Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ամենից, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, շահում է միայն Ռուսաստանը»

Հոկտեմբեր 14,2023 14:00

«Եթե արտաքին քաղաքական վեկտոր չես փոխում, եթե ռազմաբազայի հարց չես բարձրացնում, ապա ինչի՞ համար ես Միշելի, Մակրոնի եւ մյուսների մոտ հակառուսական բաներ խոսում».

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

– Իննամսյա շրջափակման ընթացքում Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում ողջ պատասխանատվությունը դրեց ՌԴ-ի եւ խաղաղապահ զորախմբի վրա, ինքն էլ արեւմտյան հարթակներում հարցի լուծման փաստաթղթեր ստորագրեց` Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս։ Հիմա, Հայաստանում գերիշխում է կարծիքը, որ Արցախը հանձնել է ՌԴ-ն` «գցելով» նաեւ արցախցիներին, որոնցից շատերը, 2020 թվականի պատերազմից հետո, հույս ունեին, որ Արցախը կդառնա ռուսական պրոտեկտորատ ու հայկական բնակչությունը կմնա Արցախում։ Ինչո՞ւ այդպես վարվեց ՌԴ-ն. ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետեւանքով պետությունն ու ժողովուրդը պատժվում։

– Ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքականության համար այսօր գլխավորն Ուկրաինայի դեմ տարվող պատերազմն է։ Այս պատերազմին նախապատրաստվելու շրջանում Ռուսաստանին անհրաժեշտ էր ապահովել ամուր թիկունք եւ ՆԱՏՕ-ի մեջ «իր գործակալին»՝ ի դեմս Թուրքիայի. Թուրքիային այդ ծառայությունների դիմաց վճարելու համար Մոսկվան օգտագործեց Արցախը եւ Հայաստանը։ Այս տրամաբանության մեջ պետք է նայել վերջին ընթացքի ողջ զարգացումները՝ սկսած Նիկոլ Փաշինյանին Հայաստանում իշխանության բերելուց, մեր բանակն ու դիվանագիտությունը փլուզելուց, մինչեւ արդեն այդ նախապայմաններում անխուսափելի պարտությունը պատերազմում եւ պատերազմի արդյունքում ռուսական զորք տեղավորելը։

Ռուսաստանին մեղադրելուց առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի այն հարցին, թե ո՞վ զրոյացրեց Մինսկի խմբի ջանքերը, ո՞վ բերեց ժանգոտած զենքեր ու չկրակող ինքնաթիռներ, ո՞վ նշանակեց ապիկար հրամանատարներ, ո՞ւմ անհեթեթ հրամաններով եղան հազարավոր զոհերը, ո՞վ դարձրեց մեր պարտությունը անխուսափելի, եւ, որպես արդյունք՝ ո՞վ բերեց ռուս «խաղաղապահներին» եւ մեր երկրի անվտանգությունը դարձրեց կախյալ ընդամենն այդ մեկ ֆակտորից։ Ընդ որում, Արցախի մեծ մասը թուրքերին հանձնելը եւ այնտեղից հայկական զորքը դուրս բերելը ուկրաինական պատերազմից առաջ, Ռուսաստանի կողմից Թուրքիային վճարվող միայն կանխավճարներ էր։ Վճարի երկրորդ տրանշը՝ Արցախն ամբողջությամբ հայաթափելն ու այն ամբողջությամբ թուրքերին հանձնելն էր։

Այն, որ Նիկոլը ինչ-որ արեւմուտքներում ինչ-որ բաներ է ասում, ինչ-որ թղթեր է ստորագրում, Ռուսաստանին հուզում է միայն այնքանով, թե այդ թղթերից ի՞նչ օգտակար բաներ կհանի իր համար եւ ինչպե՞ս ամեն ինչ կբարդի Նիկոլի վրա։

Իրականում, ամենեւին կարեւոր չէ, թե Նիկոլն ի՞նչ է ասում եւ ի՞նչ է ստորագրում, կարեւորն այն է, թե ո՞վ է շահում այդ ամենի արդյունքում: Իսկ տվյալ դեպքում դա Ռուսաստանն է։ Այնպես որ, խոսել Նիկոլի արեւմտամետության մասին, առնվազն տրամաբանական չէ, քանի որ այն ամենից, ինչ նա անում է, շահում է միայն Ռուսաստանը։

