջոցներով մենք հեռու չենք գնալու։ Ուղղակի չունենք պատկերացում»։

Արմեն Խաչատրյանը հավելեց․ «Կարծում եմ՝ բոլոր պետական հիմնարկներում աշխատողի հետ պայմանագիր կնքելիս պետք է սահմանվի, որ տարվա մեջ մեկ-երկու անգամ թմրատեստ է պետք անցնել։ Հրաժարման դեպքում հեռացնել աշխատանքից։ Սկսած ԱԺ-ից՝ վերջացրած ՏԻՄ-երով։ Ես այս առաջարկն անելու եմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930