Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կառավարությունն ամեն ինչ անում է, որ մենք ավելի խրվենք խնդիրների մեջ, եթե այսպես շարունակվի, արցախցիներն այստեղ չեն մնա»

Մարտ 05,2024 15:42

Արցախի Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված բնակիչներն այսօր բողոքի ցույց արեցին կառավարության շենքի մոտ՝ բարձրաձայնելով իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները։

Արմեն Չոմոյան

Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը ներկայացրեց իրենց պահանջը․ «Մեր պահանջն ու խնդրանքն է, որ հանդիպենք վարչապետի հետ, որովհետեւ ՀՀ-ում լուծումներ միայն վարչապետն է տալիս, ուրիշ ոչ ոք։ Կամ թող մեզ ընդունի վարչապետի կողմից նշանակված մի անձ, որն իրավասու է լուծել այս հարցերը»։

Բայց արցախցիներին կառավարությունում չընդունեցին։ Չոմոյանի խոսքով՝ Քաշաթաղից, Քարվաճառից, Արցախի մյուս շրջաններից բռնի տեղահանված անձինք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն։

«Երբ բնակիչները դուրս են եկել Քաշաթաղից, Քարվաճառից, Հադրութից զրոյական վիճակով են դուրս եկել։ Մարդիկ ունեն մուրհակներ, որոնք Արցախի կառավարության կողմից տրամադրված մուրհակ է, իսկ Հայաստանի կառավարությունն այսօր իր վրա է վերցրել միայն բանկերում գրավադրված մուրհակները, այսինքն՝ երկակի մոտեցում է ցույց տվել»,- ասաց նա։

Արցախի կառավարությունը 2020 թվականի պատերազմից հետո գույքի գնահատում է իրականացրել եւ արցախցիներին մուրհակներ հատկացրել։ Քաշաթաղցիներն ասում են, որ իրենց գույքի մի մասն են գնահատել ընդամենը։

«Մենք տվյալ պահին ուզում ենք սրա փոխհատուցումը, բայց եթե պետությունը կասի՝ մենք ի վիճակի չենք հիմա վճարելու, թող սա փոխարինի ՀՀ պարտամուրհակով եւ, ինչպես բանկերին է տրամադրում 9,6 տոկոս եկամտաբերությամբ պարտամուրհակ, նույնկերպ թող բնակչությանը տրամադրի։ Բայց կառավարությունն ասում է՝ կարաք էդ թուղթը տանեք, ճմրթեք դնեք սեղանին»,- հավելեց Չոմոյանը։

Արցախի կառավարության որոշմամբ՝ սահմանված է փոխհատուցման ենթակա գույքի ցանկը։ 2020 թվականից հետո հաշվառումը կատարվել է, ներկայացվել է Արցախի կառավարությանը, գույքի փոխհատուցման հարցերով կոմիտե էր ձեւավորվել, բնակիչներին մուրհակներ էին տրամադրել՝ 5 տարի մարման ժամկետով։ «Բայց այդ ամենը պատերազմից հետո հօդս ցնդեց։ Մարդիկ իրենց 20-30 տարվա ստեղծածի եկամուտն այսօր չեն կարողանում ստանալ, որպեսզի իրենց ընտանիքի հարցերը լուծեն»,- ասում են արցախցիները։

Վրույր Ասրյան

Քաշաթաղի շրջանի Որոտան համայնքի ղեկավար Վրույր Ասրյանը թվարկեց արցախցիների սոցիալական խնդիրները՝ նպաստների չվճարում, զոհվածների ընտանիքների բնակարանային հարցեր, եւ այլն։ Նրա խոսքով՝ զոհվածների ընտանիքներին 20 մլն դրամ էին տրամադրում՝ բնակարաններ գնելու համար։ « Բայց հիմա Արցախի կառավարությունը չկա, ՀՀ կառավարությունն էլ այդ հարցին լուծում չի տվել։ Բնակիչների մի մասն այդ ծրագրից օգտվել է, մյուս մասը՝ ոչ։ Ովքեր չեն օգտվել 20 մլն դրամի ծրագրից, այսօր չեն կարողանում նաեւ 10 մլն դրամ արժողությամբ վկայագրերի ծրագրից օգտվել։ Թե ինչո՞ւ՝ պատասխան չկա»,- ասաց Վրույր Ասրյանը։

Քաշաթաղից բռնի տեղահանվածները բողոքում են, որ չեն կարողանում կառավարության տրամադրած բնակարանների գնման վկայագրերով նորմալ տուն գնել, քանի որ շուկայական գները շատ բարձր են, եւ մարդկանց հնարավորությունը չի ներում, որպեսզի բնակարան ձեռք բերեն։

Արմեն Չոմոյանը մանրամասնեց խնդիրը․ «Բնակիչը գտնում է տունը, որը պետք է գնի, բայց բանկը գնահատում է ցածր արժեքով։ Բայց այդ հարցն էլի ինչ-որ չափով լուծվում է, ուղղակի արդեն մնացել է այն զանգվածը, որն ի վիճակի չէ ոչ գումար ավելացնելու, ոչ էլ բնակարան գտնելու։ Նրանց հարցը պետք է լուծվի»։ Նա ասաց, որ այսօր մոտ 1600-1700 ընտանիք Քաշաթաղի շրջանից դեռ չի կարողացել կառավարության հատկացրած վկայագրերով բնակարան ձեռք բերել։

