Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Արցախի օրինական կառավարության գոյությունը խափանում է Արցախի գոյության բացառման եւ Արցախն ամբողջապես Ադրբեջանին հանձնելու ծրագրերը, որին Նիկոլ Փաշինյանը մասնակից է եղել»

Մարտ 28,2024 14:35

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների եւ այլնի մասին, ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում», ասաց. «Զարմանալի չէ, որ այսօր դժբախտաբար մեր կառավարության ղեկին նստած անձը նման հայտարարություններ է անում, քանի որ Արցախի ղեկավարության՝ օրինական կառավարության, գոյությունը բացարձակապես խափանում է այն ծրագրերը, որին ինքը մասնակից է եղել, ինչը ուղղված է Արցախի գոյության ընդհանրապես բացառմանը եւ Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին հեշտ ու հանգիստ հանձնելը:

Հայաստանի Հանրապետությունում, այո, կա մեկ կառավարություն: Եվ այդ կառավարությունը այսօր բացարձակապես զրկված լինելով լեգիտիմությունից, դեռեւս նստած է այդ աթոռներին եւ իր ամենօրյա գործունեությամբ հերթական աղետն է պատրաստում մեր պետության ու մեր ժողովրդի գլխին:

Արցախի վտարանդի կառավարության գոյությունը Հայաստանում, բացարձակապես սպառնալիք չէ Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, քանի որ այն սպասարկում է հայ ժողովրդի ընդհանուր շահերը եւ ոչ թե այսօր կառավարության ղեկին գտնվող քաղաքական խմբակի անձնական եւ մորթային շահերը:

Այո, այն սպառնալիք է այն հանձնառություններին, որ կառավարության ղեկին գտնվող անձը ունի մեր թշնամի պետության եւ պետությունների հանդեպ եւ այսօր իրականացնում է հետեւողական ջանքերով, որի դրսեւորումը նաեւ Տավուշն է: Այնպես որ, սա մանիպուլյատիվ խոսույթ է եւ սպառնալիքների հեղեղ: Այն նպատակ ունի ուղղակի լռեցնելու եւ մարսեցնելու էթնիկ զտման միջոցով Հայոց Ցեղասպանության հերթական գլուխը, որի անմիջական եւ գործուն դերակատարը ինքն է եղել իր քաղաքական որոշումների եւ իր իշխանության ձեռնարկած քայլերի միջոցով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031