Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքը խայտառակության մասին է. ԱԱԾ-ն, թեկուզև կոչեն Արտաքին հետախուզական ծառայություն, լուրջ պրոֆեսիոնալներ պետք է ղեկավարեն. Թաթուլ Պետրոսյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2023 10:39

Շուրջ 1 տարի է, ինչ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքն ԱԺ-ն ընդունել է` այն ընդունվեց 2022 թվականի  դեկտեմբերի 23-ին, նախագահը ստորագրել է դեկտեմբերի 30-ին, եւ օրենքն ուղիղ դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտել, սակայն այդ մարմինը մինչ օրս ձեւավորված չէ։ Նշենք, որ այս օրենքի հիման վրա պետք է արտաքին հետախուզությունն անջատվեր Ազգային անվտանգության ծառայությունից, եւ պետք է ձեւավորվեր նոր՝ Արտաքին հետախուզական ծառայություն։

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանին հարցրինք, թե, իր կարծիքով, ինչու ընդունվեց օրենքը, եթե ծառայությունը չի ձեւավորվում, եւ ի՞նչ ենթադրություններ ունի՝ ինչո՞ւ չի ձեւավորվում կառույցը։ «Հարցին այս տեսանկյունից է պետք նայել․ իշխանությունները 2018 թվականին իրենց հանցախմբով գրավելով մեր երկրի իշխանությունը՝ ամբողջությամբ կազմաքանդեցին բոլոր պետական համակարգերը։ Բանակը կազմաքանդեցին եւ շարունակում են կազմաքանդել, ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն սարքեցին՝ անհասկանալի պատճառաբանություններով, Ազգային անվտանգության ծառայությունն էլ որոշեցին սարքել Արտաքին հետախուզության ծառայություն եւ նշում էին, որ դա պետք է շուտ կազմակերպեն։ Նույնիսկ անուններ հնչեցին՝ մարդու իրավունքների նախկին պաշտպան կար՝ Քրիստինե Գրիգորյանը, խոսվում էր, որ նա կարող է նշանակվել։ Խոսքը խայտառակության մասին է․ ԱԱԾ-ն, թեկուզեւ կոչեն Արտաքին հետախուզական ծառայություն, լուրջ պրոֆեսիոնալներ պետք է ղեկավարեն, այլ ոչ թե ինչ-որ անփորձ աղջնակի նշանակեն։ Տեսեք՝ իրենք կառույցը չեն ստեղծում, եւ ես դրա մեջ լուրջ դիտավորություն եմ տեսնում։ Պատերազմի մեջ գտնվող երկիրը, որը շրջափակված է թշնամիներով, երբ ամեն օր նոր պատերազմ է սպասվում, կազմաքանդում են Ազգային անվտանգության ծառայությունը՝ այսպիսի ծառայություն ստեղծելու կեղծ մտադրությամբ։ Ես համոզված եմ, որ կան պրոֆեսիոնալ կադրեր, որոնք այսօր դեռեւս բավականին լուրջ ծառայություն են մատուցում հայրենիքին, եւ դա զուտ իշխանությունների քաղաքականությունն է՝ կազմաքանդել մինչեւ վերջ»,- ասաց Պետրոսյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930