Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը

Դեկտեմբեր 28,2023 18:15

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը։ Ինչպես նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներկայում անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը և գույքը կառավարվում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Արտաքին գործերի նախարարության կողմից։ «Քաղաքացիները 2023 թ.-ի փետրվարի 15-ից ստանում են հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրեր և առանց էլեկտրոնային կրիչների նույնականացման քարտեր, քանի որ առկա ենթակառուցվածքներն այլևս արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջները»,-ասել է ՆԳ նախարարը։

Ըստ նախարարի՝ ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման ու տրամադրման հետ կապված առկա են էական խնդիրներ՝ ծառայությունների մատուցման որակի հետ կապված: Մասնավորապես՝ եղած պահանջարկը պատշաճ բավարարելու հնարավորություն, հերթերի կառավարում. հերթերի պարագայում ամառվա սեզոնին կուտակումները չափազանց մեծ են լինում, էլեկտրոնային հերթագրման պարագայում՝ հերթը ձգվում է ավելի քան մեկ ամիս: Ըստ այդմ՝ հարցի հիմնարար և որակյալ լուծումը ոչ թե մարդկային ռեսուրսների պարզ ավելացումն է, այլ թվային լուծումների ներդրումը:

Առկա խնդիրներից են՝ սպասարկման ֆիզիկական պայմանները: Վահե Ղազարյանի խոսքով՝ չնայած Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծմամբ ՀՀ քաղաքացիությանը և օտարերկրացիներին վերաբերող ծառայությունները փոխադրվում են քաղաքացիական հիմունքներով սպասարկման դաշտ, այսուհանդերձ ՀՀ տարածքում գործող անձնագրային ստորաբաժանումները չունեն բավարար նյութական, երբեմն նաև շենքային պայմաններ։ «Գործընթացների կազմակերպումը ժամանակավրեպ է և ոչ արդյունավետ. ոլորտը տարիներ շարունակ չի արդիականացվել, գործառույթներն իրականացվում են թղթային դիմումներով, ինչի հետևանքով տասնյակ տարիների ընթացքում կուտակվել են գործառնական նշանակության մեծամասշտաբ արխիվներ, ինչը նաև տվյալների անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային է: Ծառայությունների մատուցման ցածր որակը՝ քաղաքացիների շրջանում տարիներ շարունակ կուտակվում է բացասական փորձառություն անձնագրային ծառայություններ ստանալու առնչությամբ, ինչը առաջ է բերում հիմնավոր դժգոհություն».-ասել է նախարարը:

Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման արդյունքում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում՝ թե՛ գործառնական, թե՛ շուկայավարման ու առաջխաղացման տեսանկյունից՝ նպատակ ունենալով հասցեագրել և լուծել վերջնական օգտագործողների առջև ծառացած խնդիրները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դրա ռազմավարական նպատակը «թվային քաղաքացու» կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, և այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն:

