Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա վճիռ, բայց չկա արդարության զգացում. պարզ չի դառնում՝ եթե Սուրեն Սահակյանը վաղը նույն գործողությունն իրականացնի, օրինակա՞ն է, թե՞ ոչ»

Մարտ 22,2024 15:35

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչական դատարանը առաջին վճիռն է կայացրել «վրանների գործով»։ Վճիռն, իհարկե, մեր օգտին է ու մերժվել է վրան տեղադրողներին վարչական տուգանքի ենթարկելու ոստիկանության պահանջը։ Բայց միևնույնն ա՝ ինչ-որ անբավարարվածության զգացում կա։

Տեսեք՝ Դատարանն իր որոշումը հիմնավորել է էսպես․ «Ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը՝ Դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի նյութերով չի հաստատվում այն փաստական հանգամանքը, որ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կողմից հնչեցվել է օրինական պահանջ, որն ուղղված է եղել Սուրեն Սահակյանին և վերջինիս համար այդ պահանջը եղել է լսելի և ընկալելի»:

Դատարանը ոստիկանության հայցին մեր պատասխանում տեսել ու օբյեկտիվորեն քննել է, որ հավաքի մասնակիցների ու ոստիկանների վեճի առարկան վրան տեղադրելու օրինականությունն է կամ օրինական հիմքերի բացակայությունը։ Մի կողմից Դատարանն ասում է, որ օրինական պահանջ չի եղել, բայց նաև չի ասում, որ վրան տեղադրել կարելի ա։ Մինչդեռ որևէ օրենքի որևէ կետ չկա, որ արգելում է վրան տեղադրել, առավել ևս, եթե դա հավաքի պարտադիր ատրիբուտ ա։ Մյուս կողմից դատարանն ասում է, որ ոստիկանության ծառայողը ինձ համար լսելի և ընկալելի չի ներկայացրել պահանջը, ինչը ենթադրում է, որ գուցե լսելի ու ընկալելի ներկայացներ, գուցեև օրինական լիներ։

Ի վերջո, տեղի է ունեցել ազատ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտում, քանի որ վրան տեղադրող ինձ բերման ենթարկելով ու մինչև երեք ժամ պահելով ոստիկանության բաժնում, ոստիկանությունն, ըստ էության, բովանդակազրկել է խաղաղ հավաքը։ Էդպես է, որովհետև հավաքի իմաստն էն է եղել, որ ես ՀՀ այլ քաղաքացիների քաղաքական բնույթի քննարկման եմ հրավիրել, իսկ ինձ հավաքի վայրից մեկուսացնելով անհնար է եղել քննարկում ծավալել ինձ հետ։ Մյուս կողմից տեղի է ունեցել ազատ խոսքի իրավունքի խախտում։ Ես իմ կարծիքը արտահայտել եմ վրան տեղադրելով՝ դրան տալով խորհրդանշական իմաստ։ Արգելելով դա, ոստիկանության ծառայողները սահմանափակել են ազատ խոսքի իմ սահմանադրական իրավունքը։ Երրորդ կողմից, դատարանը բացարձակապես չի անդրադարձել ազատությունից զրկելու օրինաչափությանը։

Այսպիսով, իրավական ֆորմալիզմի տեսանկյունից կա վճիռ, բայց չկա արդարության զգացում։ Դատարանի վճռից պարզ չի դառնում՝ եթե Սուրեն Սահակյանը վաղը նույն գործողությունը իրականացնի, դա օրինակա՞ն է, թե՞ ոչ։ Եթե վաղը ոստիկանության ներկայացուցիչը բարձրախոսով, 200 մետր շառավղով բոլոր ներկաներին բարձր ու հայերենով «օրինական պահանջ» ներկայացնի վրան չտեղադրել, ապա հիմնավորված կլինի՞ ոստիկանության կողմից խաղաղ հավաքին ոչ իրավաչափ նման միջամտությունը։ Իրավագետ չեմ, բայցև դատարանից ակնկալում էի հենց այդ հարցերի պարզաբանումը, ոչ թե ուղղակի տուգանքի չենթարկելու որոշումը։ Կարծում եմ՝ քննությունը, եթե նույնիսկ օբյեկտիվ է, ապա հաստատ լրիվ չէ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031