Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Մեր ժողովուրդը 21-րդ դարում փաստացի, ցեղասպանության հերթական արարին առնչվեց մեր իշխանությունների ոչ միայն մեղսակցությամբ, այլ մասնակցությամբ»

Մարտ 28,2024 17:59

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Տավուշից տարածքներ Ադրբեջանին հանձնելու Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության ջանքերին, ասաց. «Մեր իշխանություններն այսօր փորձում են Տավուշի բնակիչների հետ հանդիպելով հարցը ներկայացնել իբրեւ տեղի հողեր տալ, զատել: Սա Տավուշի բնակչի հարց չէ: Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու սեփականությանը վերաբերող խնդիր է: Այդ հողերը, եթե ուզում են իմանալ՝ ում է պատկանում, պատկանում են ինձ, ձեզ, մյուսին եւ բոլորիս, ովքեր հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այնտեղ իմ, ձեր, մյուսների հարկերի միջոցով իրականացվել է ճանապարհաշինություն, էլեկտրագծերի անցկացում: Ի վերջո, մեր 3-րդ բանակային կորպուսն է այնտեղ տեղակայված, մեր զինվորների ծառայությունն ու նրանց սպասարկումն է այնտեղ իրականացվում:

Ես չեմ խորանա այն կոնկրետ հետեւանքների մեջ, որ այդ տարածքների հանձնումը կբերի: Կնշեմ մի բան, որ ըստ մեր օրենսդրության, եթե ինչ-որ հողատարածքի ինչ-որ մեկին փոխանցման գործողություն է, ապա այն անպայման պետք է ներառի հանրաքվեի գործոնը: Ու քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, այսինքն, իրավական գործընթացն իր հստակ ցուցիչներով իրականացված չէ, որեւէ սանտիմետր տարածք, նահանջի կամ հետքաշման հրամանով չի կարող ինչ որ մեկին փոխանցվել: Այդ գործողությունը համարվելու է պետական դավաճանություն:

Այսօրվա իշխանությունը եթե փորձում է մեր հանրությանը մատուցել, թե դա ինչ-որ ադրբեջանական տարածք է, դա ընդամենը խոսույթ է, որով փորձում են արդարացնել հերթական ճնշման ներքո Հայաստանը փաստացիորեն կազմալուծման տանելու գործընթացը:

Սա նույն արդյունքն է ունենալու, ինչ որ Տեղ գյուղում իրականացվածը, որի հետեւանքով մենք տեսանք Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետերի տեղադրումը, որը բերեց ու հանգեցրեց Արցախի լիակատար հայաթափմանը: Մենք փաստացիորեն կարող ենք արձանագրել, որ նման գործողությամբ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը դրվելու է նույն իրավիճակի մեջ, ինչ ստացվեց Հակարիի կամուրջը փակելով ամբողջ Արցախի համար»:

Ստեղծված իրավիճակում դիվանագետը կոչով դիմեց հատկապես խորհրդարանական ընդդիմությանը: «Որպես հակասահմանադրական գործողություն, իրավական գործընթաց սկսել՝ հաշվի առնելով այն հայտարարությունները եւ գործողությունները, որ արդեն իսկ արել են այս կառավարության ղեկավարը եւ նրա թիմակիցները եւ իրականացնում են: Պետք է գործընթաց սկսել, որպեսզի իրավական առումով այս խնդիրը ինչ-որ մի ձեւով կանգնեցվի:

Հանրությունը պետք է հասկանա սահմանազատման գործընթացի ամբողջ շղթան, թե ինչպես պետք է դա իրականում լինի:

Հաշվի առնելով, որ գործ ունենք Ադրբեջանի պես մի պետության հետ, որն աշխարհում երբեւէ ճանաչված չի եղել, իր սահմանները չի ունեցել, եւ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել բացառապես վարչական բաժանման առարկա Խորհրդային Միության շրջանում, ապա ցանկացած սահմանազատում, որ պետք է լինի մեր եւ իրենց մեջ, առաջինը պետք է հիմնված լինի այն իրավական փաստաթղթերի վրա, որի շուրջ երկուստեք համաձայնության կգան որպես հիմք ընդունելու եւ դրանց հիման վրա նշված քարտեզների օգտագործմամբ: Բայց անգամ այդ քարտեզների օգտագործման պարագայում պետք է նաեւ միանշանակորեն հենվել 2017 թ. ԵԱՀԿ կողմից հաստատված սահմանազատման սկզբունքների վրա, որը ներառում է նաեւ կենսական անհրաժեշտության խնդիրների քննարկում յուրաքանչյուր տարածքի պատկանելիությունը որոշելիս:

Այս ամենը համաձայնեցնելուց հետո սա պետք քննարկման առարկա դառնա համահայկական տիրույթում, որոշակի համաձայնություն ստանալուց հետո պետք է կառավարության որոշման տեսք ստանա, այնուհետեւ մտնի ԱԺ, որից հետո անպայմանորեն, եթե ինչ-որ տարածքներ պետք է մեզանից զավթվեն եւ փոխանցվեն, ապա պարտադիր դա պետք է դրվի հանրաքվեի: Առանց համաժողովրդական համաձայնության, ցանկացած գործողություն, որն այսօր իրականացվելու է կամ ցանկություն կա իրականացնելու՝ լինի դա մեկ անձի կամ ինչ-որ կառավարության հայտարարությամբ, դա ապօրինի, հակասահմանադրական գործընթաց է: Դա միջազգային իրավունքի տեսակետից բացարձակապես հիմնավոր գործողություն չէ:

Այստեղ մենք պետք է հասկանանք, որ այս իշխանությունները արդեն վեց տարի մեզ տանում են հետեւյալ վարքագծային կանոնի համապատասխան իրականությանը առերեսվելու: Նրանք փաստական հողի վրա ստեղծում են իրավիճակ, որը օրենքով, իրավաբանորեն հիմնավորված չէ, դրանից հետո փորձելով արդարացնել, ասում են. դեհ, այսպես է, ինչ անենք, ստիպված ենք առաջ գնալ: Այդպես եղավ Գորիս-Կապանի ժամանակ, նույնը եղավ Շուռնուխի ժամանակ, նույնը տեսանք Տեղ գյուղի պարագայում, նույնը եղավ Երասխում, Արցախի պարագայում՝ մեկ անձի հայտարարությամբ: Ու այդպես ժողովրդի ինքնորոշման իրավունքը գիլյոտինի տակ հայտնվեց:

Մեր ժողովուրդը 21-րդ դարում փաստացիորեն, ցեղասպանության հերթական արարին առնչվեց մեր իշխանությունների ոչ միայն մեղսակցությամբ, այլեւ մասնակցությամբ»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031