Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Զրպարտության եւ վիրավորանքի գործերով դատավորները խուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանել»․ Ալեն Սիմոնյանը բողոքեց ԲԴԽ նախագահին

Փետրվար 08,2024 11:05

ԱԺ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։

«Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ բազմաթիվ վճիռներ են կայացվում։ Եվ նույնիսկ այն դեպքում, երբ դատարանը համաձայնում է, որ տեղի է ունեցել վիրավորանք, զրպարտություն, այնուամենայնիվ դատավորները խուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանել։ Խոսքը չի գնում այն մասին, որ պատասխանող կողմին հնարավորինս շատ ծանր իրավիճակի մեջ դնեն, բայց կա մեկ այլ ծայրահեղություն, երբ չի փոխհատուցվում հայց ներկայացրած անձի ծախսերը՝ փաստաբանի ծախսը, պետական տուրքի ծախսը։ Բազմաթիվ այդպիսի գործեր կան, նաեւ իմ կողմից ներկայացված հայցերով, երբ դատարանն ուղղակի մինիմալ շեմ է սահմանում։ Շատ եմ ուզում այս հարցը բարձրացնել, կուզեմ ձեր կարծիքը լսել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն արձագանքեց․ «Ձեր հարցադրմանը ես արդեն ունեի իմ պատրաստի պատասխանը, բայց հենց դուք նշեցիք, որ նաեւ ձեր հետ կապված վեճերում կա որոշակի խնդիր, դա ինձ անմիջապես սահմանափակեց, որովհետեւ դա կդառնա որոշակի ազդեցություն միգուցե ընթացիկ ձեր գործերի հետ կապված։ Հետեւաբար, ես զերծ կմնամ ավելի առարկայական խոսել ընդհանուր խնդրի մասին, որպեսզի սա որեւէ ձեւով չընկալվի որպես ճնշում Բարձրագույն դատական խորհրդի կամ անձամբ իմ կողմից դատավորների վրա։ Ես ուղղակի կարող եմ տեսական մի փոքր վերլուծություն անել եւ հայտնել հետեւյալը։ Դատավորն ունի հայեցողության շրջանակ, ընդ որում, այդ հայեցողության շրջանակն իրեն տվել է օրենսդիրը։ Ասել եք՝ կարող ես քննարկել, եւ ըստ գործի իրավիճակի հասկանալ՝ այդ վնասը, որը պետք է հատուցես մարդուն, ում արժանապատվությունը տրորվել է, դու պետք է որոշես՝ մինչեւ այսքան գումարի սահմաններում։ Եվ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի վրա է սա հիմնված, որ ամեն անգամ դատարանն ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտը, իր ֆինանսական վիճակից ելնելով, ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի։ Կարելի է այդ ներքին շեմը հստակեցնել օրենսդրությամբ, որը կօգնի դատավորին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում»։

Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ցավոք սրտի, իմ խաչը երեւի ծանր է, որովհետեւ ՀՀ-ում երեւի չկա ըտենց թեմա, որի հետ ես կապ չունեմ»։

ԱԺ նախագահն ասաց, որ դատական համակարգից կա դժգոհություն ոչ միայն իր, այլեւ բազմաթիվ քաղաքացիների կողմից։ «Եվ ես կարծում եմ, որ երեկվա արդարադատության նախարարի ասած գաղափարը շատ կարեւոր է, եւ ես նույնպես ուզում եմ այդ գաղափարը կրկնել, որ այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործողությունների հետ կապված կան մտահոգություններ, կա հնարավորություն նաեւ քննարկման դնել այդ դատավորի կողմից կատարված գործողությունը։ Եվ ես կարծում եմ, որ մեր համաքաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն։ Դատավորները նույնպես պետք իմանան, որ իրենց որեւիցե որոշում, անկախ նրանից, թե ում է դա վերաբերվում, չի անտեսվելու։ Եվ պետք է իմանան, որ մեր քաղաքացիներն այդ որոշումների հետեւից գնալու են»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Կարեն Անդրեասյանը նշեց, որ երբ դատական իշխանությանը թողեցին, որ «իրենց յուղի մեջ տապակվեն», այսինքն՝ գործել անկախ եւ լինել իր որոշումների տերը, դա ոչ մեկին իրավունք չտվեց զգալ, որ դատավորը կամ դատական իշխանությունն անկախ է նաեւ օրենքից։ «Եվ հենց այդ պատճառով սա կարեւոր արձանագրում է, որ, այո, մի կողմից ԱԺ ոչ մի թեւ, ոչ մի կուսակցություն չպետք է ճնշի դատավորին, բայց մյուս կողմից դատավորը չպետք է մտածի, որ ցանկացած ապօրինություն կարող է լինել անպատժելի։ Դրա համար կան հստակ ձեւեր՝ դիմելու ԲԴԽ, իսկ ԲԴԽ-ն հաստատ ամենաարդար ձեւով պատասխանատվության կենթարկի այն դատավորին, որը խախտել է մարդու որեւէ իրավունք»,- հայտարարեց Անդրեասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829