Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է շուտափույթ շտկել Եկեղեցու և պետության գործակցային հարաբերությունները` հանուն մեր հայրենիքի ներկայի ու ապագայի․ Աստվածաբանության դոկտոր

Ապրիլ 01,2024 14:08

«Մեր հայրենի կառավարությունը որոշակի քայլեր է կատարում, որ անհամապատասխան են մեր դարավոր տիպարին (մոդելին), որը գրեթե միշտ իրագործվել է պետության և եկեղեցու սերտ ու հավասարակշռված համագործակցությամբ։ Մեր հայրենիքը կանգնած է բնաջնջման եզրին։ Ներկա իրավիճակն ուղղակիորեն թելադրում է բոլոր ազգային կառույցներին անհապաղ համախմբվելու սրբազան հայրենիքի փրկության ու հետագա բարգավաճման գաղափարի շուրջ»,-այսպես է կարծում ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ և Սբ. Հովհաննեսի անվան համալսարանի դասախոս, Աստվածաբանության դոկտոր Տ. Աբրահամ Մանուկ Քահանա Մալխասյանը։

Նա անդրադարձել է նաև խառն ամուսնություններին, ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանը, ինչպես նաև դեռևս չծնված էակի կյանքի իրավունքին։ 

 

-Տեր Հայր, Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակույթը աղվանական անվանելուն ու վերացնելուն զուգահեռ Հայաստանում կրթության նոր չափորոշիչներին համապատասխան նոր դասագրքեր ստեղծվեցին, մասնավորապես, 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» նոր դասագիրքը 100-ից ավելի պատմաբանների ու գիտնականների դժգոհությունն առաջացրեց։ Դրանից կարճ ժամանակ անց ԿԳՄՍՆ-ը նոր նախագիծ շրջանառեց՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելու «Հայաստանի պատմություն» անվանումով, որին դեմ արտահայտվեց նաև ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս իրավիճակի վերաբերյալ։ 

-Անձնապես, ես հակառակ չեմ որևէ ողջամիտ կամ խելամիտ բարեփոխման: «Հայոց պատմություն» առարկայի պարագային, ընդհանրապես չեմ կարծում, որ այդ տեսակ «բարեփոխումները» հարկավոր են, մանավանդ ներկա իրավիճակում, որ մեր Հայրենիքը կանգնած է բնաջնջման եզրին: Անկեղծորեն, տպավորությունս այնպիսին է, որ կարծես թե ապրում ենք մի երկրում, որ ոչ անվտանգային ու ոչ էլ պաշտպանման խնդիրներ ունի և կարող է քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են` «Հայոց» կոչենք, թե՞ «Հայ» եւ այլն: Այսօր, առավել քան երբևէ, պետք է զբաղվենք մեր ժողովրդի բարոյահոգեբանական կրթությամբ և անվտանգային հզոր համակարգի ստեղծմամբ ու զարգացմամբ: Եվ ամենակարևորը, միմիայն կոնկրետ մասնագետները պետք է զբաղվեն իրենց ոլորտին հատուկ նյութերի ու թեմաների պատրաստմամբ: Պարզապես, լուրջ ու մասնագիտական մոտեցում ամեն ինչում եւ ամեն ինչի համար:

-ԱՄՆ-ում հայկական դպրոցներում ի՞նչ դասագրքերով է դասավանդվում «Հայոց պատմություն» առարկան։ 

-Մեր թեմում, քանի որ մեծամասամբ հայեցի կրթությունը փոխանցվում է Արևմտահայերենով, գործածության մեջ են ներառված դասագրքեր, որ հրատարակվել են կամ ԱՄՆ-ում (թեմական հրատարակություններ), կամ էլ Միջին Արևելքում (Սիրիա, Լիբանան, եւ այլն): Անշուշտ, պատկերն այլ է Արևմտյան թեմում, ի մասնավորի` Լոս Անջելեսում, ուր Արևելահայերենն ավելի տարածված է` Հայաստանից գաղթած մեր հայրենակիցների բազմության հանգամանքից ելնելով: Իսկ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» նոր դասագիրքը չի գործածվում մեր՝ ԱՄՆ Արևելյան թեմում։

-Ժողովրդագրագետները գտնում են, որ կորոնավիրուսից ու պատերազմից հետո Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Նրանց մի մասը կարծում է, որ Եկեղեցին պետք է այս հարցում պետության հետ համագործակցի՝ խթանելու ծնելիությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում պետության հետ համագործակցությունը` հաշվի առնելով առկա տարաձայնությունները որոշ հարցերի շուրջ, որի վառ օրինակ է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը որպես առանձին առարկա դպրոցներից հանելը:

