Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասախոսներին ու ուսանողներին տարաք 17-րդ թաղամաս ու սիրուն շենքերի մեջ նստեցրիք, ի՞նչ է փոխվելու». Սերոբ Խաչատրյան

Փետրվար 22,2024 15:09

ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլնի, առաջարկել էր բուհական տարածքները, բուհերի ազատված շենքերը վարձակալության տալ եւ ստացված եկամուտն ուղղել ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը:

Սերոբ Խաչատրյան

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով թեմային՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց. « Իմ կարծիքով, այս պահին ակադեմիական քաղաք՝ 17-րդ թաղամասում պետք չէ, որովհետեւ 17-րդ թաղամասն արդեն Երեւան է, եւ հետո մենք քաղաքի կենտրոնում արդեն իսկ ունենք ակադեմիական քաղաք՝ իր համալսարաններով, գիտահետազոտական ինստիտուտներով, ազգային գրադարանով, Մատենադարանով: Մեր քաղաքի կենտրոնն արդեն իսկ ակադեմիական քաղաք է: Ուստի անհասկանալի է այս փոփոխությունը, որն արվում է:

Ի դեպ, միշտ էլ այդ կարծիքը հնչել է, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է համալսարանների շենքերը վաճառելու, օտարելու կամ ասենք վարձակալության տալու հաշվին: Պարզ երեւում է, որ կառավարությունը ակադեմիական քաղաք կառուցելու փողը չունի, ու դրանք հսկայական միջոցներ են: Պարզ է, որ իրենք միջազգային դոնորներին պետք է դիմեն, բայց նաեւ աղբյուրներից մեկը լինելու է բուհական շենքերը վարձակալության տալը: Այսքան ցնցումների տանել համակարգը, որպեսզի նույն մարդկանց քաղաքի կենտրոնից տեղափոխել Աջափնյակ համայնք՝ 17 թաղամաս, ես այս իրավիճակում դրա նպատակահարմարությունը չեմ տեսնում»:

Կրթության փորձագետը հավելում է. «Մարդիկ վաղուց էին ասում, որ այս շենքերը կվաճառվեն, իսկ իրենք ասում էին՝ նման բան չի լինի: Բայց չի կարող չլինել, որովհետեւ այդ հսկայական շենքերն ինչպե՞ս ես դատարկ թողնում կամ ինչպե՞ս ես կրթական նպատակներով օգտագործելու այդքան տարածքը: Պարզ է, որ դա բիզնես է: Եվ վարչապետը մի առիթով ասել էր, որ կենտրոնի շենքերը շատ թանկ են, դրա համար պետք է ենթակառուցվածքները տանենք քաղաքի կենտրոնից հեռու, իսկ թանկ կենտրոնի շենքերը տանք բիզնեսներին, որ փող մտնի բյուջե»:

Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ակադեմիական քաղաքի տարածքի սահմանների ներսում առկա է հողակտոր, որը Երեւան քաղաքի Գլխավոր հատակագծով նախատեսված է եղել որպես գերեզմանատների գոտի, ու ըստ ակադեմիական քաղաքի linkedin-յան էջի, այդ հողակտորի նպատակային նշանակությունը նախատեսվում է փոխել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթներում։

«Ես, ճիշտն ասած չգիտեմ, ինչ գերեզմանատների գոտի է, ամեն դեպքում՝ վատ եմ վերաբերվում, այսինքն` վերաբերվում եմ այնպես, ինչպես ողջ ակադեմիական քաղաքի գաղափարին: Իմաստը չեմ հասկանում: Համալսարանները մարդկային համակարգեր են, եւ եթե ուզում ես մարդկային համակարգը բարելավել, ոչ թե պետք է հավակնոտ ծրագիր անես (իսկ կառավարության կարծիքով` ակադեմիական քաղաքը լինելու է բարձրագույն կրթության եւ գիտության կախարդական փայտիկը, որն իբր գործի դնելով՝ մտնելու ենք 500 բուհերի մեջ), այլ ամենօրյա աշխատանքդ լավ կատարես: Ցանկացած մարդ, որ աշխատում է մարդկային համակարգերի հետ, գիտի, որ մարդկային համակարգերը կախարդական փայտիկներով չեն զարգանում: Այսինքն՝ տարաք 17-րդ թաղամաս ու սիրուն շենքերի մեջ նստեցրիք դասախոսներին եւ ուսանողներին, մարդիկ չեն փոխվելու այդ ձեւով: Եթե իսկապես ուզում ենք բարձրագույն կրթական համակարգը բարելավել, պետք է մեր ամենօրյա ընթացիկ գործերը լավ անենք՝ դասախոսը պետք է լավ դասավանդի, ուսանողը՝ լավ սովորի, կառավարիչն էլ՝ լավ կառավարի:

Օրինակ, եթե ես Աբովյան փողոցում եմ դասի գնում, ասենք՝ գնացի 17 թաղամաս, ի՞նչն է փոխվելու: Ես մտավախություն ունեմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունն այս ռեֆորմով ենթարկվելու են ահռելի ցնցման, իսկ մարդկային համակարգերում ահռելի ցնցումները կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ: Ես միշտ դեմ եմ եղել, երբ ասել են՝ եկեք այս ինստիտուտը փակենք, զրոյից սկսենք: Փորձը հաճախ ցույց է տալիս, որ երբ փակում, զրոյից ես սկսում, ավելի վատ է լինում»,-նշեց Սերոբ Խաչատրյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829