Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ երանի ՀՀ-ի ապագա իշխանություններին․ նրանք կամիկաձեներ են լինելու»․ Մանուկ Սուքիասյան

Մայիս 30,2023 15:25

«Այս իրավիճակում դեռ հարց է՝ այդ ժամանակ կազմակերպվե՞ն այդ ընտրությունները, թե՝ ոչ»,- «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց նախաձեռնող խմբի անդամ Նաիրա Մելիքյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում իրենց նախաձեռնության մասնակցության մասին հարցին։

Այն հարցերի առնչությամբ, թե ինչ են տվել նախորդ շարժումները, որոնք ևս պահանջում էին իշխանափոխություն, Նաիրա Մելիքյանն ասաց․ «Նույն Դիմադրության շարժումը եթե չլիներ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան վաղուց Փաշինյանը հանձնած կլիներ Արցախը և ինչ կլիներ այսօր արդեն ՀՀ-ի հետ։ Հետևաբար այս բոլոր նախաձեռնությունները կարևոր են»։

Հարցին՝ ինչո՞ւ 2018-ին ժողովուրդը դուրս եկավ փողոց, վերջին տարիներին այդ մասշտաբներով դուրս չի գալիս, Նաիրա Մելիքյանը պատասխանեց․ «Ժողովուրդը հիասթափված է և ունի վախեր հերթական անգամ չսխալվելու։ Հիմա շոկային վիճակում է՝ սողացող պատերազմ, տարածքների կորուստներ, անընդհատ մեզ հարվածում են։ Նորից վստահ եմ, որ մեր ժողովուրդը ողնաշարով զգում է ճիշտն ու սխալը, տեսնում է անկեղծությունը, և նրան ճիշտ ուղենիշներ տալու պարագայում՝ ինքը մեկ մարդու նման դուրս է գալու, քանի որ անվտանգությունից ավելի կարևոր բան չկա»։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Մանուկ Սուքիասյանն էլ նկատեց՝ ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ այն մոտեցումը, թե փրկիչները գալու են և մեր խնդիրները լուծեն․ «Առհասարակ խաղաղ պայմաններում բոլոր ընտրությունների ժամանակ ընդդիմությունը գործող ղեկավարին հռչակել է չարիք, ընդդիմության առաջնորդին՝ փրկիչ, հետո փրկիչը դարձել է հակահերոս, չարիքի կերպարն էլ ավելի է խորացել։ Դրա վերջնարդյունքը 2018-ն է եղել։ Ուստի փնտրել փրկիչներ, որոնք գալու են, խնդիրները լուծեն, ոչ մի լավ տեղ մեզ չի տանելու։ Էստեղ լավ ու վատ իշխանության խնդիր չունենք, այս իշխանությունները տանում են ՀՀ-ի գահավիժման։ ՀՀ երրորդ հանրապետությունը կանգնած է ոչնչացման եզրին։ Հետևաբար ոչ երանի ՀՀ-ի ապագա իշխանություններին։ Մեր պետականության նավն այնպիսի ճահճի ու տիղմի մեջ է, որ ապագա իշխանությունները կամիկաձեներ են լինելու և իրենց քաղաքական ու մարդկային ճակատագիրը դնելու են լուրջ հարվածի տակ»։

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ ասաց, որ իրենց մոտիվացիան Երևանի ավագանու ընտրությունները չեն․ «Քաղաքապետի, ավագանու ընտրությունները քաղաքական մկաններ հավաքելու շանս են բոլոր նրանց համար, որոնք գաստրալյորի նման ընկել են քաղաքական արենա և ասում են՝ խնդիր չկա, որ Կոռնիձորում հող ենք զիջել, դուք մնացեք այդտեղ, բայց մենք կուզեինք քաղաքապետ ընտրվել ու այս պայմաններում աշխատել։ Այդ կարգի մարդկանց համար է քաղաքապետի ընտրությունը, արենա մտնելու ու իրենց մասին հիշեցնելու առիթ։ Մենք ուզում ենք անվտանգային մարտահրավերներից խոսել։ Մենք համապետական փոփոխությունների և կենտրոնական իշխանությունների արմատական փոփոխությունների գիծն ենք առաջ տանելու»։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն էլ նշեց՝ իրենց շարժման առանձնահատկությունն այն է, որ տարբեր տեսակետներ ունեցող անձինք միավորվել են մեկ հարթակի շուրջ ու մանրամասնեց․ «Նրանց միավորել է մեկ գաղափար, սկզբունք․ քանի դեռ մենք չենք ազատվել գործող իշխանություններից, քանի դեռ Փաշինյան Նիկոլը ՀՀ-ի ղեկավարի պաշտոնն է ստանձնել, հնարավոր չի լինելու ոչինչ անել այս երկրում, պահպանել պետականությունը։ Ու բոլոր այն ուժերը, անհատները շարժումները, որոնք ունեն անկեղծ մղում այս իշխանություններից ազատվելու և բոլոր նրանք, որոնք համարում են, որ ՀՀ այսօրվա ծանրագույն իրավիճակն այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է, ես համարում եմ իմ համախոհները»։

Նա, անդրադառնալով այն հայտարարություններին, թե հնարավո՞ր է, որ ուշանում ենք, ասաց․ «Իրականում ուշացել ենք 2018-ից։ 2018-ի մայիսի 8-ին մեր երկիրը կանգնած էր ժայռի ծայրին, մայիսի 8-ին քարը փլվեց, ու մենք գլորվում ենք անդունդը։ 2020-ի պատերազմից հետո գետով խեղդվելով գնում ենք։ Այս շարժումները հետաձգեցին վերջնականապես խեղդվելը, բայց դա չի նշանակում, որ ձերբազատվեցինք այդ վտանգից։ Քանի դեռ շնչում ենք, չենք ուշացել, քանի դեռ հնարավորություն ունենք շնչելու, արտաշնչելու, միավորվելու, համախմբվելու, պայքարելու, չենք ուշացել։ Կործանարար են այն թեզերը, որոնք ասում են՝ դե, ուշացել ենք, հնարավոր չէ ոչինչ։ Չէ, հնարավոր է, քանի դեռ շնչում ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031