«Ի՞նչ է նշանակում «թվային քաղաքացի» կամ քաղաքացու թվային պրոֆիլ, նշանակում է հետևյալը, եթե հիմա մենք ուզում ենք անձին նույնականացնենք ընդունված համակարգերով, փաստաթղթերով, ձևով, ասում ենք՝ ներկայացրեք Ձեր անձնագիրը, մարդն անձնագիրը ներկայացնում է, նայում ենք դեմքին, իրեն և որոշում ենք՝ ինքն այն մա՞րդն է, որը նշված է անձնագրի մեջ, թե՞ ուրիշ մարդ է: Նաև կարող են կասկածներ լինել անձնագրի իսկական կամ ոչ իսկական լինելու վերաբերյալ: Հիմա մեր գլոբալ և ռազմավարական խնդիրը հետևյալն է, որ երբ մարդն ինտերնետային, թվային հարթակում ներկայանում է պետական մարմիններին կամ ընդհանրապես իրավահարաբերությունների մեջ մտնելիս ներկայանում է որպես այդպիսին, մենք հնարավորություն ունենանք այդ նույն գործողությամբ թվային տարբերակն անել նաև համացանցում: Այսինքն՝ թվային տարածքում, և սրա համար բիոմետրիկ անձնագիրը և նույնականացման քարտն ունեն առանցքային նշանակություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ քայլը լինելու է մոբայլ ID-ի ընդունումը և թողարկումը, ինչը նշանակում է, որ գործնականում մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո այդ նույնականացման քարտը սկզբունքորեն պետք է պահի տանը, որ չկորչի, իսկ մնացած բոլոր դեպքերում կօգտագործի թվային հավելվածի բջջային տարբերակը, երբ ֆիզիկական նույնականացման անհրաժեշտություն կլինի: «Եվ իհարկե, կենսաչափական անձնագիրն արդեն որպես ճամփորդական փաստաթուղթ պետք է օգտագործվի բոլոր այն դեպքերում, երբ նույնականացման քարտը, որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելու հնարավորություն չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ, օրինակ, Վրաստանի սահմանը հատելու պարագայում այսօր էլ բավարար է նույնականացման քարտը, վաղն էլ բավարար կլինի: Բայց ենթադրվում է, որ, համենայնդեպս, տեսանելի կարգավորումներով՝ օդանավով կամ այլ երկրներ ճամփորդելու համար, անհրաժեշտ կլինի բիոմետրիկ անձնագիրը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հարցը մի քանի տարի է՝ քննարկվում է, բայց խնդիրը գերբարդ է. «Թվում է, թե Հայաստանում ներդրված էր և՛ նույնականացման քարտերի, և՛ կենսաչափական անձնագրերի համակարգ, բայց, ըստ էության, գործող համակարգերը ժամանակակից պայմաններում այլևս ոչ միայն մրցունակ չեն, այլև գործունակ էլ չեն: Եվ ահա, մենք այս նոր շատ կարևոր բարեփոխման ֆունդամենտալ առաջին քայլն ենք անում»։

Նշվել է, որ ՀՀ կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար։ «Կլինի որակավորման փուլի մրցույթ, որի արդյունքում կստեղծվի կարճ ցուցակ, որից հետո կհայտարարվի հիմնական առաջարկի փուլը։ Առաջարկի փուլում կարճ ցուցակի ընկերությունները կներկայացնեն մանրամասն իրենց ծրագրերն ու պատկերացումները, որը գնահատող հանձնաժողովը կգնահատի, և արդեն դրանից հետո պայմանագիր կկնքվի»,- ասել է«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը:

Անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար

Կառավարության նիստում քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների նախագծերը: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու միջոցով կբարձրանա ՀՀ Ոստիկանության իրավասու մարմինների կողմից ընդունած վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման վարույթի նշանակությունը և դերը՝ միաժամանակ ապահովելով վարչական դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրականացման օբյեկտիվ հնարավորությունը՝ անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով։

«Հաշվի առնելով գործընթացների թվայնացման և փաստաթղթաշրջանառության կրճատման ընդհանուր տրամաբանությունը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մեր քաղաքացիների համար պահպանել թվայնացման առավելությունից օգտվելու հնարավորությունը: Մասնավորապես՝ առաջարկվող լուծումները նախատեսում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերում roadpolice.am կայքում դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5 տոկոսի չափով պակաս: Բացի այդ, փաթեթով նախատեսված է ևս մեկ խրախուսման նորմ, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումը իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը քաղաքացուն հանձնվել, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 5 տոկոսի արտոնությունից»,-ասել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Նախարարը նշել է նաև, որ ներկայացված խրախուսման նորմը տարածվում է առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների վրա, որոնց շրջանակը նախատեսված է նախագծերի փաթեթում: «Միաժամանակ ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Վերը նշված նպատակին հասնելու համար նախագծի փաթեթով սահմանված է ևս մեկ կարգավորում: Հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը և դատարան հայց ներկայացնելը գրեթե նույնն է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայումս քննվում են վարչական դատարանի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով նախագծերի ընդունումից հետո, այլևս քննվելու են ոստիկանության կողմից»,- ասել է Վահե Ղազարյանը:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առավոտյան առցանց ռեժիմով քննարկում է տեղի ունեցել օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ: Վարչապետի կարծիքով՝ նախագծում պետք է որոշ փոփոխություններ անել: «Ծանուցումներն էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում զեղչը, կարծում եմ, պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում՝ ևս 30 տոկոս: Եվ մի արձանագրում՝ օրենքում պետք է անենք կարգավորում՝ այն հասցեն, որը քաղաքացին police.am կայքում գրանցել է իր ծանուցումները ստանալու համար, կարելի է համարվել քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցե, և պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ հասցեով: Եվ այդ պարագայում քաղաքացին կհամարվի պատշաճ ձևով ծանուցված»,-ասել է Կառավարության ղեկավարը և հավելել, որ անհրաժեշտ է այս փոփոխությունն անել, եթե բացառող հանգամանք չլինի:

Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ է դիտարկել հնարավորինս խրախուսելը. եթե խրախուսվող նորմերը չդրվեն, ապա թվայնացման գործընթացն ավելի դանդաղ կընթանա։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով 30 տոկոս գաղափարին է, նշել է. «Կարծում եմ դա լավ գաղափարն է, սակայն՝ կախված խախտման չափից, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տարբեր պատասխանատվություններ են առաջացնում: Մենք որոշակի գործողությունների դեպքում հատուկ բարձր խախտման պատասխանատվության միջոցներ ենք նախատեսում՝ հանրային վտանգավորությունից ելնելով: Օրինակ՝ բարձր արագությամբ երթևեկելը․ մարդը եթե իմանա, որ միայն թվային համակարգում գրանցված լինելու դեպքում կարող է 30 տոկոս նվազեցում ունենալ, մեր կարգավորումը հնարավոր է նպատակին որոշ դեպքերում չծառայի»։

Արձագանքելով՝ վարչապետը հիշեցրել է «քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ տուգանքի մատերիալ չէ» խոսակցությունը և նշել, որ այդ հարցը լուծելու համար ներդրվել է բալային համակարգը. «Նախկինում ի՞նչ համակարգ ունեինք. մինչև 500.000 դրամ տուգանքներ ունեինք, իմիջիայլոց, իջեցրինք տուգանքները: Համակարգն ասում էր՝ խնդիր չունես, կարող ես 100 քշել, 300, 400, փողդ վճարի՝ շարունակի նույն ձևով վարել։ Այսինքն՝ եղած քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն՝ եթե հնարավորություն ունես, գրպանդ ներում է, ինչքան ուզում ես խախտում արա։ Ինչ ուզում ես արա, վճարի, գնա քո ճանապարհով։ Պետությունն ասում էր՝ խախտում արա, պետությանը եկամուտներ բեր, ու ոչ միայն պետությանը։ Ուզում եմ հիշեցնել, որ հանրահայտ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը կար իր հայտնի կապերով, որը մենք ամբողջությամբ դարձրել ենք պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Հիմա մարդը չի կարող այդպես վարվել, որովհետև 1,2,3՝ տուգանքի բալերը կկուտակվեն, ու ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից։ Իսկ եթե վարորդական իրավունքից զրկված վիճակում վարի մեքենան՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված»։

Վարչապետն ընդգծել է, որ այստեղ մեծ ռիսկ և մտավախություն չի տեսնում. այդ համակարգով ոչ թե կարգազանցությունն է խրախուսվում, այլ՝ թվայնացումը: «Սրա համար կարող է քննադատություն էլ հնչի, բայց այդ ֆինանսական զուտ բեռը մենք իջեցնելու հնարավորություն ենք տալիս, իսկ մյուս կողմից, բալային համակարգով մենք կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ ենք ստեղծում, այսպիսով` արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Օրինագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետն առաջարկել է հարցը քվեարկության չդնել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել լրամշակելուց հետո:

Առողջապահության ոլորտում անցնում է կատարվում էլեկտրոնային ուղեգրման համակարգին

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման մեջ: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների փոխհատուցումն իրականացվում է սահմանափակված բյուջեի և հերթագրման սկզբունքով: Պետական պատվերի շրջանակում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է թվով 27 միջոցառումների շրջանակներում: 27 միջոցառումներից միայն 7-ի փոխհատուցումն է իրականացվում պայմանագրային գումարի բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով: Օֆերտայի սկզբունքով բաշխվում է վերը նշված միջոցառումներով հատկացված գումարի 44 տոկոսը: Գործադիրի այսօրվա որոշմամբ առաջարկվում է ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների փոխհատուցումն իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով, փորձարարական կարգով:

Որոշման ընդունումը հնարավորություն կտա ավելի պարզեցնել կազմակերպությունների հետ պայմանագրային գործընթացը և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Կվերացվեն բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարի ամսական համամասնության հետ, կվերանա պարբերաբար իրականացվող կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը, հերթագրումներ կիրականացվեն միայն բուժհաստատությունների թողունակության անբավարարության կամ պետական բյուջեով տվյալ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարի համամասնության ավարտման դեպքում: Մնացած փոփոխությունների նպատակը առավել որակյալ և արդյունավետ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովումն է և դրանք առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և նպատակային դարձնելն է:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Նշված փոփոխության արդյունքում, բացի պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվողների բուժօգնության միջոցառումներից, մնացած բոլոր ծրագրերը և միջոցառումները կփոխհատուցվեն պայմանագրային գումարով՝ բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Կանոնակարգվում են նաև պացիենտների հերթագրման և ուղեգրման հետ կապված հարաբերությունները: Նշեմ, որ մեր այս նախագծով դուրս է գալիս թղթային ուղեգրման տարբերակը, և մենք ևս անցնում ենք ամբողջովին էլեկտրոնային ուղեգրման համակարգին»:

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ ինչպես Առողջապահության նախարարության 2023 թվականի հաշվետվության ժամանակ պայմանավորվել են՝ այլևս չի լինի ՀՀ առողջապահության նախարարի հրաման, որով իրականացվում են նախնական բաշխումներ պետպատվերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու համար: «Մենք կունենանք ընդհանուր բյուջե և այդ բյուջեն կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության։ Այսինքն` նրանք որ հիվանդանոց, բժշկական կենտրոն կգնան՝ ծառայություն կստանան, «Արմեդում» այդ ծառայությունը կգեներացվի, դրանից առաջ կգեներացվի նաև ուղեգրումը, և պրոցեսները կլինեն ըստ այդմ: Եվ մենք կունենանք ծառայությունների մատուցման տիպային ինչ-որ պայմանագիր, նրանք, ովքեր ուզում են միանալ, կտեսնեն այդ պայմանագիրը և կորոշեն, որ ուզում են միանալ: Իհարկե, հավաստագրման և արտոնագրման որոշակի պրոցեսներ էլ ենթադրում եմ պիտի անցնենք, որպեսզի մենք էլ համոզված լինենք, որ նրանք կարող են այդպիսի ծառայություններ մատուցել, և առողջապահական ծառայությունները կիրականացնենք այսպես»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է իր հանձնարարականների կատարմանը և նշել. «Սա մենք նոր չէ, որ խոսում ենք, և տիկին Ավանեսյան, հարգելի գործընկերներ, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիդ ուշադրությունը հրավիրել՝ իմ հանձնարարականներն առանց լրացուցիչ հիշեցումների իրականացնելու անհրաժեշտությունը։ Այդ լավ չէ, որ ես երկրորդ, երրորդ անգամ ստիպված եմ լինում հանձնարարականների մասին հիշեցնել։ Եկեք պայմանավորվենք, որ այդ պրակտիկան ընդհանրապես դադարեցվելու է։ Դա լավ պրակտիկ չէ։ Իսկ այս ծրագիրը հընթացս մենք մոնիթորինգի կենթարկվենք և եթե կտեսնենք, որ խնդիրներ են ծագում, բնականաբար, նաև կարձագանքենք դրանց»:

ՀՀ-ին կվերադարձվի Արմաշ գյուղի «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը

Հաջորդիվ ՀՀ կառավարության նիստին կներկայացվի որոշման նախագիծ, որով կառաջարկվի Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել գույք՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով Պաշտպանության նախարարությանը տրամադրված հատուկ նշանակության հողամասը, որն ունեցել է զորամասի կարգավիճակ: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ դա «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասներն են: ««Երասխ-1»-ի վերաբերյալ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ «Երասխ-2»-ը հաջորդիվ արդեն կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին: Մի փոքր նախապատմության մասին նշեմ. ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած անձը, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ-2» տարածքը 0.9 հա մակերեսով, և դրա վրա առկա շինությունները: 2023 թվականի փետրվարի 7-ին ԱԺ քննարկմանն իմ կողմից ներկայացվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր, որը բավարարվեց, և, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, նախկին նախարարի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում: Ներկայումս գործը գտնվում է դատական քննության փուլում:

Քրեական գործից բացի՝ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում 2023 թվականի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նորայր Կարապետյանի և երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականի հունվարի 13-ին Պաշտպանության նախարարության և Նորայր Կարապետյանի միջև կնքված առուծախի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքները: 2023 թվականի սեպտեմբերի 11-ին դատավարության մասնակիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն և ներկայացվել դատարան: Հաշտության համաձայնությամբ պատասխանողն ընդունել է գլխավոր դատախազության պահանջը և պարտավորվել նշված պայմանագրով օրենքի խախտմամբ ստացված Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել ՀՀ-ին: Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը, որից հետո նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Հաջորդիվ ներկայացվող նախագծով կառաջարկվի գույքն ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասել է Աննա Վարդապետյանը:

Վերանայվել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը. հետվճարի ամբողջ գումարը կվճարվի պետբյուջեից

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը: Ըստ այդմ՝ վերանայվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը։ Որոշմամբ նախատեսվում է սահմանել, որ հետվճար հաշվարկվում է միայն կենսաթոշակներից և կենսաթոշակի վճարման կարգով վճարող գումարներից՝ պատվովճարից, պարգևավճարից, ծերության նպաստից, հաշմանդամության նպաստից, կերակրողին կորցնելու դեպքում նպաստից, վնասի փոխհատուցման գումարներից: Սահմանվում է, որ հետվճարը վճարվում է բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին՝ առանց բանկերի մասնակցության և բանկերին նախավճար տրամադրելու: Որոշմամբ՝ հետվճարի վերին շեմը վճարատեսակի վճարվող գումարի 10% է և չի կարող գերազանցել 5000 դրամը: Տվյալ ամսում կենսաթոշակառուին միաժամանակ մի քանի բանկով կենսաթոշակի տարբեր տեսակներ վճարելու դեպքում 5000 դրամը կիրառվում է այդ ամսում բոլոր բանկերով կատարած գործարքներից հաշվարկված հետվճարի հանրագումարի նկատմամբ: Հետվճարը կվճարվի մինչև տվյալ ամսվա 25-ը: Հետվճարը նոր կարգով կսկսի վճարվել 2024 թ. հունվարից՝ 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թ. նոյեմբեր ամիսներին կատարած անկանխիկ գործարքների ծավալի հիման վրա՝ ամսական յուրաքանչյուր ամսվա անկանխիկ գործարքների արդյունքում ձևավորված հետվճարը կվճարվի հաջորդ ամսին: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել բանկերի և ծառայության միջև տեղեկատվության փոխանակման 2 ձև՝ հետվճարի շրջանակներում անկանխիկ գործարքների ծավալի և կենսաթոշակառուին չվճարված հետվճարի գումարը պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ։ Առաջարկվում է նաև պահպանել հետվճարը հաշվարկելու համար հիմք ընդունվող՝ գործող համակարգով նախատեսված գործարքները՝ կենսաթոշակառուի կողմից կենսաթոշակային քարտի միջոցով ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց ՊՈՍ-տերմինալներով կատարված անկանխիկ վճարումներ, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներ։

