Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզի դատարանի դիմումը Սահմանադրական դատարանում մերժվեց

Սեպտեմբեր 09,2023 13:00

Սեպտեմբերի 5-ի որոշմամբ, Սահմանադրական դատարանը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել է:

Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ սահմանադրական վերահսկողության շրջանակներից դուրս է օրենքի դրույթների՝ միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխանության հարցի ստուգումը:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը մուտքագրվել էր 2023 թվականի օգոստոսի 11-ին: Դիմողն իր՝ 2023 թվականի օգոստոսի 8-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ դիմել է Սահմանադրական դատարան` «… 22.10.2015 թվականից մինչեւ 31.07.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ եւ 57-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով…»: Դիմող դատարանը հայտնել էր, որ իր վարույթում է գտնվում Անահիտ Մաճկալյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԳՄՍՆ Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի՝ տնօրենի 26.01.2023թ. թիվ 7 հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին:

22.10.2015 թվականից մինչեւ 31.07.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ենթադրաբար կարող է հակասել ինչպես Խարտիայի 24-րդ հոդվածին, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 57-րդ հոդվածներին, մասնավորապես, տվյալ հիմքի կիրառման համար, ըստ սահմանված կարգավորման, բավարար է միայն անձի՝ կենսաթոշակային տարիքի լրանալը եւ աշխատանքային պայմանագրով տվյալ հիմքի սահմանված լինելն՝ առանց գնահատելու եւ հաշվի առնելու աշխատողի մասնագիտական ընդունակությունները եւ վարքագիծը կամ հիմնավորելու, որ գործատուի մոտ առկա են գործնական պահանջներ, որոնցով պայմանավորված առաջացել է աշխատանքային պայմանագրի լուծման անհրաժեշտությունը: Աշխատանքային պայմանագիրը միայն կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով լուծելու դեպքում աշխատողի նկատմամբ ենթադրաբար կատարվում է գործողություն, որի արդյունքում տվյալ անձը կենսաթոշակային տարիքի չհասած անձանց համեմատ հայտնվում է նվազ բարենպաստ իրավիճակում, տարիքի հիմքով սահմանափակվում է նրա աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու իրավունքը, տվյալ անձը զրկվում է այլ անձանց հետ աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում ունեցած հնարավորության հավասարությունից, այլ կերպ ասած՝ նրա նկատմամբ հնարավոր է, որ դրսեւորվում է ուղղակի խտրականություն, որի արդյունքում խախտվում է օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, քանի որ, ի տարբերություն այլ անձանց, կենսաթոշակային տարիքի հասած անձը, տարիքի հիմքով ազատվելով աշխատանքից, զրկվում է աշխատող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք երաշխիքներից եւ հնարավորություններից: Ըստ դիմողի եզրահանգման, դատարանը հիմնավոր կասկածներ ունի սույն գործով կիրառելի՝ 22.10.2015 թվականից մինչեւ 31.07.2023 թվականը խմբագրությամբ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ այնքանով, որքանով սահմանում է որոշակի կենսաթոշակային տարիքով պայմանավորված եւ աշխատանքային պայմանագրում դրա լուծման նշված հիմքի ներառման դեպքում աշխատանքային պայմանագրի գործատուի նախաձեռնությամբ լուծման հիմքը, հակասել է ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ եւ 57-րդ հոդվածներին, քանի որ նշված հիմքը հակասել է Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջեւ բոլորի հավասարության, խտրականության արգելքի սկզբունքին եւ աշխատանքի ազատ ընտրության իրավունքին:

ՍԴ-ն արձանագրեց, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Այս համատեքստում ՍԴ-ն փաստում է, որ դիմողը սահմանափակվել է վերոնշյալ քաղաքացիական գործի դատավարական նախապատմության շարադրմամբ, տվյալ գործով հայցվորի՝ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության շրջանակներում ներկայացված հիմնավորումները, ինչպես նաեւ դրա դեմ պատասխանողի առարկությունները ներկայացնելով, ապա վկայակոչելով նաեւ վիճարկվող նորմի բովանդակությունը, ինչպես նաեւ մի շարք միջազգային փաստաթղթերով եւ Սահմանադրության համապատասխան հոդվածներով ամրագրված կարգավորումները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930