Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողներս փոխեցին իրենց կյանքը, որպեսզի ես ֆուտբոլ խաղամ»․ Արաս Օզբիլիզի հայտնի ու անհայտ պատմությունը

Դեկտեմբեր 12,2023 16:10

Հոլանդական «Այաքս»-ի լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը պրոֆեսիոնալ ֆուտբոլում անցկացրած քսանհինգամյա գործունեությունից հետո օրերս հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Տաղանդավոր ֆուտբոլիստը, սակայն, որոշել է չհեռանալ ֆուտբոլային ասպարեզից և տարիների կուտակած փորձը ծառայեցնել՝ հանուն Հայաստանի ֆուտբոլի զարգացման։ Թուրքիայում ծնված, Նիդերլանդներում իր կյանքի մեծ մասն անցկացրած ազգությամբ հայ Արաս Օզբիլիզը մեզ պատմել է իր կյանքում մեծ հետք թողած մարդկանց, իրադարձությունների ու դրվագների մասին, ինչը թույլ է տալիս ծանոթանալ հայտնի ֆուտբոլիստի մեզ «անհայտ» պատմությանը։

Թուրքիայից Նիդերլանդներ` լավ ապագայի հույսով

Ծնողներս ծագումով հայեր են, նրանք ծնվել են Տիգրանակերտ քաղաքում (Թուրքիայի Դիարբեքիր), ապա իրենց ընտանիքների հետ տեղափոխվել ու բնակություն են հաստատել Ստամբուլում։ Հայրս դպրոց չի հաճախել, 8 տարեկանից աշխատել է․ անձեռոցիկ և ջուր էր վաճառում Պոլսում, որպեսզի իր քույրերը կարողանան կրթություն ստանալ։ Հետո արդեն մասնագիտացել է կոստյում կարելու գործում, բավականին հայտնի հայ հաճախորդներ ուներ։ Մայրս հայկական դպրոցում է սովորել ու արևմտահայերեն շատ վարժ էր խոսում։ Ծնողներս տանը հայերեն են խոսել, դրսում՝ թուրքերեն և հնարավորինս թաքցրել են իրենց ինքնությունը։ Մորս անունը Սիլվա էր, բայց փողոցում Սելմա էին կանչում, որ ոչ ոք չիմանա նրա հայ լինելու մասին։ Տասնամյակներ հետո հայրիկիս մորաքույրը, երբ ես «Բեշիքթաշում» էի, Ստամբուլում մեզ հյուր էր եկել ու, երբ տղայիս՝ Առաքելիս, կանչեցինք, այլայլվեց ու ասաց․ «Անունը մի տվեք, հարևանները կլսեն ու կիմանան, որ հայ ենք»։ Այդ դեպքից շատ էի ազդվել․ փաստորեն այդքան տարի հետո էլ վախը դեռ շարունակում էր ապրել ազգականներիս մեջ։

Մենք ընտանիքում 3 երեխա ենք՝ ավագ քույրս, ես և եղբայրս։ Երբ մեկուկես տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Նիդերլանդներ՝ Հորն քաղաք։ Հայրս աշխատում էր տեքստիլի գործարանում, մայրս մաքրուհի էր հիվանդանոցներում ու նաև գնում, մարդկանց տներ էր մաքրում։ Նրանք շատ դժվարին պայմաններում են մեծացրել մեզ։ Մայրս հաճախ էր մեզ հետ հայերեն խոսում, ամեն կիրակի էլ ընտանիքով գնում էինք հայկական եկեղեցի, որը նշանակալի դեր է խաղացել իմ ինքնության ձևավորման գործում։

Մայրս շատ ուժեղ կին էր, իմ կյանքում մեծ հետք թողած մարդկանցից ամենակարևորը։ 2007 թվականին մայրիկիս մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվեց, նա անցավ մի շարք բարդ վիրահատությունների միջով։ Ցավոք, 2019-ին՝ 12 տարի անց, մայրս, հեռացավ մեզանից, բայց նրա ներկայությունը մշտապես եմ զգում իմ կյանքում։