-Ցավալիորեն, բոլորս էլ ականատես ենք լինում այն իրականությանն այսօր, որ մեր հայրենի կառավարությունը որոշակի քայլեր է կատարում, որ անհամապատասխան է մեր դարավոր տիպարին (մոդելին), որ գրեթե միշտ իրագործվել է պետության և եկեղեցու սերտ ու հավասարակշռված հարաբերությամբ ու համագործակցությամբ: Անհապաղ հարկավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հարաբերությունների շտկման և շուտափույթ ձևաչափերի ու գործակցության հաստատման` հանուն մեր հայրենիքի ներկայի ու ապագայի:

Երկրորդ ու շատ կարևոր խնդիրն, անշուշտ, պիտի լինի համատեղ ժողովրդագրական հարցի լուծման քաղաքականության ներդնումը: Եկեղեցու հիմնական դերն այս հարցում կլինի բարոյադաստիարակչական համակարգի ներդնումը: Եկեղեցին կվերահաստատի այն բացառիկ արժեքների կարևորությունը, ինչպիսիք են` ընտանիքի վերաիմաստավորումը, որպես բացառիկ ու սուրբ արժեք մեր հասարակական կյանքում: Այլև, ամուսնության բուն իմաստի ու նպատակի վերահաստատմամբ, քանզի Պսակը կնոջ և տղամարդու ինքնանպատակ միություն չէ, այլ ունի հստակ նպատակ, որն ուղղակիորեն կապված է ժողովրդագրության հետ՝ միտված է ապահովելու բնակչության վերարտադրությունը, հետևաբար սույն գաղափարը հնարավոր է պետական ժողովրդագրական քաղաքականության քարոզչա-դաստիարակչական միջոցառումներում կիրառել:

Նույն նպատակով կարելի է օգտագործել նաև այն դրույթները, որոնցով երեխաների իրավունքները ստանում են նաև բարոյական պաշտպանություն, որովհետև քրիստոնեական բարոյագիտությունը ներառում է ծնողի կողմից դաստիարակչական պարտավորություններ, որոնց միջոցով, ինչպես պատգամում էր Սբ. Պողոս առաքյալը, պետք է գոհացվեն երեխայի ֆիզիկական, հոգեմտավոր և կրոնաբարոյական կարիքները: Ներկա իրավիճակն ուղղակիորեն թելադրում է բոլոր ազգային կառույցներին անհապաղ համախմբվելու մեկ գաղափարի շուրջ, որ է` սրբազան հայրենիքի փրկությունն ու հետագա բարգավաճումը:

Իսկ լրամշակված «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերստին ներդնումը ընդհանուր ուսումնական համակարգի մեջ միմիայն նպաստ կբերի բոլոր համատեղ ջանքերի ընթացքում: Ժողովրդագրական հարցի լուծման քաղաքականության վերաբերյալ առավելաբար անդրադարձել ենք վերջերս համահեղինակված մենագրության մեջ` «Ժողովրդագրական անցման արդի փուլը Հայաստանի Հանրապետությունում»:

-Անդրադառնալով բնակչության վերարտադրությանը՝ նշեմ, որ կարճ տարիներ առաջ ԲՀԿ-ական պատգամավորներից երկուսը ցանկանում էին աբորտն արգելող նախագիծ շրջանառել: Սակայն Առողջապահության նախարարության որոշ ներկայացուցիչներ պնդեցին, որ տեղին չէ խոսել սաղմի, պտղի իրավունքներից այն ժամանակահատվածում, երբ այն չի կարող առանց մոր գոյատևել։ Ո՞րն է Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը։

-Հայ Եկեղեցու դիրքորոշումը հիմնված է այն պարզ ճշմարտության վրա, որ յուրաքանչյուր ոք, չծնված կամ ծնված մարդ արարած ունի կյանքի իրավունք: Իմ պնդումն այն է, որ յուրաքանչյուր ձևավորված սաղմ մարդ է: Ավելի հստակեցումներ կատարելու համար հարկավոր է համատեղ հանձնախումբ ձևավորել: Հայոց պետությունը պարզապես չի կարող չքննարկել նման հարցեր առանց ավանդական ամենակարևոր կառույցի՝ Հայոց Եկեղեցու:

Եկեղեցին բնականաբար կողմ կլինի հղիության արհեստական ընդհատումները արգելող օրինագծի հաստատմանը, բնականաբար որոշակի բացառություններով հանդերձ: Պարզապես հարկավոր են համապատասխան հանձնախմբերի ձևավորումն ու համատեղ գործակցությունը:

-Դեռևս 2022թ Միացյալ Նահանգների բարձրագույն դատարանը որոշում էր կայացրել վերացնել հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքը։ Ներկայում ԱՄՆ-ի իշխանություններն ի՞նչ դիրքորոշում ունեն աբորտի սահմանափակումների վերաբերյալ, կա՞ն նահանգներ, որտեղ արգելված են հղիության արհեստական ընդհատումները։

