Լրահոս
Օրվա լրահոսը

Վրա հասնող արհավիրքի` թմրամիջոցների դեմ պայքարը ԵՊԲՀ-ում համախմբեց առաջատար մասնագետներին

Հունիս 02,2023 18:05

«Թմրանյութերի օգտագործումը՝ որպես բնակչության տարբեր տարիքային խմբերի առողջապահական և սոցիալտնտեսական բարեկեցության հիմնախնդիր» թեմայով համաժողովը ԵՊԲՀ-ում մեկ հարկի տակ էր համախմբել առաջատար մասնագետների` հոգեբույժների, հոգեբանների, թմրաբանների, այլոց:

«Թրմամիջոցներ օգտագործողների թիվը ոչ միայն շատացել, այլև բավականին երիտասարդացել է: Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման պայմաններում համացանցը դարձել է ամենադյուրին, հասանելի հատվածը՝ թմրամիջոցներ գնելու կամ վաճառելու համար:  Ծուղակն են ընկնում հիմնականում դեռահասներն ու երիտասարդները: Վերջին տարիների ընթացքում տեսադաշտից, գրեթե, վերացել են նախկինում ավանդական բուսական ծագում ունեցող  թմրանյութերը և դրանց փոխարինել են տարբեր բաղադրություն ունեցող սինթետիկ թմրամիջոցները, որոնք տասնյակ անգամ ավելի վնասակար ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա: Առաջին իսկ կիրառման փորձից հետո մարդը դառնում է  թմրամոլության, կախվածության զոհ», – ասաց ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը` հավելելով, որ թմրամոլներից շատ քչերն են դիմում մասնագիտական օգնության:

Պաշտոնական վիճակագրությունն այս առումով «ժլատ է». գրանցվածների թիվը չի արտացոլում այն պատկերը, որը ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում:

«Բժշկական մայր բուհում հավաքվել ենք թմրանյութերի ապօրինի, ոչ բժշկական ցուցումներով օգտագործման և դրա հետ  փոխկապակցված առողջապահական, սոցիալական խնդիրները վերլուծելու նպատակով: Հայաստանն անմասն չի աշխարհի զարգացումներից, և ի պատիվ իրավապահների՝ պետք է նշենք, որ բացահայտվում են բազմաթիվ հանցագործություններ, բայց դրանց բացահայտման պատճառները ոչ միայն իրավապահ մարմինների, այլև առողջապահական և սոցիալական խնդիրներ են առաջ քաշում», – մանրամասնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` տեղեկացնելով, որ թյուր է այն կարծիքը, թե թմրամիջոցների օգտագործումը վերաբերում է միայն տղամարդկանց․ այն նաև կանանց շրջանում է տարածված:

Օրինակ, վերջերս լայն քննարկված «կրիստալ» թմրամիջոցի օգտագործումը, գրեթե, 50 տոկոս դեպքերում կանանց շրջանում է տարածված:

«Այսպիսի վտանգ, որ այսօր ձևավորվել է այս դաշտում, կարծես թե, վերջին տասնամյակներում չի եղել աշխարհում, և պատճառն այսօր հայտնի է՝ անպատասխանատու կոմունիկացիոն հնարավորություններ: Մենք պետք է ազնիվ խոսենք երիտասարդների հետ, ներկայացնենք իրական վտանգները, ինչով է ավարտվելու այս ամենը և դրան հետևող մարդկային ողբերգությունը, ընտանիքի ողբերգությունը, հասարակության կործանումը: Աշխարհում վերջին տարիների ընթացքում 20 տոկոսով աճել է նրանց թիվը, ովքեր թեկուզ մեկ անգամ տրվել են այդ գաղթակղությանը: Հասարակությունը, հիմնականում դեռահասները, շատ մեծ վտանգի առջև են կանգնած, ծայրահեղ մտահոգիչ է մեր հասարակության համար այն, ինչը կարող է տեղի ունենալ, եթե չկարողանանք գնահատականներ տալ և զերծ պահել մեր երիտասարդներին նման փորձանքից», – առավել մանրամասն իր մտահոգությունը հայտնեց բուհի ղեկավարը:

Զեկուցողները համակարծիք էին` թմրամիջոցները կործանում են մարդու կյանքը բոլոր հնարավոր ճանապարհներով  և վատթարացումը  հոգեկան և ֆիզիկական առողջության տրամաբանական և անխուսափելի ավարտ է թմրամիջոցների կիրառման պարագայում:

Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նունե Վարդանյանը «Պատանեկան հոգեկան առողջություն» խորագրով զեկույցի շրջանակում ներկայացրեց պատանեկան տարիքին բնորոշ առանձնահատկությունները՝ դրանց թվում առանձնացնելով եսակենտրոն կաշկանդվածությունը, երևակայական հանդիսատեսի ֆենոմենը, անհատական միֆը, գտնված երեխայի ֆանտազիան, տարիքային սեգրեգացիան, ֆինանսական կախվածությունը, սահմանափակ հնարավորությունները, թելադրված դերերը, արտաքին աշխարհի իրադարձությունների նկատմամբ առավել խոցելիությունը, զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական կայքերի ուժեղ ազդեցությունը։

Անդրադառնալով հոգեկան առողջությանը՝ մասնագետը հայտնեց, որ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի պատանիների 10-20%-ը։ «Դեպրեսիան հանդիսանում է տվյալ տարիքային խմբում հիվանդությունների հիմնական պատճառը, իսկ ինքնասպանությունները 3-րդ տեղում են՝ որպես մահվան պատճառ։ Հոգեկան խնդիրների զգալի մասը սկսում է դրսևորվել պատանեկան տարիքում», – ընդգծեց Նունե Վարդանյանը՝ հավելելով, որ հոգեկան առողջության խնդիրների տարածումն աճում է ողջ աշխարհում։

ԵՊԲՀ դասախոսը մանրամասնորեն ներկայացրեց հոգեկան առողջության խնդիրների հիմնական ախտանիշները, դրանց առաջացման պատճառները և կանխարգելման արդյունավետ միջոցները։

«Հայաստանում մոտ 15 հազար մարդ զբաղվում է թմրամիջոցների առցանց վաճառքով, դրանք տելեգրամյան տարբեր ալիքներն են, և միայն «Տելեգրամ»-ում այսօր, ըստ ոստիկանության հաշվարկների, 1200-ից ավելի ալիք կա, և ամեն օր մոտավորապես 600 մարդ փնտրում է թմրամիջոց, ինչը սարսափելի մեծ թիվ է մեր երկրի համար», – նշեց «Թմրանյութերի և կախյալության հարցերը պատանեկության տարիքում» զեկույցը ներկայացնող Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանը:

Նրա խոսքով` թմրամիջոցները տարածվում են հենց երիտասարդների միջոցով, այսինքն՝ եթե անգամ նա չի օգտագործում թմրամիջոց, ապա միջնորդ է հանդիսանում թմրամոլի և վաճառողի միջև:

Խոսելով դեռահասների մասին` Ազատյանը շեշտեց, որ նրանց շրջանում թմրամոլությունը «համաճարակային» է:

Թմրամիջոցներ օգտագործելու պատճառները նույնն են բոլորի դեպքում. կենսաբանական, հոգեբանական  և սոցիալական:

Հոգեբուժության ամբիոնի դասախոս Սյուզաննա Բարսեղյանն անդրադարձավ մեթամֆետամինի և ալֆա-ՊՎՊ սինթետիկ թմրանյութի օգտագործումից առաջացող հոգեկան խանգարումներին՝ խոսելով տարածվածության, կանխարգելման միջոցառումների մասին: «Վերջին շրջանում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, լայն տարածում են գտել այս երկու տեսակի թմրանյութերը՝ առաջին հերթին, դրանց բարձր հասանելիության և ավելի մատչելի լինելու պատճառով: Մեթամֆետամինը կախվածություն առաջացնելու խիստ բարձր հակում ունեցող թմրանյութ է, որը բերում է ինչպես հոգեկան, այնպես էլ մարմնական բավականին ծանր և հաճախ անդառնալի հետևանքների: Այս նյութի երկարատև օգտագործման պայմաններում առաջանում է դեպրեսիա, հուսահատություն, սա էլ պատճառ է դառնում հնարավոր ինքնավնասումների, կարող է բերել նյարդաբանական և կոգնիտիվ մի շարք խանգարումների: Ալֆա-ՊՎՊ-ն ևս ծանր հետևանքներ կարող է առաջացնել: 2016թ. սկսած ԱՄՆ-ն խիստ մտահոգված էր այս թմրանյութի համար, և այն անվանեցին նյութ, որը մարդկանց վերածում է «զոմբիների», ինչու՞ ընտրվեց հենց զոմբիներ տերմինը, քանի որ դրա օգտագործումը բերում է մկանային տոնուսի բարձրացմանը, և մարդիկ երկար ժամանակ կարող են միևնույն դիրքում մնալ ժամեր շարունակ: Այն բերում է ախորժակի կտրուկ իջեցման և քաշի կորստի», – շեշտեց մասնագետը:

Համաձայն Հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Մամիկոնյանի «Հոգեակտիվ նյութերը՝ որպես սուիցիդալ վարքի ռիսկի գործոններ» զեկույցի՝ և՛ սուիցիդալ վարքը, և՛ հոգեակտիվ նյութերի օգտագործմամբ պայմանավորված խանգարումները (ՀԳԽ) բազմագործոն երևույթներ են, որոնք ներառում են հոգեբանական, սոցիալական, կենսաբանական, մշակութային և շրջակա միջավայրի ազդող գործոնները։ «ԱՀԿ 2015 թվականի տվյալներով՝ ամեն տարի աշխարհում շուրջ 900 հազար մարդ մահանում է սուիցիդից», – նշեց Արամ Մամիկոնյանը։ Համալսարանական մասնագետը ներկայացրեց Հայաստանում ինքնասպանությունից մահացության ցուցանիշները, ինչպես նաև ՀԳԽ ունեցողների մոտ ինքնասպանության բարձր ռիսկի գործոնները։
Հոգեբուժության ամբիոնի դոցենտ Մարգարիտ Թադևոսյանը խոսեց վերջին ժամանակներում մեծ տարածում գտած և, ցավոք սրտի, արդեն բժշկասոցիալական լուրջ խնդիր հանդիսացող սինթետիկ կանաբինոիդների և դրանց հետևանքով առաջացած հոգեկան և վարքային խանգարումների մասին՝ ներկայացնելով մի շարք փաստեր և թվեր:

Հոգեբուժության ամբիոնի դասախոս Հայկ Խոջայանը խոսեց հալյուցինոգեն նյութերի սուր և քրոնիկ ազդեցության մասին, Բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Ղազարյանը «Գիտակցության փոփոխված վիճակները, դատահոգեբանական փորձաքննություն» թեմայով զեկույցով հանդես եկավ:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության փորձագետ Սարգիս Ավետիսյանն անդրադարձավ Հայաստանում թմրամիջոց գործածող անձանց համար առկա առողջապահական ծառայություններին և դրանց հասանելիության խոչընդոտներին, իսկ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը՝ օփիոիդային ցավազրկողների հասնելիությանը:

«Նորածինների աբստինենցիայի համախտանիշի» և «Առավել տարածված թմրանյութները և դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա» զեկույցներով հանդես եկան նաև ԵՊԲՀ ուսանողներ Գոհար Բադալյանը և Սոնա Սարգսյանը:

Միջոցառումը համանախագահում էր  Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ ՄելիքՆուբարյանը, որը, համակարգելով «Հերացի» վերլուծական կենտրոնի աշխատանքը, պարբերաբար հանրային առողջապահական տարբեր թեմաների շուրջ բուհական տանիքի ներքո մասնագետների լայն ընդգրկմամբ համաժողովներ, բաց քննարկումներ է նախաձեռնում:

Հագեցած օրակարգով համաժողովի  նպատակն է բարձրաձայնել առաջացող խնդիրների մասին և քննարկել դրանց լուծման ուղիները:

Առանձնակի կարևորվեց նաև զանգվածային լրատվական միջոցների դերը` վրա հասնող արհավիրքի` թմրամիջոցների դեմ պայքարի գործում:

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930