Վարչապետն անդրադարձել է հարցին և նշել, որ 2023 թ. նոյեմբերի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հուլիսից, այսինքն՝ ներդրման պահից մինչև այս պահը, կենսաթոշակառուները 62 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել: Ներդրման պահից մինչև օրս 5,2 միլիարդ դրամ վերադարձվել է կենսաթոշակառուներին: «Մենք ամեն ամսվա հետ տեսնում ենք, որ անկանխիկ առևտրի ծավալները մեծանում են: Այսօրվա որոշման էությունը հետևյալն է, որ նախկինում 5 տոկոսը վճարում էին բանկերը, 5 տոկոսը վճարում էր կառավարությունը, և, ըստ էության, այս համակարգից օգտվում էին այն կենսաթոշակառուները, որոնց սպասարկող բանկերը միացել էին համակարգին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ քննարկման արդյունքում եկել են այն որոշման, որ հունվարի 1-ից 10 տոկոսը կվճարվի պետական բյուջեից. «Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանկերին, ովքեր այս ընթացքում մասնակցել են ծրագրին, բայց հունվարի 1-ց ամբողջ 10 տոկոսը կվճարվի պետական բյուջեից։ Սա մեզ հնարավորություն կտա, որպեսզի թոշակառուներին բանկից բանկ չուղարկենք, ասենք՝ եթե այս բանկը չի մասնակցում` գնացեք ուրիշ բանկի հետ աշխատեք։ Իհարկե, անհասկանալի է նաև այն բանկերի գործելակերպը, ովքեր չմիացան կամ ուշ միացան։ Բայց դա առանձին թեմա է, մենք այդ խնդիրներին առանձին կանդրադառնանք։ Այս պահին հետևյալ արձանագրումն եմ ուզում անել, հունվարի 1-ից ամբողջը վճարելու է պետական բյուջեն, նպաստառուներինը՝ նույնպես: Բոլոր թոշակառուները և նպաստառուները անկանխիկ առևտրի դեպքում հետվճար ստանալու են»:

Վարչապետը հիշեցրել է, որ իր հանձնարարականներից մեկով պետք է հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրվեին ՊՈՍ-տերմինալներ: «Ես հանձնարարական տվեցի, որ բնակավայրերում անկանխիկ առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների նորմալ ցանց ստեղծվի: Ըստ էության, վերջին արձանագրումներով հանրապետության տարբեր բնակավայրերում շուրջ 1000 ՊՈՍ-տերմինալներ կան, որոնք տեղադրվել են այս որոշման համատեքստում, և մինչ հիմա այդ ՊՈՍ-տերմինալներով զրո գործարք է արվել։ Այստեղ հետևությունը երկուսը կարող է լինել. առաջին՝ տնտեսվարողներն իրենք հնարավորություն չեն տալիս անկանխիկ առևտրի, ինչն օրենքի խախտում է։ Այդ հասցեները կան կոնկրետ, այսինքն` մենք գիտենք զրոյական ՊՈՍ-տերմինալներն ում անունով են գրանցված, որտեղ է գտնվում։ Պետք է կոնկրետ վարչարարություն արվի, որովհետև կենսաթոշակառուներին և նպաստառուներին, ըստ էության, զրկում են այս հնարավորությունից օգտվելու միջոցից, ինչն անթույլատրելի է։ Բայց ես ուզում եմ երկրորդ հանգամանքն էլ ընդգծեմ, ես վստահ չեմ, որ հանրապետության բոլոր կենսաթոշակառուները և նպաստառուները տեղյակ են այս համակարգից և պատշաճ հասկանում են։ Հակառակ դեպքում իրենք էլ իրենց հերթին ճնշում կգործադրեին այդ տնտեսվարողների վրա, որ դուք պարտավոր եք այդ հնարավորությունն ապահովել: Չնայած անկանխիկ առևտրի թվերը մեծ են, այսինքն` վատը չեն, օրինակ, նոյեմբերին 7 մլրդ դրամի առևտուր է եղել, բայց մյուս կողմից մեր ավելի քան 500 հազար անկանխիկ թոշակ ստացող քաղաքացիներից 164-165 հազարն է այս պահին մասնակցում։ Այսինքն` մեծամասնությունն ինչ-որ պատճառով չի մասնակցում»,-ասել է վարչապետը:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է պատշաճ հանրային իրազեկման ապահովումը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տվել համապատասխան հանձնարարական:

ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի պետական աջակցություն

Կառավարությունը սահմանել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, նախագիծը նպատակ ունի նպաստել բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։ Ըստ հիմնավորման՝ սահմանված կարգով պետական աջակցություն է տրամադրվել թվով 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,857,245,293 ՀՀ դրամ: Արդյունքում՝ ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ:Հաշվի առնելով, որ սահմանված կարգով ամսական միջինում տրամադրվում էր շուրջ 500,000,000 դրամի չափով պետական աջակցության գումար, ուստի որոշման բյուջեն կկազմի շուրջ 7,000,000,000 դրամ: Համապատասխան որոշման ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կընդլայնվի կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ցանկը

Կառավարության որոշմամբ կլրամշակվի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրով հաստատված ցանկը՝ նոր դպրոցների ներգրավմամբ: Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, ցանկը կլրամշակվի նոր դպրոցների ներգրավմամբ՝ կառուցման և վերակառուցման միջամտության աստիճաններով, որի արդյունքում մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներում ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա՝ նպաստելով ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Երևան քաղաքի թվով 11 դպրոց և Լոռու մարզի թվով 1 դպրոց, այդ թվում՝ Երևանի թիվ 124 հիմնական դպրոց (նախկին «Երևանի թիվ 201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի տեղակայման վայրում), Երևանի թիվ 64 հիմնական դպրոց, Երևանի Գ.Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական դպրոց, Երևանի թիվ 157 հիմնական դպրոց, Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց, Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց, Երևանի Ս. Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց, Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց, Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 և 31 հիմնական դպրոցներ, Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց: Միաժամանակ գործող կարգում փոփոխության կենթարկվեն Կոտայքի մարզի Զովունի, Պռոշյան և Արամուս բնակավայրերի կառուցվող դպրոցներին առնչվող տեղեկությունները: Մասնավորապես՝ այդ բնակավայրերում բնակչության թվով պայմանավորված նոր միջնակարգ դպրոցներ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել՝ միաժամանակ գործող դպրոցները պահպանելու միտումով:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ համարել նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը: Ըստ այդմ՝ ուսումնական հաստատությունները, որոնք իրականացրել են հիմնական կրթական ծրագրեր սահմանված ժամկետներում, կդիմեն լիցենզավորման համար: Հիմնավորման համաձայն՝ կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (ավելի քան 300), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային) և նախադպրոցական ծառայություններ, ինչպես նաև հիմնական կրթական ծրագիր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Կենտրոնները լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո՝ կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Արդյունքում՝ ոլորտը կդառնա վերահսկելի, իսկ կրթական ծրագրերի իրականցման գործընթացը՝ առավել արդյունավետ:

Կապահովվի ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման գործընթացը

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2024 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Ըստ հիմնավորման՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թ. հոկտեմբերի 26-ին կայացած նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու տարի ժամկետով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունը, որի շրջանակում 2024-2025թթ. ՀՀ սահմանվել է սակագնային քվոտա՝ յուրաքանչյուր տարվա համար, համապատասխանաբար, 8000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց։

Կհստակեցվեն համատեղ արտադրություն համարվող ֆիլմերի բաղկացուցիչները

Կառավարությունն ընդունել է «Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» որոշում: Գործընթացի կարգավորումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև համատեղ արտադրությամբ իրականացվող ֆիլմերի իրավակարգավորման անհրաժեշտությունից: Հավաստագրված համատեղ արտադրության կարգավիճակը նշանակում է պետական որոշակի ֆինանսավորման համար անհրաժեշտ ազգային կարգավիճակի ձեռքբերում և ազգային ֆիլմերի համար նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորություն, այդ թվում վարձութային շուկայի ընդլայնում: Հիմնական արտադրող երկիրը նախ ամբողջությամբ հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակը, որին հաջորդում են ֆինանսավորման ավելի փոքր մասնաբաժին ունեցող երկրները։ Հիմնական արտադրության երկիրը որոշվում է ֆինանսավորման մասնաբաժնով։ Որոշման նպատակն է հստակեցնել համատեղ արտադրություն համարվող ֆիլմերի բաղկացուցիչները՝ համաձայն օրենքով պահանջվող փաստաթղթերի, ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան համագործակցություն և ընդլայնել ազգային ֆիլմերի միջազգային տարածումը:

Հավանության է արժանացել Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվող կառուցապատման ներդրումային ծրագիրը

Կառավարությունը հավանություն է տվել «Քրաուդ էֆֆորթ դեվելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվող կառուցապատման ներդրումային ծրագրին և համաձայնություն՝ ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: Ըստ հիմնավորման՝ «Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում 2019 թ.-ին «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ի կողմից մեկնարկել է քաղաքաշինական ծրագիր, որը սակայն չի ունեցել տրամաբանական ավարտ. ընկերությունը մտել է սնանկության վարույթ, առկա են բազմաթիվ տուժած գնորդներ ու գործընկերներ, շինարարությունը փաստացի դադարեցված է, հարուցված են քրեական գործեր, առկա են բազմաթիվ արգելանքներ, տուժած բնակիչներ: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ավարտին հասցնել ձախողված ծրագիրը, տուժողները կստանան իրենց պահանջների բավարարում, կապահովվեն էական մեծ ներդրումներ ու հարկային մուտքեր, նոր աշխատատեղեր, կիրականացվի գրագետ համալիր քաղաքաշինություն: Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի վերջնամասում կկառուցվի բազմաբնակարան բնակելի շենքերից բաղկացած թաղամաս, որը հնարավորություն կտա նաև այլ անձանց ձեռք բերել բնակարան նշված հատվածում, կձևավորվի գույքահարկի բազա, կկանխվի ծրագրի ձախողման հետևանքով վրա հասնող շղթայական վնասների բացասական ազդեցությունը:

Սահմանել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը

Կառավարությունը սահմանել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը: Հիմնավորման համաձայն՝ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թ. դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ընդհանուր շահագործական պաշարի արժեքները։ Արարատյան դաշտի 2016 թ. ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ մարդու գործունեության հետևանքով Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի զգալի դեֆիցիտ։ Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների և ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։ Որոշմամբ սահմանված կարգով կարգավորվում են հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարանների գործունեության հետևանքով ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի անհավասարակշռության վերականգնման և պահպանման նպատակով փակ շրջանառու համակարգի ներդնման հետ կապված հարաբերությունները:

Այլ որոշումներ

Գործադիրի որոշմամբ առաջարկվում է ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևանի Արաբկիր Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասն օտարել մրցույթով։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 4 967 800 000 դրամ։

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների՝ հաշվի առնելով ՀՀ 2024 թ. պետբյուջեով նախատեսված միջոցները: Ըստ այդմ՝ կսահմանվեն ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների նշանակման և վճարման գործընթացը 2024 թ.-ին կազմակերպելու իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները:

Գործադիրը սահմանել է Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման, մարման առանձնահատկությունները, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները, ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման, փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը:

Կառավարության նիստի ավարտին Փաշինյանը շնորհավորել է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը. «Սա այս տարվա մեր վերջին նիստն էր, ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Իհարկե, Սուրբ ծննդից առաջ գալու ենք աշխատանքի: Ես կարծում եմ՝ սա վերջին տարիներին մեր իրականացրած կարևոր բարեփոխումներից մեկն էր, երբ մենք Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատեցինք, որովհետև այն խնդիրները, որոնք մենք ունենք՝ լուծելու ենք աշխատելով և ոչ թե առիթ-անառիթ ոչ աշխատանքային օրեր մտցնելով: Իհարկե, չենք մոռանում, որ հանգստանալն էլ է կարևոր, բայց յուրաքանչյուրն ունի արձակուրդի հնարավորություն և իրավունք: Մենք բոլորս պետք է հանգստի մեր ռազմավարությունները կարգաբերենք օրենքով նախատեսված մեր արձակուրդների հետ և տարվա մեջ ավելի շատ ժամանակ և օրեր օգտագործենք աշխատելու և աշխատանքի վրա կենտրոնանալու համար»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031