Եթե դատարանը, այնուամենայնիվ, կայացնում է ազատ արձակման որոշում (օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով), քրեակատարողական հիմնարկը եւ պրոբացիայի ծառայությունը տեղեկացնում են վարույթի մասնակիցներին։ Դա անհրաժեշտ է նաեւ տուժողի իրավահաջորդի իրավունքների եւ անվտանգության ապահովման համար:
Այս տարվա օգոստոսի 12-ին Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղ է վերադարձել 56-ամյա Սեյրան Մարկոսյանը։ Նա գյուղ է վերադարձել քաղաքացիական հիվանդանոցից։
Ըստ լրահոսի, նա առողջական լուրջ խնդիր ունի, որը համարվել է կալանքի հետ անհամատեղելի, իսկ տուն է վերադարձել 34 տարվա անազատությունից հետո։
Նա 1992թ. հուլիսի 1-ին Բաղանիս գյուղում տարեց ամուսիններ Սերյոժա Սահակյանի եւ նրա կնոջ՝ Սոնա Բայրամյանի սպանության գործով դատապարտվել էր գնդակահարության, ապա՝ ցմահ ազատազրկման։ Հրազենով կատարած դաժան սպանությունից հետո նա, իր ընկերները գողացել էին 890 ռուբլի… ամուսինների կենսաթոշակը։
Կարդացեք նաև
Նրան աջակցել էին Բաղանիս գյուղի բնակիչ Արա Հարությունյանը, «զինակից» Անդրանիկ Սաֆարյանը։
Աշոտ Աղաբաբյանն իր «Գաղութ» գրքում («Ձեռքը, որը խնայելով սպանում է», 2024թ. հեղինակային հրատ. խմբագիր Այդին Մորիկյան, երկրորդ հրատ.) 1993թ. հունիսի 3-ին անդրադառնալով այս զարհուրելի հանցագործությանը՝ գրել էր. «Երբ դատավարությունը մոտենում էր ավարտին, պետական մեղադրող, Գուգարքի շրջդատախազ Ալբերտ Ղազարյանի այն հարցին, թե Սեյրանը գոնե այժմ զղջո՞ւմ է իր քստմնելի արարքի համար, մեղադրյալը հանգիստ ու անվրդով պատասխանեց. զղջա՞մ, ինչի՞ համար, ի՞նչ եմ արել որ։ Նա այդպես էլ չղջաց կատարած ոճրագործության համար»։
Տուժողների իրավահաջորդ որդին՝ շրջանի գլխավոր բժիշկ Սպարտակ Սահակյանը լրատվամիջոցներից է տեղեկացել ցմահ ազատազրկվածին ազատելու մասին։
«Առավոտին» նա երեկ ասաց. «Ես իմացել եմ պատահական կարդալով «Հրապարակը», հետո խորացա, իմացա, որ շատ ծանր վիճակով նրան տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց, որտեղ վիրահատել են. հաստաղիքի ուռուցքի կապակցությամբ։ Հեռվից գամ. նրանք իմ ծնողների թաղման օրը ձերբակալվեցին։ Ժողովուրդը դուրս էր եկել, ոստիկանության շենքի առաջ՝ «սատկացնելու»։ Հրազենով նրանց դեմ դուրս եկած ամուսիններին սպանելուց հետո լրացուցիչ ինքնաձիգով կրակել էին նրանց անշնչացած մարմինների վրա… Հովիկ Օհանյանը՝ միլպետը եկավ ասաց, խոստանում ենք, ամեն բան օրենքով կարվի, կազմակերպի, որ ժողովուրդը ցրվի։ Դատը չէր լինում, սպասում էինք, ձգձգվում էր։ Առաջին դատական նիստը Ալավերդիում եղավ, ապա՝ Վանաձորում։ Մորեղբայրս՝ Հրաչյա Բայրամյանը (թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, գրականագետ) տեղեկացավ, որ բենզին չկար, այդ պատճառով նրանց չէին բերում դատարան… կազմակերպեցինք, որ մեքենայով բերենք Կիրովականից»։
Ըստ տուժողի իրավահաջորդի, մեղադրյալի հայրը դատարանում որդու համար ասել էր՝ երանի չունենայի քեզ։
«Ս. Մարկոսյանը հուլիսին վատանում է, տանում են հետազոտում, վիրահատում, ու գրում են՝ հաստաղիքի քաղցկեղ է…մի տեղ գրված է լյարդի տակ, մի ուրիշ տեղ, ձախ կողմն է… մետաստազ չի եղել, հարմարեցրել են… Արդյո՞ք բիոպսիայի արդյունքներն իսկապես հաստատում են չարորակության աստիճանը։ Եթե չկան հեռակա մետաստազներ, ապա ազատ արձակելը դառնում է խիստ վիճարկելի»,-ասաց զրուցակիցս։
Դեռ մասնագիտական որոշ խորհրդատվությունների կդիմի տուժողի իրավահաջորդը, նրա փաստաբանը։ Նա մտադիր է պահանջել բժշկական հանձնաժողովի եզրակացության ամբողջական պատճենը, լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալները, որոնց հիման վրա դրվել է ախտորոշումը: Եթե բժշկական նյութերն ուսումնասիրելիս հայտնաբերեն ակնհայտ կեղծ տվյալներ (օրինակ՝ փոփոխված լաբորատոր ցուցանիշներ, այլ անձի հետազոտությունների կցում և այլն), հաղորդում կներկայացվի Գլխավոր դատախազություն՝ ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։
Նախկինում ԱՆ դատաբժշկական հանձնաժողովն էր անում, հիմա ԴՀ-ի միջանկյալ հանձնաժողովն է որոշում, որոնք փորձ չունեն, նորաստեղծ կառույց են։
Տուժողի իրավահաջորդը ցույց է տալիս 2003 թ.-ի նույնքան զարհուրելի մի տեսանյութ, որը կատարվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ ում. ցմահ ազատազրկվածն իր խցակցի աչքը հանել էր գդալի պոչով: Նա մահացել էր, իսկ ցմահը կրկնակի պատժի էր արժանացել։
Նկատենք,որ պայմանական վաղաժամկետ ազատման քննարկման ժամանակ, երբ քննարկվում է ցմահ դատապարտված անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը (ինչը հնարավոր է պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո), դատարանը պարտավոր է ծանուցել տուժողին կամ նրա իրավահաջորդին։ Տուժողի իրավահաջորդն իրավունք ունի ներկայանալ դատական նիստին, հայտնել իր դիրքորոշումը (համաձայն կամ դեմ լինելը) և ներկայացնել փաստարկներ։ Թեև իրավահաջորդի կարծիքը դատարանի համար բացարձակ պարտադիր չէ, դատարանը պարտավոր է այն լսել և հաշվի առնել որոշում կայացնելիս։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2026



















