Հայրական կողմից մեծ պապիկիս ազգանունը Օզբիլիր էր։ 7-8 տարեկան էր, երբ Հայոց ցեղասպանության ժամանակ մի թուրք ընտանիք նրան փրկեց։ Հարցրել էին՝ ո՞վ ես, ի՞նչ է անուն-ազգանունդ, նա էլ ասել է․ «գիտեմ միայն, որ Առաքելն եմ ու հայ եմ»։ Հենց այդ մարդիկ էլ նրան կոչել են «Օզբիլիր», որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «ինքն իրեն գիտի, գիտի, թե ով է»։ Երբ ընտանիքս Թուրքիայից տեղափոխվեց Նիդերլանդներ, այդ տարիներին թղթաբանության մեջ սխալ եղավ, մեր ազգանվան վերջում «զ» տառը գրվեց, ու այսօր մենք կրում ենք Օզբիլիզ ազգանունը։

Ծնողներս փոխեցին իրենց կյանքը, որ ես ֆուտբոլ խաղամ

Մեր ընտանեկան ալբոմներից մեկում նկարներ կան, որտեղ մեկ տարեկանում գնդակը ձեռքիս է։ Հայրս գնդակ է տվել, որ խաղամ, տեսել է՝ սիրում եմ գնդակը։ Եթե տեսներ, որ չեմ սիրում, ինձ ֆուտբոլի չէր տանի։ Բարեկամներս անընդհատ հայրիկիս հարցնում են՝ իսկ ինչ գիտեիր, որ լավ ֆուտբոլիստ էր դառնալու։ Հայրս ֆուտբոլ շատ է սիրել։ Երբ 4.5 տարեկան էի, ինձ Հորնում ֆուտբոլի սիրողական թիմում էր ընդգրկել:

«Այաքս»-ում ամեն տարի տաղանդների բացահայտման օր են կազմակերպում, որին մինչև 1200 երեխա է գրանցվում։ Հայրս ինձ այդպես «Այաքս» տարավ։ Վեցամսյա դասընթաց էր, որի արդյունքում 1200 խաղացողներից 18-ին էին ընտրում։ «Այաքս»-ի ակադեմիայից երկու շաբաթը մեկ նամակ էին ուղարկում՝ հայտնելով արդյոք մարզիկը հաղթահարել է այդ փուլը, թե ոչ։ Ամեն օր գալիս էի տուն ու հարցնում․ «Մա՛մ, նամակը եկե՞լ է»։ Ու ամեն անգամ, երբ այդ նամակը ստանում էի, ոգևորությունս կրկնապատկվում էր։ Հորնն «Այաքս»-ից հեռու էր մոտ 50 կմ, ու ամեն օր 2 ժամ անցկացնում էի ճանապարհներին։ Այդ ժամանակ ես ընդամենն ութ տարեկան էի: Հետո հայրս որոշեց աշխատանքից դուրս գալ, ու մենք տեղափոխվեցինք Ամստերդամ, որ ակումբին ավելի մոտ ապրենք: «Այաքս»-ն աշխարհի ամենալավ ակադեմիան է, որի ազդեցությունը մանկուց զգացել եմ ինձ վրա։

Հիշում եմ՝ սկզբնական շրջանում, երբ մեկնում էինք արտագնա հանդիպումների Գերմանիա, Իտալիա, մյուս երեխաների ծնողները գալիս էին, որ տեսնեին իրենց երեխաների խաղը, սատարեին նրանց, բայց իմ ծնողներն այդ հնարավորությունը չունեին։ Մի անգամ նույնիսկ մորաքրոջս տղան էր օդանավի տոմսի գումարն ուղարկել, որ հայրս տեսնի իմ խաղը։ Ես էլ փոխարենը նրան նվիրեցի Յուվենթուս-Ֆիորենտինա խաղի ժամանակ ֆուտբոլիստներից մեկի կողմից երկրպագուներին նետված մարզաշապիկը, որ ինքս էի բռնել:

Ես քաջ գիտակցում եմ, որ ծնողներս իրենց կյանքը փոխեցին հանուն նրա, որ ես ֆուտբոլ խաղամ, իրականացնեմ երազանքներս։

Կյանքում չի եղել մի պահ, որ մտածեմ ֆուտբոլից հրաժարվելու մասին

Ես այնքան էի սիրում ֆուտբոլը, որ և՛ փողոցում էի խաղում, և՛ ակումբում, և՛ դպրոցում։ Ամռանը հայրս հաճախ ասում էր՝ երբ տեսնես, որ փողոցի լույսերը վառվեցին, պետք է տուն գաս։ Բայց եղել են դեպքեր, երբ հայրս փողոցներով փնտրել է ինձ, քանի որ ես այլ բակերում ինքնամոռաց ֆուտբոլ էի խաղում ու չէի հետևում ժամանակի ընթացքին։ 1998 թվականի աշխարհի առաջնությունում Նիդերլանդները խաղում էին Արգենտինայի դեմ։ Հիշում եմ՝ մազերս այդ խաղի համար նարնջագույն էի ներկել՝ Նիդերլանդների ազգային հավաքականի մարզաշապիկի գույնով: Փողոցում բոլոր երեխաներն իրենց մազերը ներկել էին։

