Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մոմով ման գաս, հովիվ չես ճարի»․ ինչո՞ւ է Շիրակի մարզում գրեթե կիսով չափ կրճատվել անասնագլխաքանակը

Նոյեմբեր 13,2023 22:50

Օրերս Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն հայտնել էր, թե Շիրակի մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը գրեթե կիսով չափ կրճատվել է, ինչը նշանակում է, որ գյուղական համայնքներում բնակվողները չեն կարող ավանդական եղանակով տները ջեռուցելու համար աթար վառել։

Aravot.am-ը դիմեց Ազատանում բնակվող ֆերմեր Գևորգ Աբրահամյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ո՞րն է անասնագլխաքանակի կտրուկ նվազմանը պատճառը, ինչո՞ւ են գյուղացիները հրաժարվում անասուններ պահելուց, մի՞թե դա եկամտաբեր չէ։

Մեր զրուցակիցը մի քանի պատճառ նշեց։

Ըստ նրա, գլխավոր պատճառներից մեկն այն է, որ գյուղերում հովվի դեֆիցիտ կա․ քչերն են համաձայնվում հովիվ աշխատել, չնայած այն բավական եկամտաբեր է։

«Կոնկրետ Ազատան գյուղի օրինակով ասեմ, որ մի գլխաքանակի կտրվածքով ամսական հովվին 6 հազար դրամ են վճարում, այսինքն եթե նա օրական 70-80 հատ անասուն տանի արածեցնելու, օրական նրա եկամուտը կկազմի 14-16 հազար դրամ։

Հասկանում եմ՝ դժվար գործ է, պատասխանատվությունը մեծ, անասունին մի բան պատահի, մի կոտրվածք ստանա, հովիվն է պատասխանատու, նա է հատուցելու, վախ կա նրանց մոտ, գուցե հենց սա է պատճառը, որ հրաժարվում են աշխատել։

Նախկինում այն ամենահարգված աշխատանքներից էր, հովիվը գյուղի ամենաապահովված մարդն էր, իսկ հիմա մոմով ման գաս, հովիվ չես ճարի։

Մի ժամանակ նույնիսկ հարևաններով հերթափոխով նախիրը տարել են արոտ, բայց հիմա նույնը հնարավոր չէ անել, քանի որ գյուղերի տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի են, հո կանայք չե՞ն տանելու նախիրը։

Մյուս պատճառն այն է, որ վերջին երեք տարվա ընթացքում արոտների խնդիր կա, սակավախոտ են դարձել, ճիշտ է՝ այս տարի անձրև եկավ, վիճակը փոքր ինչ- մեղմացավ, բայց սա ևս պատճառ է»։

Մեր զրուցակիցը պատճառներից մեկը համարում է նաև երիտասարդության՝ անասնապահությամբ զբաղվելու ձգտում չունենալը։

«Գյուղատնտեսությամբ զբաղվելով ՝ պարենային անվտանգության խնդիր ես լուծում, այսօր դրսերից սառեցրած բրեկետներ են ներկրում, ի՞նչ գիտենք ինչ է դա, քիմիան ու փոշին վաղը մեր առողջությունը կքայքայեն։ Մեզ անարատ սնունդ է պետք։

Այսօր շատերը ձգտում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, իհարկե, դա ևս շատ անհրաժեշտ է մեր երկրին, բայց այնպես պիտի անենք, որ գյուղատնտեսությունը չդառնա մարող ճյուղերից մեկը մեր երկրում»,- ասում է մեր զրուցակիցը։

Ըստ Գևորգ Աբրահամյանի, անասնագլխաքանակի նվազման պատճառներից մեկն էլ այն է, որ բնակիչների գնողունակությունն է ընկել։

«Ինչքան հասկանում եմ՝ մսի խանութներում առաջվա շարժը չկա»,- ասում է նա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930