Վկայագրերի ժամկետը շարունակաբար երկարաձգվում է։ «Իրենք որոշել են սահմանամերձ համայնքներում տուն գնելու դեպքում բարձր գումար տալ՝ մինչեւ 16 մլն դրամ, բայց սահմանամերձ տարածքներին էլ բանկերը մոտ չեն գալիս, ասում են՝ ռիսկային է։ Իսկ երբ Արցախում 2020 թվականից հետո 400 մլն դրամ վարկ էին տրամադրում՝ այգի հիմնելու համար, հիմա Հայաստանի կառավարությունն այդ պարտքը վերցրել է իր վրա։ Թող մեզ բացատրություն տան, Արցախում ոչ մի անվտանգային երաշխիք չկար, բայց այդ վարկը տրամադրվել է, բայց մենք մոտենում ենք բանկեր, ասում են՝ սահմանամերձ համայնքներում վարկ չեն տալիս»,- ասաց Արմեն Չոմոյանը:

Աիդա Բեգոյան

Ութ երեխաների մայր Աիդա Բեգոյանն ասում է, որ Չարենցավանում վարձով են ապրում, սոցիալական պայմանները շատ վատ են։ «Անտեսված ենք բոլորի կողմից, ոչ ոք ոչ մի աջակցություն չի տվել, ոչ ոք չի հարցրել, թե ոնց ենք ապրում։ Ինքս երեք զինվորի մայր եմ, երեքն էլ մինչեւ վերջին օրը պատերազմի մասնակից են եղել, մեկը վիրավորվել է։ Մեր բնակարանների գնման սերտիֆիկատ է հատկացվել, բայց չենք կարողանում բնակարան գնել։ Արդեն 10-րդ տունն է, որ տարել՝ գնահատել ենք տվել, ամեն գնահատելուց գումար ենք մուծում, բայց մենք այսօր սոցիալապես խայտառակ վիճակում ենք, չենք կարողանում մեզ հատկացված սերտիֆիկատով բնակարան գնել։ Մեր պայքարն է, որպեսզի գնահատումները նորմալ արվեն, թույլ տան բնակարան գնենք, օրեցօր բնակարանների գները թանկանում են։ Երեք ամսից մեզ հատկացված սերտիֆիկատների ժամկետը լրանում է, բայց մենք ոչ մեկս դեռ տուն չենք գնել։ Ութ երեխաների մայր եմ, իմ բոլոր երեխաները վարձով են բնակվում»,- ասաց նա։

Արցախցիներն ասում են, որ խնդիր է նաեւ այն, որ կառավարությունը թույլ չի տալիս, որպեսզի իրենց բարեկամներից բնակարաններ գնեն։ Այնինչ, բարեկամներն այսօր մատչելի տարբերակներ են առաջարկում իրենց։

Քաշաթաղից բռնի տեղահանվածներն ասացին, որ Հայաստանի կառավարությունը հստակ պատասխան չի տալիս իրենց հարցերին, իրենց միշտ ուղղորդում են Արցախի կառավարություն։ «Ասում են՝ ձեր հարցը Արցախի կառավարության հետ է, բայց Արցախ չկա։ Արցախի իշխանությունն էլ ասում է՝ դիմեք Հայաստանի իշխանությանը, մենք էլ չկանք։ Մեկը մյուսի վրա են գցում, բայց մենք լավ գիտենք, որ Արցախի իշխանությունը Հայաստանի իշխանության կցորդն էր, Արցախում գոյություն չուներ անկախ կառավարում։ Եվ 2020 թվականից հետո մենք բազմիցս զգուշացրել ենք, որ ձեր ուղարկած գումարները Արցախում փոշիանում են։ Մենք հակված ենք նրան, որ գումարները գնացել են Արցախ, բայց մի մասը հետ է եկել Հայաստանի կառավարություն։ Այսինքն՝ գումարների հետվերադարձ է եղել, կոռուպցիոն ռիսկ կա»,- նշեց Չոմոյանը

Քաշաթաղից բռի տեղահանված անձինք այսօր բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում, նրանց մի մասն արդեն բնակարաններ են ձեռք բերել։ Արմեն Չոմոյանն ասում է, որ իրականում բռնի տեղահանված արցախցիները Հայաստանում ոչ թե ապրում, այլ գոյատեւում են, սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան։ Հաջորդիվ արցախցիները պատրաստվում են կառավարության շենքի մոտ նստացույց անել։

«Այս կառավարությունն ամեն ինչ անում է, որ մենք ավելի խրվենք խնդիրների մեջ, լավ բան չենք տեսնում, եթե այսպես շարունակվի, մարդիկ այստեղ չեն մնա, կարտագաղթեն»,- ասացին նրանք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031