Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «Ալելու»՝ հայտնի «Ալելուիա»-ների կողքին

Հունվար 25,2024 13:00

Հարցազրույց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ

– Հարգարժան Վաչե, օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ հնչեց ձեր «Ալելու» ստեղծագործությունը թատրոնի նվագախմբի, երգչախմբի (գլխավոր խմբավար /հրավիրյալ/ Նարինե Ոսկանյան) կատարմամբ։ Դիրիժորական վահանակի մոտ էր մաեստրո Կարեն Դուրգարյանը։ Մինչ այդ ստեղծագործությանն անդրադառնալը, որն ըստ էության Սուրբ ծննդյան, Կաղանդի երաժշտություն է, փաստենք, որ ընդունված է ոչ միայն ձեր, այլեւ այլ կոմպոզիտորների դեպքում առանց կոնկրետ թիվ նշելու ասել, թե տվյալ հեղինակին է պատկանում շուրջ 50 կամ 100… ստեղծագործություն… Դուք հեղինակ եք սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ-անսամբլային, ինչպես նաեւ «Աբգար արքա», «Ճանապարհորդություն դեպի դրախտ» օպերաների, «Անապատի հարսը», «Ձգողականություն» բալետների, ֆիլմերի ու թատերական ներկայացումների համար գրված երաժշտության, հետաքրքիր է՝ գիտե՞ք ձեր ստեղծագործությունների կոնկրետ թիվը։

– Ես չեմ հաշվում (opus-ներ չի նշում- Ս. Դ.), բայց բնական է, նշում եմ ստեղծագործություններիս ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը։ Մոտավորապես կարող եմ ասել, որ «Ալելու»-ն մոտ 200-րդն է։

– Երբ հայտնվեց «Ալելու»-ի հայտագիրը, սկսվեցին կեսկատակ-կեսլուրջ խոսակցություններ պտտվել, թե արտասահմանում ամենաշատ կատարվող կոմպոզիտորը, ավելին՝ քանիցս դրսում պրեմիերաներ ներկայացնող հեղինակը ինչպե՞ս է, որ այս անգամ «Ալելու»-ի առաջին կատարման պատիվը մեզ է վերապահել։

– Մինչ «Ալելու»-ն թավջութակի 3-րդ կոնցերտի պրեմիերան եղավ Էստոնիայում, Տալլինի եւ Պյառնուի ֆիլհարմոնիկ դահլիճներում, Թեոդոր Սինկի եւ Էստոնիայի արական երգչախմբի (այդ երգչախումբը Գրեմմիի մրցանակակիր է եւ աշխարհի ամենամեծ արական երգչախումբը- Ս. Դ.) մեկնաբանմամբ, դերասանների մասնակցությամբ, որը ղեկավարեց ճանաչված Միք Ուլեոայը։ Ի դեպ, այս երկը գրված է երգչախմբի, դաշնամուրի եւ հարվածայինների համար, առանց  նվագախմբի մասնակցության։


– Այսպիսի ձեւաչափով գրված ստեղծագործություն հազվադեպ է հանդիպում, կարելի՞ է ենթադրել, որ այն հավակնում է դառնալ օպերա։

– Դուք ոչ թե ենթադրեցիք, այլ գուշակեցիք։ Դեռ փորձերի ժամանակ նման առաջարկ եղավ։ Տեսնենք, գուցեեւ։

– Հետեւելով ձեր ստեղծագործական ուղուն, դժվար չէ նկատել, որ արտասահմանում ձեր պրեմիերաների գերակշիռ մասը հենց դրսից պատվիրած գործերն են։

