Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի վրա սեպտեմբերյան հարձակման հետեւանքները. «Թաթոյան» հիմնադրամը նոր զեկույց է հրապարակել

Մայիս 12,2023 14:04

«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն խաղաղության որեւէ մտադրություն: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը երկու նպատակ ունի. առաջինը՝ դա իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Հայատյացությունը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց է: Երկրորդը, նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանն՝ անդրադառնալով հիմնադրամի հրապարակած նոր զեկույցին, որում, ըստ բանախոսի, ցույց են տրվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաեւ կապը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ այն վայրագությունների միջեւ, որ տեղի են ունենում: Զեկույցում հիմնական շեշտադրումներն արված են 2022-ի սեպտեմբերի 13-14-ի հարձակումների վրա: Զեկույցը պատրաստվել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ:

Ըստ Արման Թաթոյանի, երբ ուսումնասիրում են ադրբեջանցի զինվորականների իրականացրած վայրագությունների, խոշտանգումների տեսանյութերը, ակնհայտ է դառնում, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի իշխանությունների բառերով, անգամ խոշտանգելիս օգտագործում են նույն բառերը: Ի դեպ, բանախոսի դիտարկմամբ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ավելացել են հայկական Սփյուռքին թիրախավորելու շեշտադրումները:

Հիմնադրամի զեկույցում ամփոփված ապացույցներն, Արման Թաթոյանի դիտարկմամբ, փաստում են, որ Արցախի եւ Հայաստանի միջեւ չկա տարանջատում. Ադրբեջանի նպատակը, թիրախը, առհասարակ, հայկականությունն է. «Եթե նրանք անգամ մի պահ որոշում են առանձնացնել Արցախը, դա չի նշանակում, որ Հայաստանը թիրախի տակ չեն պահում: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ամեն հնարավորություն, այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաները: Օրինակ, Google քարտեզներում կազմակերպված ձեւով փոխում են Հայաստանի աշխարհագրական տեղանունները: Մենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մեր գործընկերների աջակցությամբ բավականին վերացրեցինք Սյունիքի մարզում ադրբեջանական տեղանունները: Սա եւս օկուպացիայի օրինակ է: Դրանով փորձում են կարծրատիպ ձեւավորել, որ Հայաստանը նույնպես ադրբեջանական պատմական հող է: Վերջին նարատիվներից է, որ հայ ժողովուրդը քոչվոր է եւ Հարավային Կովկասում հայտնվել է 19-րդ դարում: Սա ագրեսիվ ձեւով տարածվում է իրենց քաղաքացիների շրջանում»:

Թեեւ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է նոր ականներ տեղադրել, հրաժարվում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներն իրենց տրամադրելուց, սակայն հրապարակված զեկույցում կան փաստեր, որ ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի գյուղերում ականներ են տեղադրում, ինչի հետևանքով հայ գյուղացիներից շատերի կենդանիները սատկում են. «Ադրբեջանցիներն ագրեսիվ ապատեղեկատվություն են տարածում։ Այն, ինչ իրենք են անում, «գցում են» հայկական կողմի վրա ու ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Դրանցից ամենավառ օրինակն ականների տեղադրման հարցն է։ Մենք խոսում ենք մարդկանց հետ և պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, քանի որ կենդանիներ են սատկում ականների պայթյուններից, մարդիկ էլ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Ադրբեջանական զինծառայողները բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաեւ պարզապես զավթել են հայկական հողերը, արոտավայրերը, տները»:

Արման Թաթոյանը հիշեցնում է՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել։ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ այդ ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22 թթ. օկուպացրած Հայաստանի ինքնիշխան տարածքներում եւ փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով:

Արման Թաթոյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներ ներթափանցելուն: Հիշեցնենք, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մի քանի հատվածներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ ցայսօր այդ դիրքերում են:

«Որքան էլ խոսեն դելիմիտացիայի, միջազգային սկզբունքների մասին, իրենց գործողությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում: Նրանք ամրացած են Հայաստանի սահմանից ներս գտնվող տարածքներում: Օրինակ, ես 2-3 ամիս առաջ էի Սյունիքի մարզում եւ 10 օր առաջ էի գնացել, տարբերությունն ակնհայտ է, թե ինչպես են նրանք ամրանում Հայաստանի ինքնիշխան տարածքում: Սյունիքի Ներքին Հանդ գյուղի վարչական տարածքում դիրքեր են դրել, մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էին կառուցել, մի քանի ամիս հետո արդեն մեծ շինություններ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ: Նույնը մենք արձանագրել էինք սեպտեմբերի 13-14-ից հետո Ջերմուկի տարածաշրջանում, մի քանի ամիս հետո անգամ բետոնե լայն ճանապարհներ էին կառուցում, բունկերներ եւ այլն»,-ասաց Արման Թաթոյանը:

Իր նմանօրինակ գործողություններով, ըստ Արման Թաթոյանի, Բաքուն նպատակ ունի խաղաղ բնակչության կյանքն անհնար դարձնել, որպեսզի մարդկանց ստիպեն հեռանալ այդ տարածքներից: Այդ գործելաոճն այսօր տեսնում ենք նաեւ Արցախում. «Մարդկանց զրկում են ջրից, աղբյուրները հատուկ զավթում են, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը, արոտավայրերը: Ամեն մետր հողի հետեւում կանգնած են մարդիկ, ընտանիք, մարդկային ճակատագրեր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031