Մարադոնայի սիրահար էի, տանը նաև տեսանյութեր ունեի: Բրազիլացի Ռոնալդոյին էլ էի սիրում: Ինձ համար լավ օրինակ է եղել նաև Մեսսին։ Նա իր հաջողություններին հասել է տաղանդի և աշխատասիրության շնորհիվ։ Անհնար է փորձել դառնալ Մեսսի, բայց եթե այնքան աշխատասեր ես, ինչպես Ռոնալդոն, կարող ես միայն մոտենալ այդ վիճակին։ Ե՛վ Ռոնալդոն, և՛ Մեսսին շատ հաճախ դաշտում տեսնում են այն, ինչ մյուսներն ուղղակի չեն տեսնում։

Ոչ մեկը չի կարող ասել՝ ինքը լավ ֆուտբոլիստ կդառնա, թե ոչ։ Այո, ես գուցե տաղանդավոր եմ, բայց միայն տաղանդը բավարար չէ։ Անդադար աշխատանք ու համառություն է պետք ֆուտբոլում։ Եթե աշխատասեր չես ու շատ բաներից քեզ չես զրկում, չես կարող առաջ գնալ։ Գալիս է մի պահ, երբ վճռորոշ են դառնում բնավորությունն ու կամքի ուժը:

Իմ կյանքում չի եղել մի պահ, որ ես ցանկանամ հրաժարվել ֆուտբոլից։ Դա ինձ համար շատ մեծ նպատակ էր։ 7-8 տարեկանից արդեն հստակ որոշել էի՝ իմ ապագան ֆուտբոլն է։ Գիտեք, ես հարսանիքների, ծնունդների չէի գնում, որովհետև չէի ցանկանում ուշ տուն գալ, ուշ քնել, քանի որ հաջորդ օրը պատրաստված դպրոց ներկայանալն ավելի կարևոր էր։

Դպրոցում շատ լավ եմ սովորել: «Այաքս»-ում մարզվելու կարևոր նախապայման է, որ երեխան դպրոցում լավ առաջադիմություն ունենա: Իրենք միշտ պահում են կապը դպրոցի հետ ու տեղեկանում իրենց մարզիկի ուսումնական հաջողությունների մասին: Կյանքի բերումով տիրապետում եմ մի քանի լեզվի՝ հոլանդերեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն, թուրքերեն, իսպաներեն, հասկանում եմ նաև ֆրանսերեն։ Բայց, ցավոք, հայերեն դեռ չեմ գրում, բայց դեռ․․․ (ժպտում է

Կյանքիս ամենամեծ տրամվան 17 տարեկանում էր

17 տարեկանում խաղի ժամանակ ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացա, որը ֆուտբոլիստի կարիերայում շատ ծանր վնասվածք է, և շատ բարդ վիրահատության ենթարկվեցի։ Դժվար օրեր էին, մտածում էի՝ այլևս ֆուտբոլ չեմ խաղալու, ու իմ կարիերան ավարտվեց։ Մինչև օրս դա լուրջ տրավմա է ինձ համար։ Դուք կարող եք ինձ հարցնել իմ մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումների ու գոլերի մասին, ես չեմ հիշի, բայց այդ դեպքն իմ մեջ դաջվել է պահի, վայրկյանի բոլոր-բոլոր մանրամասներով՝ ինչ օր էր, որ ժամն էր … նույնիսկ եղանակն ինչպիսինն էր։

Կարիերայիս ընթացքում երեք լուրջ վնասվածքներից հետո 4.5 տարի ֆուտբոլ չեմ խաղացել։ Շատ ծանր շրջաններ են եղել, բայց ես դրանք հաղթահարել եմ: Ես, ընդհանուր առմամբ, 250 խաղ եմ խաղացել։ Շատերն են հարցնում, թե ինչպես կզարգանար իմ կարիերան, եթե չլինեին այդ լուրջ վնասվածքները: Նրանք մտածում են, որ վնասվածքների պատճառով բախտս չի բերել, ես այլ կարծիքի եմ․ անգամ ծանր վնասվածքներից հետո ես կրկին վերադարձել եմ մեծ ֆուտբոլ և ուրեմն՝ բախտավոր եմ։