– Ոչ միայն։ Այստեղ էլ են գործեր պատվիրում։ Հենց «Ալելու»-ն մեր օպերային թատրոնի պատվերն է։ Երբ անցյալ տարի նոյեմբերին վերադարձա շրջագայությունից, մաեստրո Դուրգարյանն ու խմբավար Նարինե Ոսկանյանը դիմեցին ինձ ամանորյա, սուրբ ծննդյան հայկական երաժշտություն գրելու առաջարկով։ Ճիշտն ասած՝ հիշեցի, որ ժամանակին նման մի փոքր բան ունեի գրած, որն էլ, պարզ ասած՝ մեծացրի, դարձնելով օրատորիա։ Չգիտեմ՝ այս պահին արժե՞ ասել, թե՝ ոչ, բայց նշեմ միայն, որ այն կարող է դառնալ անսովոր մի օպերա։


– Վաչե, մեզ հասել են խոսակցություններ, որ «Ալելու»-ի առաջին փորձից հետո երաժիշտների մեծ մասը արտահայտվել է, թե այն շա՜տ բարդ է…

– Եթե այդքան բարդ լիներ, կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը մի քանի փորձ, օրատորիան չէր «հավաքվի» եւ ներկայացվի հանդիսականին։ Իսկ եթե կան տեխնիկական բարդություններ, իհարկե՝ երաժշտականորեն արդարացված, ապա դրանք հեշտությամբ հաղթահարվել են։

– Համաշխարհային երաժշտական գրականությունից հայտնի են մեկ-երկու «Ալելուիա»-ներ՝ Հենդելի, Մոցարտի։ Ձեր ստեղծագործության դեպքում նույն «Ալելուիա»-ն «Ալելու» է։ Գուցե մենք այդպե՞ս ենք դիմում Տիրոջը։

– Այս ստեղծագործության հիմքում ազգագրական տեքստեր են տարբեր բարբառներով, իսկ բարբառներից մեկում օգտագործվում է հենց «ալելու» բառը։ Ուսումնասիրությունների արդյունքում գտա, որ դա անգլերեն «հալելու»-ն է, որը նշանակում է փառք Աստծո, հրճվանք։

– Մի կերպ կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրություն էլ մենք բարձրաձայնենք. արդեն երկու ամիս է, որ Երեւանում եք…

– Փետրվարին կմեկնեմ Գերմանիա։ Ալտենբուրգ եւ Գերա քաղաքներում կհնչի 3-րդ սիմֆոնիաս՝ մեր տաղանդավոր Ռուբեն Կազարյանի ղեկավարությամբ։ Ես էլ կատակեմ. ունեմ պրեմիերաներ ԱՄՆ-ում, Հոլանդիայում, չզարմանաք՝ Հայաստանում նույնպես։

– Չզարմացանք, բայց կուզեինք իմանալ հայաստանյան պրեմիերայի մասին։

– Առանց փակագծեր բացելու ասեմ, որ պրեմիերաների թվում է օպերա, հնարավոր է նաեւ երկու բալետների համերգային կատարումներ։

– 2022թ. վերջերին մեր օպերային թատրոնում կայացավ ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածների» ձեր «Ձգողականություն» բալետի պրեմիերան (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան, խորեոգրաֆ՝ Արա Ասատուրյան)։ Մենք համոզված ենք, որ կոնկրետ այս բալետը մեծ ընդունելության կարժանանա արեւմտյան թատրոններում, դուք է՞լ եք այդ կարծիքին։

– Արտասահմանում բալետ կամ օպերա բեմադրելը ահռելի ծախսեր է պահանջում, մեր թատրոնի բալետային խմբով այդ բեմադրությամբ ճամփորդելը նույնպես  ծախսատար է։ Մեր երկրում պետականորեն դեռեւս նման մշակութային քաղաքականություն չի տարվում։ Եթե լիներ՝ դա կիրականացվեր։ Չէ՞ որ մշակութային քաղաքականությունը լրջագույն դեր ունի երկրի, ազգի ներկայանալու գործում, առանց որի երկրի ինքնությունը մի տեսակ կորչում է։ Իհարկե, սա հասկանում են բոլորը, նույնիսկ այն ազգերը, որոնք չունեն բարձր մշակույթ եւ սեփականաշնորհում են ուրիշներինը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարները՝ «Ալելու»-ի պրեմիերայից։

«Առավոտ» օրաթերթ
24.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031