Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանքներ, թեժ միջադեպ՝ ԱԺ-ում. Փաշինյանը Լեւոն Քոչարյանին ասաց՝ «եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չի» ու կրքեր բորբոքեց

Մարտ 20,2024 18:22

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին,  ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարկ համարեց ճշտել, թե հարցը ո՞ւմ է ուղղվում:

«Կառավարության գլխի՛ն»,- շեշտեց Լեւոն Քոչարյանը: Ռուբինյանը հորդորեց հայերենին տիրապետելով՝ ճիշտ ներկայացնել ու խոսքը տվեց ՀՀ վարչապետին:

Սա, ինչպես պարզ դարձավ, Փաշինյանը ծանր էր տարել: Հաջորդիվ, երբ պատասխանում էր մեկ այլ պատգամավորի՝ Գառնիկ Դանիելյանի հարցին, մի քանի անգամ շեշտեց՝ «ձեր քաղաքական ուժի գլուխը»՝ նկատի ունենալով Քոչարյանին: Հետո նա ընդգծեց. «Երբ որ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես պատասխանեցի, որ…»:

Դահլիճից ընդդիմադիրները մեծ աղմուկ բարձրացրեցին ու սկսեց «ռազբորկան»՝ ոչ եթերային բառապաշարով, ՔՊ-ականներն ու ընդդիմադիրները միմյանց բղավում էին, թե ով ինչի տղա է:

Փաշինյանը աղմուկ-աղաղակի մեջ ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլո՞ւխ բառից վատ զգաց, թե՞ տղա բառից վատ զգաց: Եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չի: Ի՞նչն է պրոբլեմը»:

Սա նորից կրքեր հրահրեց դահլիճում, իսկ Փաշինյանը շարունակեց. «Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասացի՝ քեզ պահի պատշաճ, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ է լինելու: Ես գլխի փոքրիկ տղային զգուշացրի, որ պատշաճ պահի քեզ, հակառակ դեպքում գիտեք ինչ է լինելու: Հիմա հանդարտվեցի՞ք»:

Ռուբինյանը նկատողություն տվեց Լեւոն Քոչարյանին՝ ասելով, որ հաջորդ անգամ նման վարքը կրկնելուց հետո լավագույն դեպքում կհեռացնի դահլիճից, իսկ վատագույն դեպքում չի հեռացնի ու այլ կերպ կլուծեն այդ խնդիրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031