Լրահոս
Օրվա լրահոսը

Կռվողը մենք ենք, բայց…

Ապրիլ 09,2024 10:00

«Մեր փոխարեն ոչ ոք չի կռվելու», «հույսներս պիտի միայն մեր վրա դնենք»՝ այդպիսի արտահայտություններ ես կրկին լսեցի, երբ պարզ դարձավ, որ ապրիլի 5-ին մեզ «անվտանգության գործիքներ» չտվեցին: Այն, որ մեր պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է մենք (այսինքն՝ ՀՀ պետական կառույցները եւ ՀՀ քաղաքացիներս) ապահովենք՝ դա կասկածից վեր է:

Մենք պետք է ընդունենք երկու իրողություն: Առաջինն այն է, որ Ադրբեջանի հետ պատերազմը չի ավարտվել՝ ոչ մի «խաղաղության դարաշրջան» չկա եւ ոչ մի «խաղաղության օրակարգ»՝ որպես պատերազմը կանխելու երաշխավորված քայլերի հաջորդականություն, գոյություն չունի: Հետեւաբար, պետք է պատրաստվել երրորդ, չորրորդ, հինգերորդ պատերազմների: Դա իրողություն է, ոչ թե մի խումբ միլիտարիստների, ռեւանշիստների կամ «պատերազմի հրձիգների» ցանկություն:

Երկրորդ՝ Հայաստանի նման երկիրը պաշտպանվելու համար պետք է օգտագործի այլ պետությունների ռազմական, դիվանագիտական եւ քաղաքական հնարավորությունները: Կռվողն, այո, մենք ենք (կամ այլ պատերազմներում՝ Իսրայելն է, Ուկրաինան է), բայց առանց աջակցության մենք չենք կարող կռվել: 1992-94 թվականներին, երբ հասանք լուրջ հաջողությունների, 2016-ին, երբ թշնամին շոշափելի առավելությունների չհասավ, ինչպես նաեւ 2020-ին, երբ պարտվեցինք, երեք դեպքում էլ կռվողը մենք էինք: Բայց մենք տարբեր ձեւով էինք կռվում, որովհետեւ պետությունը տարբեր ձեւով էր կազմակերպում այդ կռիվը, իսկ «կազմակերպելու» մեջ մտնում են նաեւ արտաքին աշխարհի հետ հարաբերությունները:

Երբ Հայաստանի իշխանության քարոզիչներն ասում են, որ Արեւմուտքի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան «խստորեն զգուշացրել է Ալիեւին, եւ նա այլեւս չի համարձակվի հարձակվել», դա չի համապատասխանում իրականությանը՝ անկախ նրանից՝ դա անկե՞ղծ է ասվում, դրամաշնորհի դիմա՞ց, թե՞ պետությունից ինչ-որ «թխվածքաբլիթի» ակնկալիքով: Այս պահին նման բան չկա: Պուտինը նույնպես նման ազդանշաններ չի ուղարկում Ալիեւին, այլ, ամենայն հավանականությամբ, ճիշտ հակառակը՝ ցանկանում է Ադրբեջանի ձեռքով պատժել մեզ’ «արեւմտյան ձգտումների» համար:

Իմ մոտեցումն այս հարցում զուտ պրագմատիկ է՝ ով աջակցելու է մեզ հաջորդ պատերազմների ժամանակ, օգնելու է, որ մենք չկորցնենք մեր ինքնիշխան տարածքները, նրա հետ էլ պետք է գործ բռնել: Եթե դա մի աշխարհաքաղաքական կենտրոն է, լավ է: Եթե դրանք մի քանիսն են՝ ավելի լավ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Իրավիճակին համապատասխանող սթափ վերլուծություն է և հավասարակշռված եզրահանգումներ։
    Այս հոդվածի վերաբեյալ ցանկալի կլիներ իմանալ մեր “քաղաքական վերլուծբաններ” կոչվողների կարծիքները, բայց կարծում եմ, որ նրանք առողջ քննարկումների մեջ մտնելուց խուսափում են և սովորաբար հանդես են գալիս չփոփոխվող տեսակետների դրոշմվածքներով։

  2. Հայ says:

    Ընդհանուր առմամբ, համաձայն եմ։
    Ռուսները մեզ դժվար օգնեն: իրենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ,իրենց համար այս ծանր պահին, չեն ուզենա հարաբերություն փչացնել։
    Տարբեր երկրներից,շատ տարբեր տեսակի զենք գնելը նույնպես արդարացված չէ։
    Մեզ պետք է ինչ որ ստանդարտացված զենքի գնում,դա կարևոր է այն տեսանկյունից,որ արկերի տրամաչափերը նույնը լինեն,զենքի օգտագործման տրամաբանությունը նույնը լինի,պահեստամասերը միմյանց փոխարինող լինեն, տարբեր տեսակի ստորաբաժանումների զինատեսակները կարողանան իրար “տեսնել”:Եթե ամբողջ աշխարհից,շատ տարբեր զենքեր հավաքենք, իմ կարծիքով,ճիշտ չի լինի։
    Մեզ նաև շատ է պետք արկերի սեփական արտադրություն,որովհետև,այսօր, դրա դեֆիցիտը կա ամբողջ աշխարհում։
    Մենք նաեւ պետք է ունենանք ,ընդերքի խորքում թաքնված անգառներ,ինքնաթիռների և այլ զրահատեխնիկայի պահման և նորոգման համար,քանի որ չունենք խոր թիկունք։
    Այսինքն,բացի դաշնակիցներ և գործընկերներ գտնելուց,մենք պետք է պարզ տեսնենք մեր ապագա զինված ուժերի ամբողջական տեսքն ու բնույթը։

  3. Ես ռազմական կրթություն չունեմ ու ռիսկ չեմ անի խորհուրդ տալ, կամ վերլուծել իրավիճակը:
    Ունեմ հարց մասնագետներին. ‘Ինչքա՞ն զենք պիտի լցվի երկիր, որ հերիքի պաշտպանել հայրենիքը ի հակառակ իշխանության ճիգերի խանգարելու: Ինչպես կազմակերպել դա, որ իշխանությունը տեղյակ չլինի,:’
    Մեկ այլ հարց. ‘Արդյո՞ք Հայաստանի սահմանի երկայնք/տարածք հարաբերությունը չպիտի որոշի և քանակը և տեսակը գնվող զենքի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930