Միաժամանակ, Նիկոլի «արեւմտամետ», կամ «հակառուսական» հայտարարությունները նույնպես ծառայում են Ռուսաստանի շահերին՝ նախ այն առումով, որ Կրեմլի ցանկացած քայլ բացատրվում է ոչ թե Ռուսաստանի քաղաքական նպատակներով, այլ պարզունակ նեղացածությամբ Նիկոլի խոսքերից։ Ավելին, երբ Ռուսաստանը Նիկոլին հանի գործից, նա կարող է կրկին բացահայտվել, որպես հայ ժողովրդի բարեկամ եւ Հայաստանի գլխին բերած բոլոր փորձանքները բացատրել զուտ Նիկոլի անձով, իսկ նրան վերացնելու դեպքում ինքը դառնում է կուսական մաքրությամբ քույր։

– Ուշագրավ էր նաեւ ՌԴ նախագահի այն հայտարարությունը, որ արդար չէ Նիկոլ Փաշինյանին մեղադրել Արցախը հանձնելու մեջ, քանի որ դա հայ ժողովրդի ընտրությունն էր։ ՌԴ նախագահի նման հոգատարությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ի՞նչ բացատրություն ունի։

– Սա պարզապես նշանակում է, որ այս փուլում Նիկոլը դեռ նոր ծառայություններ ունի մատուցելու Ռուսաստանին, որ նրանից նոր գործողությունների ակնկալիք կա։ Իհարկե, այս նոր ծառայություններից առաջ Նիկոլը կրկին հակառուսական հայտարարություններ կանի՝ Պուտինի հրամանով, թե իրավիճակից ելնելով՝ դա երկրորդական հարց է, բայց դա նույնպես մտնում է վերը նշած տրամաբանության մեջ։

Ու նաեւ չի կարելի ժխտել, որ Նիկոլը հայ ժողովրդի ընտրությունն է։ Ակնհայտ է, հայ ժողովուրդը կորցրել է իր իմունիտետը, ինքնապաշտպանության իր բնազդը։ Թե ինչպե՞ս հայ ժողովուրդը վարակվեց ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով՝  դա այլ քննարկման հարց է, իսկ ժողովրդին՝ ինքն իրեն կոտորելու մեջ մեղադրելը, նույնպես նոր մեթոդաբանություն չէ. մինչ այժմ ֆաշիստական գաղափարախոսները, այդ թվում նաեւ Ռուսաստանում, հրեա ժողովրդին են մեղադրում ինքն իր հանդեպ կազմակերպած ու իրականացրած Հոլոքոսթի մեջ։

– Արցախի հանձնումից հետո, Նիկոլ Փաշինյանն ու տարբեր տրամաչափի ՔՊ-ականներ հակառուսական դիրքորոշումները խստացրին, խոսք գնաց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում սահմանափակելու հարցն է ակտիվ քննարկվում։ ՌԴ-ում էլ հակաքայլեր սկսեցին` Լարսում հայկական բեռնատարները կուտակվեցին, կոնյակի որակի հետ կապված խնդիրներ ի հայտ եկան, անգամ լուրեր տարածվեցին, որ ռուսաստանյան խոշոր խանութներում հայկական ապրանքների վաճառքի սահմանափակման հարց կա, հայ գործարարներին ՌԴ-ում սկսել են ավելի խիստ հետեւել եւ այլն։ Տպավորություն է, որ իշխանության վարքագծի արդյունքում պատժվում են սովորական մարդիկ։

– Այո, կա նման տպավորություն եւ Ռուսաստանը Նիկոլի հետ ձեռք ձեռքի տված՝ ամեն ինչ անում են, որպեսզի այդ տպավորությունը խորանա։ Ձեր ասած սովորական մարդիկ ստիպված մտածում են, որ Ռուսաստանը հիմարի մեկն է, վրեժխնդիր մի երկիր, ով ուշադիր հետեւում է, թե ինչպե՞ս է Նիկոլը «սիրում է-չի սիրում» խաղում, եւ քայլերը կառուցում է այդ խաղի արդյունքների հիման վրա։ Այսինքն, եթե Նիկոլը պուպուշ բաներ ասեր Պուտինի մասին, ապա ոչ միայն Շուշին չէինք կորցնի, այլեւ Եվլախն ու Կարսն էլ ձեռք կբերեինք։ Այլապես, այդ սովորական մարդիկ ստիպված կլինեին մտածել, որ Ռուսաստանը լուրջ երկիր է, ով իրականացնում է իր ռազմավարությունը եւ ոչ թե կախված է Նիկոլի խոսքերից կամ սիրելուց։

