Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում վերջին 30 տարիներին տեղի է ունեցել հախուռն կառուցապատում»․ ի՞նչ են առաջարկում Երեւանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

Օգոստոս 24,2023 13:24

«Երեւանում վերջին 30 տարիներին տեղի է ունեցել հախուռն կառուցապատում, եւ մենք ունեցել ենք շատ ընդհանրական կանոնակարգող փաստաթուղթ՝ քաղաքի Գլխավոր հատակագիծը, որը 2020 թվականին իր իրավական ուժը կորցրել է, սպառվել է։ Այս ընտրություններին մենք մասնակցում ենք՝ ունենալով մի նախընտրական դրույթ, որը վերաբերում է քաղաքի մաստեր պլանը ներդնելուն։ Մի փաստաթուղթ, որը Երեւանը դեռեւս չի ունեցել, բայց ունի ցանկացած զարգացած քաղաք։ Այն ենթադրում է երկարաժամկետ փաստաթուղթ, որով կանոնակարգվում է ամբողջ քաղաքի զարգացման ծրագիրը, թե ինչպես քաղաքը պետք է զարգանա, որ ուղղությամբ, փողոց առ փողոց ինչպիսի հարկայնություն պետք է լինի, ինչ տիպի շինություններով»,- այս մասին այսօր «Նախագծելով վաղվա Երևանը․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քաղաքային պլանավորումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։

Դավիթ Խաժակյանի լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Ըստ նրա՝ այդ փաստաթղթից պետք է բխեն քաղաքապետի կողմից տրվող շինթույլտվությունները, նախագծման թույլտվությունները եւ ընդհանրապես քաղաքի զարգացումը։ «Եթե մենք չունենանք այս փաստաթուղթը, այս հախուռն կառուցապատումը կշարունակվի, որտեղ մենք կունենանք բազմահարկ շենքեր, բայց չենք ունենա որեւէ ենթակառուցվածք՝ մանկապարտեզ, դպրոց, պոլիկլինիկա կամ ընդհանրապես փողոցի թողունակություն։ Ես մաստեր պլանը համարում եմ ոչ միայն քաղաքական փաստաթուղթ, որը պետք է մեր բոլորիս պատկերացումները քաղաքի զարգացման առումով ընդգրկի, այլ նաեւ մասնագիտական փաստաթուղթ, որը պետք է ձեւավորվի միջազգային փորձագետների ներգրավմամբ»,- հավելեց նա։

Արթուր Մայիլյանի լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Արթուր Մայիլյանն ասաց, որ վերջին 30 տարիներին Երեւանի Գլխավոր հատակագիծը բազմիցս աղավաղվել է։ «Այդ իսկ պատճառով մենք նոր հատակագծի վրա աշխատանքներ ենք իրականացրել։ Մենք առաջարկում ենք եւ արդեն սկսել ենք, GIS համակարգ ենք ներդնելու, ունենալու ենք էլեկտրոնային քարտեզագրումները, որը մեզ թույլ է տալու իմանալ, թե որ զոնայում քանի հարկանի շենքի թույլտվություն կարող են տալ։ Եթե կառուցապատողն ուզում է շինարարություն սկսել, կարող է մտնել այդ համակարգ եւ տեսնել, թե որ զոնայում քանի հարկանի շենքի շինթույլտվություն կարող է ստանալ»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, որ իշխանությանը մեղադրում են Երեւանում կառուցապատման բում ստեղծելու մեջ, Արթուր Մայիլյանն ասաց․ «Այո, մեր կառավարման տարիներին նոր թաղամասեր են ստեղծվել եւ ստեղծվում են։ Քանի որ 30 տարվա մեջ այդպես մեծածավալ աշխատանք չի եղել, հիմա արդեն թաղամասեր են ստեղծվում, դա է պատճառը, որ մեզ մեղադրում են։ Բայց դա մեղադրանք չէ, որովհետեւ Երեւանի բնակֆոնդը հին է, անհրաժեշտ են նոր բնակարաններ, որը շատ գովելի է եւ պետք է մեր հանրությանը»։

Դավիթ Մարգարյանի լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Դավիթ Մարգարյանի խոսքով՝ քաղաքի մաստեր պլանում երկու կարեւոր բաղադրիչ կա՝ մասնակցայնություն եւ դրա հասանելիություն։ «Եթե մենք խոսում ենք այն մասին, որ 30 տարի կառուցապատվել է, եւ խախտվել է Գլխավոր հատակագիծը, դա հետեւանք է նրա, որ հատակագիծը հասանելի չի եղել մարդկանց։ Երեւանի Գլխավոր հատակագիծը գաղտնի փաստաթուղթ է, այո, օբյեկտիվ պատճառներ կան, բայց կառուցապատման տեսակետից այն պետք է հասանելի լինի։ Երեւանի Գլխավոր հատակագծի գործողության ժամկետը, այո, սպառվել է, բայց համաձայն օրենսդրության՝ ինքը շարունակում է գործել այն նորմերով, որով կա։ Իհարկե, պետք է հստակ հասկանալ, որ նույնիսկ 2020 թվականի Երեւանը 2023 թվականի Երեւանից բավական տարբերվում է։ Եվ այս տեսակետից մենք օր առաջ պետք է ունենանք այս Գլխավոր հատակագիծը։ Մենք էլ մեր նախընտրական ծրագրում ունենք քաղաքի երկարաժամկետ պլանավորման փաստաթուղթ, որի կարեւոր եւ առանցքային հարցերից մեկը հետեւյալն է՝ այդ փաստաթղթում պետք է լինի երեւանցին, որովհետեւ այդ փաստաթուղթը երեւանցու համար է»,- ասաց Դավիթ Մարգարյանը։

