Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին․ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց

Հոկտեմբեր 10,2023 23:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին։ Նա ասաց, որ բացարձակ իդեալական վիճակներ չկան եւ չեն էլ լինելու։

«Գրանադան մեզ տվեց երկու շատ կարեւոր հայտարարություն։ Առաջինը քառակողմ հայտարարությունն էր, երկրորդը՝ մեր երկկողմ հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ։ Շատ կարեւոր արձանագրում է, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։ Եվրամիության երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը եւ Եվրահանձնաժողովը արձանագրեցին այս փաստը։ Հաջորդը, երկու հայտարարություններում էլ արձանագրվեց, թե որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները։

Այդ հենասյուներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդգծումով տարածքների չափերը, երկրորդը, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ համաձայն կողմերին փոխանցված Խորհրդային միության վերջին շրջանի քարտեզների։ Եվ երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, համահավասարության ու փոխադարձության ներքո։

Դատապարտվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, արձանագրվեց ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց Եվրամիության եւ նաեւ ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցել այս գործընթացը, հումանիտար իրավիճակը կառավարելու առումով։ Արձանագրվեց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան առանց նախապայմանների։ Եվ արձանագրվեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե ո՞րն է թերությունը կամ բացը։ «Բացը այն է, որ հայտարարությունը քառակողմ է, ոչ թե հնգակողմ։ Այսինքն՝ ի սկզբանե նախատեսվում էր, որ այն պետք է լիներ հնգակողմ, բայց Ադրբեջանի ստորագրության բացակայությունն այդ փաստաթղթի ներքո թերություններից է։ Եթե այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մենք մինչեւ տարվա վերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70 տոկոսից ավելի բարձր է»,- հավելեց նա։

Հարցին, թե Ադրբեջանն իր զորքերը կհանի՞ Հայաստանի տարածքից, եւ ինչո՞ւ Հայաստանը Գրանադայի հանդիպման ժամանակ չբարձրացրեց գերիների, ԼՂ գործիչների ձերբակալության հարցերը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իրականում այդ հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կա։ Եվ այնտեղ կոչ էր հղված բոլոր կողմերին, որպեսզի նրանք բոլոր գերիներին ազատ արձակեն։ Եվ մենք միշտ էլ պատրաստակամություն հայտնել ենք գնալ այդպիսի լուծումների»։

Ըստ Փաշինյանի՝ երբ դելիմիտացիայի հիմքում դրվում են քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, դա նշանակում է, որ այդ սահմանի խախտումները պետք է վերացվեն։ «Բայց հիմա պրոբլեմն այն է, որ այս ձեւակերպման տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից, առնվազն արեւմտյան տիրույթում ձեւավորվել է պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի հիմքը ապագա խաղաղ կարգավորման։ Այսինքն՝ իրականում հայտարարության երեք հենասյուները ձեր բարձրացրած բոլոր հարցերն արձանագրում են»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031