Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մոտ հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ». Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Մարտ 20,2024 17:46

«Իսկ ի՞նչն ենք մենք զիջում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մասին՝ ասել էր վարչապետ Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն ասաց, թե ինչն ենք զիջում. «Զիջում ենք մեր դիրքը: Նախեւառաջ թուլացնում ենք մեր պաշտպանությունը եւ հասկանալի չի, թե դրա դիմաց ի՞նչ ենք ստանում: Այսինքն, հասկանալի է՝ ոչինչ չենք ստանում, օդի մեջ խոստումներ: Նույնիսկ պատգամավորներ կային, որ ասում էին՝ դե եթե բան չստանանք դրա դիմաց, ուրեմն կհայտնվենք «տուպիկում»: «Տուպիկում» չէ, ավելի վատ վիճակում ենք հայտնվելու: Ինձ համար անհասկանալի է՝ եթե դելիմիտացիա չի արվում, ինչի՞ հիման վրա է արվում դեմարկացիան: Ու եթե սա լիներ հայելային սկզբունքով, միգուցե հասկանալի լիներ, բայց այս ամեն ինչը այդ ձեւով անելով՝ մենք հայտնվում ենք շատ ավելի թույլ ու վատ վիճակում: Այս ամեն ինչի ֆոնին, երբ գնում ենք ու մարդկանց ահաբեկում ու ցավալիորեն այնպես է ստացվել, որ պատերազմ հասկացողությունը միանգամից ասոցացվում է պարտության հետ, հիմա այս դիրքորոշումից հետո ինձ մոտ հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարկ համարեց ճշտել, թե հարցը ո՞ւմ է ուղղվում:

«Կառավարության գլխի՛ն»,- շեշտեց Քոչարյանը: Ռուբինյանը հորդորեց հայերենին տիրապետելով՝ ճիշտ ներկայացնել ու խոսքը տվեց ՀՀ վարչապետին:

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ ենք մենք ստանում՝ մենք ստանում ենք պետական սահման: Կա 2 տրամաբանություն, որ մենք անվտանգային ճեղքը կարող ենք լրացնել պետական սահման ունենալու դեպքում: Երբ ասում ենք, որ մեր անվտանգությունը պետք է հենվի լեգիտիմության հիմքերի վրա, ուրեմն պետք է հենվի լեգիտիմության հիմքերի վրա: Բնականաբար, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը ՀՀ կառավարության օրակարգում չի կարող չլինել»:

Լեւոն Քոչարյանն արձագանքեց, որ այդ փոխզիջումային մոտեցումը չի կիսում Ադրբեջանը, դրա համար ՀՀ-ից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, քկմ-ն նշվում է, իսկ Ադրբեջանից ոչինչ չենք ստանում. «Այն կոչերը, որ գալիս են Ադրբեջանից, շատ մտահոգիչ են, իսկ մենք, չնայած դրան, միայն զիջում ու զիջում ենք»:

Question and answer session between the RA Government and RA National Assembly took place at the RA NA

Փաշինյանը, ի պատասխան, նորից ցուցադրեց ՀՀ ուրվագծային քարտեզն ու ասաց. «Պետք է հասկանալ՝ ինչն ենք զիջում: Սա ՀՀ-ն է ու մեր պայմանավորվածությունը, որ արձանագրվել է միջազգային մակարդակում այն է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչեն: Սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է ու ՀՀ-ն չի պատրաստվում որեւէ մեկին միջազգայնորեն ճանաչված ՀՀ որեւէ տարածք զիջի, սա հստակ պետք է լինի բոլորի համար: ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են օկուպացիայի տակ ու ակնհայտ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի որեւէ հատված ՀՀ-ն չի պատրաստվում որեւէ մեկին զիջել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031