– Զուգահեռաբար, պարզվեց, որ ՀՀ -ն դիմել է ՌԴ -ին` էներգակիրների հարցով ու մեծահոգաբար ստացանք լրացուցիչ քվոտաներ, Նիկոլ Փաշինյանն էլ իր վերջին հարցազրույցում, ՌԴ -ից հնչող դիտողություններին, թե Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, պատասխանեց, որ արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում, 102 ռազմաբազայի հարց չենք դնում։ Ինչպե՞ս կբացատրեք տեղի ունեցողը։

– Ամեն ինչ մնում է նույն տրամաբանության մեջ. եթե արտաքին քաղաքական վեկտոր չես փոխում, եթե ռազմաբազայի հարց չես բարձրացնում, ապա ինչի՞ համար ես Միշելի, Մակրոնի եւ մյուսների մոտ հակառուսական բաներ խոսում։ Իհարկե, ԵՄ-ում, ԱՄՆ-ում եւ այլուր շատ լավ են հասկանում այս պասյանսը, սակայն Նիկոլի հետ շարունակում են հանդիպել, որպեսզի չկորցնեն մեր տարածաշրջանում իրենց ներկայացվածության պատրանքը: Ու նաեւ, ազնիվ լինենք, իսկ ուրիշ ի՞նչ կարեւոր քաղաքական ուժ կա Հայաստանում, ում հետ արժեր, որ նրանք հանդիպեին։ Միաժամանակ, նրանք էլ շատ լավ են հասկանում, որ Նիկոլի հետ լուրջ բաներից խոսել չի կարելի ու նրան լուրջ առաջարկներ չեն անում: Չեմ կարծում, թե Գրանադայում իրեն լրջորեն առաջարկել են միակողմանի, առանց Ալիեւի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել. ավելի շուտ Պուտինն է ասել՝ գնա այնտեղ ճանաչիր, թող ես շառից-փորձանքից հեռու լինեմ։

– Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում անկլավների ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները ի՞նչ ենթադրությունների տեղիք են տալիս։

– Կարծում եմ, որ անկլավները եւ «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի կողմից Թուրքիային վճարվող երրորդ տրանշն են։ Ակնհայտ է, որ անկլավները հանձնելու դեպքում այնտեղ տեղավորվելու է ոչ թե խաղաղ բնակչություն, այլ կայազորներ, եւ այս դեպքում Հայաստանում խաղաղության մասին այլեւս երբեւէ չի կարելի խոսել ու երազել։

Ինչ վերաբերում է միջանցքի վերաբերյալ Նիկոլի բերած երկար ու դատարկ փաստարկներին, ապա ակնհայտ է, որ Մեղրու երկաթգիծը անցնելու է այն տարածքով, որտեղ գտնվում են ռուս սահմանապահները, հենց նրանք էլ վերահսկելու են այն, Հայաստանը որեւէ առնչություն չի ունենալու այդ ամենի հետ։ Ռուսաստանը ենթադրում է, որ այս դեպքում ինքը ոչ միայն լավ փող է աշխատելու, այլեւ լինելու է արեւմտյան եւ արեւելյան թուրքական աշխարհների հարաբերությունները վերահսկողի դերում։ Երկաթգծով Թուրքիայից Ադրբեջան են գնալու ոչ թե խաղաղ բեռներ, այլեւ զորք, տանկեր ու հրթիռներ, իսկ մեզ մնալու է միայն մեր ատամներն անզոր կռճտացնելն ու «հայի էշ խելքը» հայհոյելը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ամեն ինչ ասվեց տեղը-տեղին: Հազիվ մի քաղաքագետ գտնվեց, որ անաչառ կարծիքներ հայտնեց:
    Եթե նիկոլին բնորոշենք մի քանի խոսքով, ապա նա
    ռուսաստանի անբարոյական քաղաքականության անբարոյական կատարածուն է և միաժամանակ՝
    ռուսաստանի թաշկինակն է (որ նրա կեղտերն իր վրա վերցնի): Նա Հայոց Աշխարհի ամենանողկալի դավաճանն է և շարունակում է իշխել Հայաստանում ռուս-թուրքական հայակործան բոլոր ծրագրերը մինչև վերջ տեղ հասցնելու նպատակով: Նա չունի որևէ բարոյական հատկանիշ, որ ամաչի իր կատարած ստորությունների համար:
    30 տարվա պայքարից հետո ինչքան արագ կորցրեցինք մեր հրաշք ԱՐՑԱԽԸ, քանի որ ըստ ժողովրդական խոսքի. «Գողը որ տնից է լինում, եզը երդիկից են հանում»:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031