Հրաժեշտ «Այաքսին». նոր փուլ իմ ֆուտբոլային կարիերայում

Ապրածս կյանքի գրեթե կեսն անցկացրել եմ «Այաքս»-ում, որի կազմում առաջին խաղս կայացավ 2010-ին, վերջինը՝ 2012-ին: Կարիերայիս ամենամեծ հաջողությունն այս ակումբում խաղալն էր:

Այդ տարի միացա Հայաստանի ազգային հավաքականին և փետրվարին Կիպրոսում առաջին խաղն անցկացրի ազգային հավաքականի կազմում:

Ծնվելով Թուրքիայում, ապրելով Նիդերլանդներում, լինելով արմատներով հայ, ես կարող էի հանդես գալ և՛ Թուրքիայի, և՛ Նիդերլանդների, և՛ Հայաստանի ազգային հավաքականներում։ Ու ես ընտրեցի Հայաստանը, քանի որ մենք միշտ ունեցել ենք հայ լինելու գիտակցումը։ Ու այդ ամենը, ինչպես նշեցի, ծնողներիս շնորհիվ։

Հենց այստեղ ծանոթացա Հենրիխ Մխիթարյանի հետ, ու մինչ օրս շատ մտերիմ ենք: Հենրիխն այն խաղացողներից էր, որ անգլերեն խոսում էր։ Մարկոս Պիզելին, Յուրա Մովսիսյանն էլ էին անգլերեն խոսում ու նրանց հետ հաղորդակցվելն ինձ համար հեշտ էր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այդ ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը խորհուրդ տվեց Կրասնոդարի «Կուբան»-ում խաղալ: Շատ էի մտածում՝ գնալ, թե ոչ: Մշակութային շոկ էր ինձ համար Կուբան գնալը։ Հին օդանավակայան։ Գիշեր: Երկու ճամպրուկով իջել եմ ինքնաթիռից, մի ադմինիստրատոր է մոտեցել։ Ոչ մի բառ ռուսերեն չգիտեմ, ինքն էլ շատ վատ անգլերեն է խոսում։ Գնում ենք ակումբ, հին բազա, վատ մարզագույք։ Ու ինքս ինձ ասում եմ. «այս ո՞ւր եմ եկել»։ Առաջին օրերը շատ դժվար անցան: Ակումբում ոչ ոք անգլերեն չէր խոսում։ Մարզիչը փոխվեց, ու երկու շաբաթ հետո ամեն ինչ փոխվեց։ Լավ խաղերով եմ սկսել։ Հետո միացա Մոսկվայի «Սպարտակ»-ին: Ինձ շատ լավ էի զգում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում։ Այդ ընթացքում շուրջ 60 խաղ եմ անցկացրել ու 14 գոլի հեղինակ դարձել:

Թուրքական «Բեշիքթաշ» տեղափոխվելն էլ դժվար որոշում էր՝ ամենադժվար։ Ընդ որում՝ դժվար նաև ընտանիքիս համար։ Ակումբի սեփականատերը համարս գտել ու զանգել էր ինձ։ Մենք հյուրանոցում հանդիպեցինք, ու նա ինձ առաջարկեց խաղալ «Բեշիքթաշ»-ում։ Ասաց, որ շատ հայ ընկերներ ունի ու իմ ներկայությամբ նույնիսկ զանգեց իր ընկերներին: Այդ ժամանակ «Սպարտակ»-ն իմ նկատմամբ այդքան էլ լավ չէր տրամադրված։ «Բեշիքթաշ»-ն ինձ 4.5 տարով պայմանագիր առաջարկեց։ Ես ծնկիս խաչաձև կապանների երրորդ վնասվածքն էի ստացել ու մտածում էի՝ կարիերաս ավարտվել է։ «Բեշիքթաշ»-ին միանալու որոշումն ընդունեցի ընտանիքիս հետ քննարկելուց հետո, ես դրան վերաբերվեցի և հիմա էլ դա գնահատում եմ, որպես ֆուտբոլիստի կարիերայիս կարևոր ու արդյունավետ փուլ։

Կարիերաս ավարտեցի Հայաստանում՝ սկզբում խաղում էի «Փյունիկ»-ում, ապա «Ուրարտու» ակումբում: Երկուսից էլ հրաշալի հիշողություններ ունեմ, քանի որ Հայաստանի ամենահեղինակավոր ակումբներից են։ «Փյունիկ»-ում թիմի ավագ էի ու այստեղ էր, որ խորությամբ ծանոթացա հայկական ֆուտբոլի հետ։ «Ուրարտու»-ի հետ էլ Հայաստանի չեմպիոն եմ դարձել, դա արդեն ամեն ինչ ասում է։

