Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ անարդար վերաբերմունք է մեր միգրանտների նկատմամբ»․ ՌԴ-ում աշխատած ՀՀ քաղաքացիներին ՀՀ ՊԵԿ-ը պարտավորեցնում է հարկեր եւ տույժեր վճարել

Փետրվար 16,2024 13:11

2022-2023 թվականներին Ռուսաստանի Դաշնություն մեկնած աշխատանքային միգրանտ ՀՀ քաղաքացիները Հայաստանի պետեկամուտների կոմիտեից նամակներ են ստանում, որ նրանք հարկային պարտավորություններ ունեն, ընդ որում՝ այդ պարտավորության դիմաց նաեւ տույժեր են կիրառվում։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։

Նրա ներկայացմամբ՝ այդ բոլոր քաղաքացիները, ովքեր նամակներ են ստացել ՊԵԿ-ից, եղել են օրինական հիմքերով կամ քաղիրավական պայմանագրերով աշխատողներ։ Նրանց համար ՌԴ-ում վճարվել են հարկեր, թե գործատուն որքան հարկ է վճարել, այդ քաղաքացիները տեղյակ չեն։

Բեժանյանի պարզաբանմամբ՝ եթե անձը հարկային ռեզիդենտ է համարվում ՀՀ-ում, այսինքն` ՀՀ-ում գտնվել է տարվա մեջ 183 եւ ավել օր, անկախ նրանից՝ նա աշխատել է ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս, հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ։

ՀՀ ՊԵԿ-ը, ըստ Բեժանյանի, չի կարող տեղեկանալ անձի՝ այլ երկրում հարկերի մասին, եթե անձը տեղյակ չպահի․ «Ուսումնասիրեցինք խնդիրը ու պարզվեց, որ 2018 թվականին ԱՊՀ երկրներն Աստանայում համաձայնագիր են ստորագրել հարկային տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ։ 2020-ին ՀՀ-ն վավերացրել է։ 2021-ին սկսել է տեղեկանալ ԱՊՀ երկրներից ՀՀ քաղաքացիների մասին, որոնք աշխատել են ԱՊՀ երկրներում եւ հարկեր են այնտեղ վճարել։ Եթե անձը հանդիսանում է ռեզիդենտ ՌԴ-ում, ապա նա վճարում է 13% եկամտահարկ, իսկ եթե ոչ ռեզիդենտ է, այսինքն` 183 օրից պակաս է եղել ՌԴ-ում, վճարում է 30% եկամտահարկ։ Հարց է առաջացել, թե ինչպես է եղել, որ անձը ռեզիդենտ է եղել ՀՀ-ում, բայց ՌԴ-ում նրա համար գանձվել է ռեզիդենտի հարկ, մեր քաղաքացիներից 30%-ի փոխարեն գանձվել է 13%։ Իսկ քանի որ ՀՀ-ում եկամտահարկը ավելի բարձր է, քան այդ 13%-ը, 2021 թվականի համար 21% է եղել, այդ 8%-ի չափ տարբերությունը ՀՀ ՊԵԿ-ը հաշվարկել է մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ։ Այսինքն, համարում են խախտում եւ պարտավորեցնում վճարել։ Բայց այդ քաղաքացիները տեղյակ չէին եւ չէին էլ կարող տեղյակ լինել, որ իրենք նման խախտումներ են արել։ Այս կատարած պարտավորությունների դիմաց կիրառվում են տույժեր յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0,04% չափով»։

