Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության վերջին գարունը. Մաս 2

Նոյեմբեր 01,2023 20:55

Սկիզբը՝ այստեղ 

2018 թվականի տարեվերջն էր: Ընտրությունները կայացել էին, Փաշինյանը վերջնականապես վերցրել էր իշխանությունը, իսկ ես՝ ժամանակից հետ ընկածս, նստած էի նույն իմ Ամիրյանի տանը: Ամանորի գիշերն էր: Փաշինյանը ելույթ էր ունենում առաջին անգամ, որպես վարչապետ, երեխաների հետ, լայն ժպիտով: Անկեղծ ասած, առաջին մեղքս այդ ժամանակ զգացի, քանի որ դուրս գալիս էր նման անմիջականությունը երկրի ղեկավարի կողմից: Նման բան նախկին որևէ նախագահի կողմից չէի տեսել: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ շատ եթերներ չկար, սերունդն էլ այլ էր, դե իսկ Սերժ Սարգսյանը շատ ուշ մտավ այդ դաշտ՝ իր վրա կրելով Ռոբերտ Քոչարյանի տարիների կադրերի, քայլերի և հիշողություններ մասին անմարսելի  ժառանգությունը:

Որքան էլ որ զարմանալի է, Փաշինյանի ուղերձի ժամանակ ինձ կրկին զանգահարեց ամիսներ առաջ գույժ հայտնած կոնֆլիկտաբանը: Երկար ժամանակ է, նա հետս չէր խոսել, անգամ վերջին իր գրառումը համացանցում իր գոյության տեսքով եղել էր ապրիլին:

– Երբևէ եղե՞լ է, որ լայն ժպիտով մահապատիժ կարդան- հարցրեց կոնֆլիկտաբան ընկերս:

-Չեմ հասկանում ինչի հետ ես, բայց ամեն դեպքում կարծես լավն էր Փաշինյանի ուղերձը, ժպիտով, ընտանիքի հետ…,– հակադարձեցի ես

-Իր իշխանության գալու օրերին անգամ արյուն է թափվել, կարմիր գծեր են հատվել ու դեռ շատ են հատվելու, մահ բերողները սկսում են զոհին տաքացնելուց: Մի մոռացի, ամենալավ թալանը Հին Հռոմում տեղի էր ունենում տարատեսակ ներկայացումների, զվարճանքների և գինարբուքների ժամանակ: Մեր դեպքում, գումարից ավելի թանկ բան են տանելու, հիշի՛ դա:

Զրույցը ավարտեցինք այն հույսով, որ դեռ կխոսենք միմյանց հետ: Հունվարի վերջն էր: Մի տեղ կարդացի, որ 44 օր հացադուլի մեջ գտնվող ԶԼՄ-ի խմբագիրը մահացել է: 44 օր… որքան անծանոթ թվեր էին դրանք 2019 թվականի հունվարի համար: Ես ակնկալում էի, որ ժողովրդավարության դաշտը կթնդա, ուժային կառույցները, որոնք ըստ տրամաբանության պետք է 2018-ի ապրիլից հետո դղյակաորսը ավարտած լինեին, կալանավորեին ահռելի մեծ թվով մարդկանց, կգտնեն մեղավորներին, դե իսկ իշխանությունը կհետևի, թե ինչո՞ւ այս ամենը եղավ..

Շատ միամիտ էի, շատ…

Նախ, հասարակությունը շատ հանգիստ ընկալեց հացադուլ անող մարդու մահը, չեղան պահանջներ իշխանության հասցեին բացահայտումներ անելու, քաղհասարակությունը լուռ էր, իրավապաշտպաններն էլ խոսում էին ամեն ինչից, բացի դրանից: Ես զարմացած էի, ախր սեր, հեղափոխություն, գրկախառնություն: Ու՞ր էր այդ ամենը: Չէ՞ որ դրա հիմքում ժողովրդավարությունն ու իրավունքն էր: Փաստացի մնացել էր միայն իրավունքը, մահվան անբեկանելի իրավունքը:

Այդ ամենը մտորելով թերթում էի համացանցը, որտեղ դեռևս մերօրյա բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և քաղաքական ուժեր հավանում, տարածում և աստվածացնում էին Փաշինյանին: Այդպիսիք, իհարկե, հետագայում դարձան ընդդիմադիրներ: Պատճառները տարբեր էին, մեկի քավորին աշխատանքից հեռացրեցին, մյուսի հորը, էն մեկն էլ կարծես իր ուզած կաբինետը չէր կերտել նորաթուխ իշխանության հինգերորդ կետում: Սա շատ կարևոր հատված է, որը ընթերցողը պետք է հիշի և ընկալի, քանի որ այն ուղիղ կապ ունի ներկայիս ընդդիմության անհաջողությունների հետ:

Անցան ամիսներ: Այդ ընթացքում իշխանության եկած պատգամավորները իրենց նոր կապերն էին ստեղծում գործարար և քրեական աշխարհի հետ: Գործարար աշխարհին հետաքրքիր չէր այլևս Մելիք Ադամյան 2-ը, որտեղ մնացել էին նվիրյալ հանրապետականները: Առհասարակ, գործարար աշխարհին նվիրյալներ պետք չեն: Ի դեպ, նույն սկզբունքը գործում էր ՀՀԿ-ի միջնախավից մի փոքր վերև գտնվող հատվածում: Դա ևս ծառայել էր իրենց պարտության պատճառ: ՀՀԿ-ի ամենամեծ սխալներից մեկը այն էր, որ ամենալավ և հեռանկարային կադրերը հերթ էին կանգնել՝ մանդատ -ձայնի դիմաց, գործարքի գնացողների թիկունքում և տեսանելի չէին: Արդյունքում, այս հոդվածը գրելու պահին՝ 2023 թվականի նոյեմբեր, ՀՀԿ-ում մնացել են հենց այդ թիկունքում համբերատար, տեղ-տեղ նաև անարդար հայտնվածները:

2019 թվականը բավական բուռն էր անցնում: Սկզբից Փաշինյանի հայրենասիրությունը ուղղվում էր դեպի ՊԵԿ շարքային աշխատողի ուղղությամբ, ով դրոշը մաքուր չէր պահել: Սա առաջին ահազանգն էր հանրության առաջ ոչ հանրապետական մեղավորներ փնտրելու առումով: Հետո եկավ օգոստոսի 19-ը, երբ փակվեցին ԱԺ դարպասները: Փաստորեն դրանք պետք էին միայն վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու, ինչպես նաև ՀՀԿ պատգամավորներին արտահերթի տանելու համար: Այլևս պետք չէր դրանք շրջափակել կամ ներս մտնել, քանզի ով պետք էր, արդեն ներսում էր:

Տարին անցնում էր շատ բուռն: Ծնվում էին ընդդիմադիր նոր գործիչներ, որոնց բեղմնավորման պատճառը ոչ հայրենիքն էր, ոչ քոչվոր չդառնալու ցանկությունը, այլ կյանքի իրողությունները: Աղետը մոտենում էր, սակայն աննկատ, քանի որ առկա էին լավ վարագույներ՝ սելֆիների և ամանորի մեծ հրավառության տեսքով: Հետհեղափոխական Հայաստանը սկսել էր տոնել իր երկրորդ նոր տարին: Մեծ հրավառություն, իշխանության թիկունքում փող աշխատող նախկին հանրապետականներ, իշխանության հոտը առած ՔՊ-ականներ, ընդդիմադիր դարձող փող ունեցող գործիչներ, դեռևս մոխրից նոր հարություն առնելու փորձեր անող ՀՀԿ և պատերազմի պատրաստվող նոր վաղեմը գործընկեր պետություններ:

Շարունակելի

Վան Արշակունի

(Սարտոր.Sartor)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930