-Այո, 2022 թվականի հունիսի 24-ին Գերագույն դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի՝ չեղյալ է հայտարարվել հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքը, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման հասանելիության դաշնային չափանիշները, որոնք հաստատվել էին նախորդ որոշումներով: Նախքան վերը նշված որոշումը, դաշնային ստանդարտն այն էր, որ արհեստական ընդհատումները թույլատրվում էին մինչև պտղի կենսունակությունը: Այդ դաշնային ստանդարտը վերացվել է՝ թույլ տալով նահանգներին անկախ քաղաքականություն սահմանել արհեստական ընդհատումների օրինականության վերաբերյալ և սահմանել որոշակի սահմանափակումներ: Հղիության արհեստական ընդհատումների հասանելիությունը տեղից տեղ տարբերվում է, քանզի որոշ նահանգներ արգելում են գրեթե բոլոր տեսակի (պտղի հասունության առումով) արհեստական ընդհատումները (Այդահո, Հյուսիսային եւ Հարավային Դակոտա, Թեքսաս, Օկլահոմա, Լուիզիանա, Արկանզաս, Միզուրի, Ինդիանա, և այլն), իսկ որոշ նահանգներ էլ, ընդհակառակը` պաշտպանում են արհեստական ընդհատման հասանելիությունը:

-ԱՄՆ-ում, մասնավորապես Նյու Յորքում, որտեղ Դուք ապրում և աշխատում եք, ինչքանո՞վ է հաջողվում համախմբել հայ համայնքը եկեղեցու շուրջ։ Ի՞նչ խնդիր է եկեղեցին լուծում ի նպաստ այդտեղի հայության։ 

-Հայ եկեղեցականը կրողն ու փոխանցողն է Հայոց Քրիստոնեական դարավոր հավատի, պատմական հիշողության` ի մասնավորի, Սբ. Պատարագի շարունակական խորհրդակատարությամբ, որ փոխանցում է մեզ ոչ միայն Սբ. Հաղորդության սրբարար Խորհուրդը, այլ նաև դարերի խորքից եկած մեր բազմադարյա հոգևոր փորձառությունը, ազգային զգացումներն ու էսթետիկական ճաշակը, լեզվամտածողությունն ու գաղափարաբանությունը:

Սփյուռքում սպասավորող հոգևորականը երկկողմանի կարևոր առաքելություն է իրականացնում: Նախ, իրականացնում է իր առաջնային կոչումը, այսինքն` հոգևոր հովվական ծառայություն է բերում իր ժողովրդին` քարոզում, ուսուցանում, մխիթարում և մատուցում Եկեղեցու Սբ. Խորհուրդները: Համատեղությամբ, նաև հանդիսանում է որպես կարևորագույն այն կամուրջը, որ կապ է հաստատում իր համայնքի և Հայրենիքի միջև, այսինքն` ուսուցանում է Հայոց լեզուն, պատմությունը և հաղորդակից դարձնում սեփական ու ազգային մշակույթին: Հետևաբար, ընդհանուր առմամբ ես լծված եմ վերոնշյալ ծառայության մեջ: Ջանում ենք ամեն կերպով միասնական և ամուր պահել մեր հայ համայնքը, որպեսզի ոչ միայն մեր տեղական խնդիրները կարողանանք լուծել (բարոյական, կազմակերպչական, կրթական ու ֆինանսական), այլ նաև առավելագույնս օգտակար լինել մեր Մայր Հայրենիքին:

-Շա՞տ են ԱՄՆ հայ համայնքի այն ներկայացուցիչները, որոնք նախընտրում են խառն ամուսնությունները։ Նման դեպքերում եկեղեցին ինչպե՞ս է ընդունում հայկական ընտանիքներում ձևավորվող մշակութային բազմազանությունը, ի՞նչ խորհուրդ է տալիս։ 

-Մեր թեմում (ԱՄՆ Արևելյան թեմ), այո, խառն ամուսնությունները շատ են, ի մասնավորի, մեր համայնքում կարող եմ ասել, որ մոտավորապես 60-70 տոկոս ամուսնությունները խառն են: Եկեղեցու պատգամն ու խրատն այն է, որ եթե հայ երիտասարդը որոշել է ամուսնանալ ազգությամբ ոչ հայի հետ, ապա կարևոր է, որ ընտանիքում հարգվեն ու պահպանվեն մշակութային ավանդույթները: Հայ երիտասարդը բնավ պետք չէ «համեստություն» ցուցաբերի, այլ հակառակը, պետք է ժրաջանորեն փոխանցի մեր ազգային ու հոգևոր արժեքներն ու սովորույթները թե’ կողակցին, և թե’ զավակներին:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930