Բեժանյանի խոսքով՝ ՌԴ գործընկերներից պարզել են, որ խնդիրը ԵԱՏՄ համաձայնագրի հետ է կապված։ Այս համաձայնագրով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար, եթե պայմանագիր են կնքում, միանգամից գանձվում է 13% հարկ, իսկ եթե անձը հարկային տարվա ավարտից հետո դուրս է գալիս երկրից, հնարավոր է լինում վերահաշվարկ կատարել եւ տարբերությունը գանձել․ «Բայց եթե անձը եկամտային տարվա ընթացքում է դուրս գալիս գործատուի մոտից, գործատուն չունի հնարավորություն ճշտելու՝ այդ անձը միայն աշխատանքային պայմանագիրն է խզե՞լ, թե՞ երկրի տարածքն էլ է լքել, որովհետեւ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են աշխատանքային պայմանագիր կնքել մի մարզում, հետո այն խզելուց հետո մեկնել այլ մարզ ու կնքել աշխատանքային պայմանագիր, որի համար երկու շաբաթ ժամանակ ունեն։ Այսինքն, այդ ընթացքում գործատուն չի կարող իմանալ անձը լքել է երկիրը եւ դարձել ոչ ռեզիդենտ, թե՞ շարունակում է գտնվել ՌԴ-ում եւ լինել ՌԴ ռեզիդենտ»։

Եվ երբ ՌԴ-ն հարկային տեղեկություններ է ուղարկում, ՀՀ ՊԵԿ-ը սահմանահատումների համակարգի միջոցով կարողանում է ստուգել, թե տվյալ անձը քանի օր է ՀՀ-ից դուրս գտնվել, ըստ այդմ հարկային պարտավորության այդ տարբերությունը հաշվարկել է ու պարտավորեցնում է վճարել։

«Սա համարում ենք շատ անարդար վերաբերմունք մեր միգրանտների նկատմամբ, որոնք օրինական աշխատել են, օրինական հարկ վճարել։ Ստացվում է, որ նրանք, ովքեր ոչ օրինական են աշխատել, շահավետ վիճակում են հայտնվել»,-ասաց Բեժանյանը։

Բեժանյանի ներկայացմամբ՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը մեկնում է աշխատանքի ՌԴ, այնտեղ նրանք շինարարության կամ ծառայությունների ոլորտում են, ռուբլու անկումն էլ ազդել է նրանց եկամուտների վրա, այս մարդիկ իրենց վաստակած գումարով հազիվ հասցնում են կենցաղային հարցեր լուծել, չեն կարողանում անգամ կրթության կամ առողջապահական հարցերը հոգալ․ «Այս հարկային պարտավորությունը մեծ բեռ է նրանց համար։ 100 հազար ու ավելի գումարների մասին է խոսքը»։

Ընդ որում, ըստ Բեժանյանի, 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ ՌԴ-ում կնքել են աշխատանքային պայմանագրեր, թե նրանցից քանիսն են բախվել այս խնդրին, նա դժվարացավ ասել, սակայն իրենց կազմակերպությանը այս խնդրով դիմել են մոտ 500 անձինք։

Բեժանյանի դիտարկմամբ՝ հարկային այդ պարտավորությունները կատարելու համար ՊԵԿ-ը ծանուցում է ուղարկել ու տեղեկացրել, որ տվյալ անձինք պետք է ստանան հարկ վճարողի հաշվառման համար, կնքեն հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու պայմանագիր, բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնել 2022 թվականի եկամտային հարկի եւ սոցվճարի տարեկան հաշվարկը՝ լրացնելով ձեւ 163-ը, եւ եկամտային հարկի գումարը վճարել բանկային ծառայության միջոցով․« Այս մարդիկ բավարար կրթություն կամ հարկային գիտելիք չունեն, որպեսզի ինքնուրույն կատարեն այս գործողությունները, ուստի ստիպված են լինելու վճարել հաշվապահներին, որպեսզի նրանք կատարեն այդ ամենը»։

Բեժանյանը ՀՀ ՊԵԿ-ին առաջարկություն արեց՝ քանի որ այս մարդիկ տեղյակ չեն եղել, պարզապես առայժմ իրազեկել նրանց, հաջորդ տարվանից նոր սկսել կիրառել այս հարկման ձեւը։

ՀՀ քաղաքացիներին Բեժանյանը հորդորեց 183-ից ավել օր մնալ ՌԴ-ում, որպեսզի նման խնդրի առաջ չկանգնեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829