Կարևոր էր, որ կինս հայ լինի

Կնոջս հետ ծանոթացել եմ Նիդերլանդներում՝ հայկական երիտասարդական մի ակումբում։ Ինձ համար կարևոր էր, որ կինս հայ լինի։ Դա կարևոր էր նաև ծնողներիս համար։ Ունեմ չորս զավակ՝ երեք որդի և մեկ դուստր: Նրանք հիմա Հայաստանում են մեծանում: Ավագ տղաներս ֆուտբոլի հանդեպ սեր ու ներուժ ունեն, եթե ցանկանան այս սպորտաձևում կայանալ, ես էլ հորս նման ամեն ինչ կանեմ նրանց կողքին լինելու համար։ Նույնը կասեմ նաև աղջկաս մասին, եթե որոշի, որ ուզում է զբաղվել ֆուտբոլով, ամեն կերպ կսատարեմ։

Ես ո՛չ իմ, ո՛չ երեխաներիս ազգանունը մտածված չեմ փոխել Օզբիլիսյանի, «յան»-ը չեմ ավելացրել, որ զավակներս միշտ հիշեն Առաքել պապի պատմությունը։ Հակառակ դեպքում դու կկորցնես նաև քո արմատները, քո ով լինելու ամենակարևոր պատմությունը, որ ստիպված են եղել ապրել քո նախնիները։

Ուժերս փորձեցի նաև ռեստորանային բիզնեսում ու հաջողեցի

Հարազատներիցս մեկը Ամստերդամում ռեստորան ուներ, միասին որոշեցինք այն ոտքի կանգնեցնել։ Սկսեցի ներդրումներ անել, վերանորոգեցինք տարածքն ու Ամստերդամի կենտրոնում հիմնեցինք «Լավաշ» ռեստորանը։ Այդ ժամանակահատվածը համընկավ COVID-19 համավարակի հետ։ Կրկին դժվար փուլ էր։ Զարմիկս ցանկություն չուներ շարունակելու բիզնեսը, թեև իմ հույսն, անկեղծ ասած, ինքն էր։ Ու քանի որ լուրջ ներդրումներ էի կատարել, որոշեցի սովորել ու ինքնուրույն կառավարել բիզնեսը։ Դասընթացների հաճախեցի, որ կարողանամ ռեստորանային բիզնեսով զբաղվելու կարողություններ ձեռք բերել, ռեստորանի կառավարման լիցենզիա ստանալ։ Սկսեցի ինքս աշխատացնել այն, հաճախ համազգեստ էի հագնում ու մատուցողի աշխատանք կատարում։ Դե ինձ ճանաչում էին, այդ հագուստով տեսնում, զարմանում էին, հարցնում՝ աշխատո՞ւմ ես, ասում էի՝ այո (ժպտում է)։ Երբեք չեմ ասել, որ ռեստորանն իմն է։ Այդպես շուրջ մեկուկես տարի պարբերաբար մեկ մատուցող եմ եղել, մեկ՝ փոխարինել խոհարարին։ Երկու տարվա մեջ այնպիսի հաջողություններ ունեցա, որ ևս մեկ ռեստորան բացեցի Ամստերդամում։ Մյուսն իտալական է, ավելի շատ նախատեսված զբոսաշրջիկների համար։ Բիզնեսն այնտեղ աճում է, իսկ ես ապրում եմ Հայաստանում։

Իմ առաքելությունն եմ համարում մեծ փոփոխություն բերելը

Մտածում եմ, իրոք, կարող եմ անել ամեն ինչ Հայաստանի ֆուտբոլի զարգացման համար։ Ինձ ո՛չ պաշտոն է պետք, ո՛չ էլ աթոռ։ Ես միշտ խոսել եմ այդ մասին, որ իմ կարիերայից հետո ուզում եմ օգնել հայկական ֆուտբոլին։ Իսկ եթե ցանկանում ես գլոբալ փոփոխություն բերել, պետք է որոշում կայացնող լինես:

Եթե չընտրվեմ էլ, միևնույն է անելու եմ հնարավորը՝ նպաստելու հայկական ֆուտբոլի առաջընթացին: Հայաստանում հաջողում են հատկապես անհատական սպորտաձևերում, բայց պետք է զարգացնել նաև թիմային մարզաձևերը։ Շատ դժվար է լինելու, բայց անհնարին ոչինչ չկա:

 Անի ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031