Հարցին, թե ի՞նչ գործիքակազմով պետք է ապահովել դրա իրագործումը, Դավիթ Մարգարյանը պատասխանեց, որ տարբեր գործիքակազմեր կան՝ հանրային քննարկումներ կազմակերպելուց մինչեւ լավագույն մասնագետներին այդ աշխատանքներում ներգրավելը։ «Այո, մի քիչ պետք է ժամանակ կորցնենք, բայց պետք է չարչարվենք, որպեսզի հետո այդ փաստաթուղթը փոխելու կարիք չլինի։ Իսկ փաստաթուղթը փոխելու կարիք է զգացվում այն դեպքում, երբ ինքը միահեծան, մի կողմի հայացքներն ու գաղափարներն արտահայտող փաստաթուղթ է լինում։ Դա է պատճառը, որ ամեն անգամ, երբ իշխանություն է փոխվում, կարիք է լինում նաեւ փոխել այդ փաստաթուղթը, որովհետեւ այն մասնակցային չէ»։

Դավիթ Խաժակյանը հավելեց, որ շատ կարեւոր է այն մասնագիտական խմբերի այցելությունները թաղամասեր, բակեր, որոնք պետք է այդ փաստաթուղթը ձեւավորեն։ «Միայն մարդկանց մոտ գնալու ու քո պլանների մասին պատմելու դեպքում հնարավոր կլինի իրենցից լսել արձագանք եւ տեղայնացնել այդ արձագանքը։ Ի վերջո, փաստաթուղթը բարդ փաստաթուղթ է, եւ պատասխանատու մարդիկ կամ այն խումբը, որը կստեղծի այդ մաստեր պլանը, պետք է գնան այդ բակեր, ներկայացնեն այդ նախագիծը եւ ստանան հավանություն կամ առարկություններ ու առաջարկություններ՝ դա իրականացնելու համար։ Ի դեպ, այս քարոզարշավը լավ առիթ է՝ դա իրականացնելու համար»,- նշեց Խաժակյանը։

Անդրադառնալով կառուցապատումը քաղաքի ծայրամասեր տեղափոխելու մասին հարցին՝ Դավիթ Խաժակյանն ասաց, որ համաչափ զարգացման բանաձեւը վարչական շրջաններում իրենց սեփական կենտրոններ ստեղծելն է, որի շուրջ կձեւավորվեն այն ենթակառուցվածքները, որի համար մարդիկ գնում են քաղաքի կենտրոն։ «Դեռեւս տարիներ առաջ, երբ ես ապրում էի Երրորդ մասում, եթե մենք ուզում էինք գնալ այնպիսի սրճարան, որոնք կային քաղաքի կենտրոնում, այդպիսիք չկային Երրորդ մասում։ Այսինքն՝ հնարավորությունը կար, բայց ծառայությունը զարգացած չէր։ Եթե մենք խոսում ենք Կենտրոնը բեռնաթափելու մասին, դա նշանակում է, որ Կենտրոնում այլեւս ոչ մի բազմահարկ շենքի շինթույլտվություն չպետք է տալ»,- նշեց նա։

Դավիթ Մարգարյանը, անդրադառնալով համաչափ զարգացմանը, ասաց, որ տեղական իշխանության գերխնդիրն է ապահովել պայմաններ, որ բիզնեսը ինքը ցանկանա տվյալ համայնքում ներդրում անել։ «Քաղաքային իշխանության գերխնդիրն է նաեւ ապահովել այն կարեւոր հանրային ծառայությունների մատուցումը՝ սկսած նախադպրոցական ծառայություններից, վերջացրած պոլիկլինիկաներով, որպեսզի այդտեղ ապրելը մարդկանց համար հարմար կլինի։ Եթե հարմար լինի ապրել, այդտեղ անշարժ գույքի գները բարձր կլինեն, իսկ եթե գները բարձրանում են, ինքնըստինքյան այդտեղ է ձգվում բիզնեսը։ Քաղաքի համաչափ զարգացման տեսանկյունից այս հարցերը հաշվի չառնելը ճիշտ չէ»,- հավելեց Մարգարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031