Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների»․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 28,2024 13:14

«Ադրբեջանն իր հիմնական քարոզչական միջոցներով փորձում է կեղծ արտահոսք կազմակերպել առ այն, որ ՀՀ-ն Ֆրանսիայի և այլ ուժերի հետ միասին Ադրբեջանի դեմ ագրեսիա է նախապատրաստում, որի նպատակն ըստ այդ թեզի՝ առաջնագծի մի քանի ուղղություններով կարևոր բարձունքների նկատմամբ վերահսկողության հասնելն է»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է պնդել, թե իբր ՀՀ-ի նախապատրաստությունն արտահայտվում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմների խախտումներով, ինչպես նաև սահմանային ուղղություններից մեկում հայկական անօդաչու թռչող սարքի համապատասխան տեղեկատվության տարածմամբ․ «Ադրբեջանի տարածած տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ։ Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը գործողություններ իրականացնելու որոշակի նախապատրաստություն է տեսնում։ Նա ի սկզբանե փորձում է որպես ագրեսոր ճանաչել ՀՀ-ին, որ հետագայում իր գործողությունների ժամանակ նշի, թե իբր կանխարգելիչ և իրավիճակից ելնող գործողությունների է ինքը դիմում։ Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ բանակցային գործընթացը բավականին բարդ իրավիճակում է։ Չնայած Մյունխենում տեղի են ունեցել պետությունների ղեկավարների հանդիպումներ, բայց իրականության մեջ դրական դինամիկա այս գործընթացում չկա»։

Տիգրան Աբրահամյանն ասաց՝ այս իրավիճակում չի կարելի բացառել, որ կարող է Ադրբեջանը գնալ որոշակի սադրանքների․ «Այդ ճանապարհին, բնականաբար, Ադրբեջանը փորձելու է պատասխանատվությունը ողջ ուղղությամբ ուղղել դեպի ՀՀ։ Պատահական չէր նաև Ֆրանսիայի հիշատակումը։ Պատահական չէ, որ Ֆրանսիայի անունը ևս մտցնում է, քանի որ փորձում է ցույց տալ, թե իբր այդ ագրեսիան, որն իբր ՀՀ-ն նախապատրաստվում է, և դրա հետևում կանգնած է Ֆրանսիան»։

Հարցին՝ ի՞նչ ակնկալել Բայրամով-Միրզոյան հանդիպումից, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Բուն բանակցային գործընթացի հետ կապված որևէ սպասում գոնե այս պահի դրությամբ չկա։ Թեև կան գործիչներ, որոնք փորձում են դրական ազդակներ հղել հանրությանը, իրականում որևէ լուրջ հիմնավորում չկա, թե պետք է դրական արդյունքներ ակնկալել։ Եթե Ադրբեջանը որևէ սադրանքի կամ էսկալացիայի նման որևէ գործընթացի պիտի գնա, ի սկզբանե չի հայտարարում, որ ինքը դրան է գնալու, այլ ինչպես տարիներ շարունակ, փորձելու է խաղաղության դրոշի տակ ներկայացնել, որտեղ մեղավորը կարգվել է ՀՀ-ն։ Այս իրավիճակում կարևոր է միջազգային դերակատարների, ինստիտուտների հետ աշխատանքը և կանխելը Ադրբեջանի հնարավոր գործողությունները։ Ադրբեջանի վարքագիծը ճանաչելով՝ դժվար է որևէ բան բացառել»։

Հարցին՝ Ֆրանսիայի կողմից զենքի ներկրումը մեր բանակի դիմակայունությանը կօգնի՞, պատգամավորը պատասխանեց․ «Համակարգերը, որոնց մասին հրապարակվել է, ժամանակակից զինատեսակներ են։ Մեր խնդիրն այն է, թե դա որոշակիորեն ինչպես է ներդաշնակեցված այլ համակարգերին։ Սկսած ռադարներից, ՀՕՊ համակարգերից կամ այլ միջոցներից, դրանք իրար հետ տարբեր իրավական փոխկապակցվածությամբ են գործում և դրանց առանձին գործելը կարող է որևէ ձևով արդյունավետություն չապահովել։ Այստեղ կարևոր խնդիրը հասկանալն է, թե մնացած համակարգերի հետ ֆրանսիական նոր զինատեսակներն ինչպիսի՞ ներդաշնակության մեջ են գործելու»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829