Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր է չմոռանանք այն մարդկանց, ովքեր տառապում են Ադրբեջանի բանտում». Աշոտ Ոսկանյանը՝ Ռուբեն Վարդանյանին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին

Ապրիլ 09,2024 23:03

Aravot.am-ի զրուցակիցն է Արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Ոսկանյանը

– Ռուբեն Վարդանյանն, որը վեց ամսից ավելի գերեւարված է եւ գտնվում է Բաքվի բանտում, ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի. ի՞նչ եք մտածում այս մասին, ի՞նչ զգացողություններ է առաջացնում այդ առաջադրումը:

– Դա ինձ համար շատ ուրախալի լուր էր, երկու պատճառով. առաջինը, որ մարդն իսկապես, իր ամբողջ գործունեությամբ արժանի է գնահատանքի՝ հենց խաղաղությանն ուղղված գործունեությամբ, որովհետեւ այն ամենն, ինչ արել է պարոն Վարդանյանը, իսկապես միտված է եղել խաղաղ զարգացմանը ու, ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ Հայաստանում, Արցախում:

Եվ երկրորդը՝ ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի մենք չմոռանանք այն մարդկանց, ովքեր այսօր տառապում են Ադրբեջանի բանտում:

– Համաշխարհային մարդասիրական եւ խաղաղարար գործընթացներում Ռուբեն Վարդանյանի ներդրումը, նաեւ այս առաջադրումը որքանո՞վ ազդեցություն կունենա նրա ճակատագրի վրա, ե՞րբ եւ ինչպե՞ս նրան կհաջողվի վերադառնալ հայրենիք, տուն:

– Ցավոք, աշխարհը հիմա այնքան հախուռն է դարձել եւ այնքան են քայքայվել նախկին, եթե կուզեք, արժեքային պատկերացումները, որ միանշանակ կապ հաստատել այդ առաջադրման եւ Ադրբեջանի քայլերի միջեւ, իհարկե բարդ կլինի: Բայց, ինձ համար մեկ բան ակնհայտ է՝ նորից ու նորից Ռուբեն Վարդանյանի որակների ու նրա գործունեության մասին խոսելն այդպիսի բարձր ամբիոնից եւ այդ կապակցությամբ, անկասկած, պետք է իր դերը խաղա:

Ամեն ինչ պետք է անել, որ մարդիկ չմոռանան այն մասին, որ բանտում տառապյալներ կան:

-Առհասարակ, Ձեր դիտարկմամբ, Բաքվում գերեւարված մեր հայրենակիցներին՝ սկսած Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին, ի՞նչ է սպասվում, հայկական կողմի ջանքերը բավարա՞ր են կամ կա՞ն դրանք առհասարակ, նրանց վերադարձնելու համար: 2021 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մեր գերիները մեզ կհասկանան, երկու ամիս կսպասեն… երկրորդ տարին է արդեն, գերեվարվածների թիվն էլ ավելացավ այդ ընթացքում:

– Կարծում եմ, ներդրված ջանքերը բավարար չեն: Ես չեմ բացառում, որ ինչ-որ գործողություններ են կատարվում, ինչ-որ բանակցություններ են տարվում այնպիսի մակարդակում, որ մեզ հայտնի չէ: Բայց, եթե այդպիսի արտառոց բան է տեղի ունեցել, որ հայկական հասարակության մեջ կարեւորագույն դեր խաղացող ղեկավարները, անկախ նրանից, թե քաղաքական առումով մենք իրենց ինչպես ենք գնահատում եւ վերաբերվում, հայտնվել են օտարի բանտում, ապա, ես կարծում եմ, որ նրանց ազատելու գործողությունները պետք է լինեն ոչ միայն դիվանագիտական առանձին խողովակներով, այլ հրապարակային: Նրանց անուններն անընդհատ պետք է տրվեն, անունները պետք է անընդհատ հնչեցվեն. կրկնեմ՝ դա բոլորովին կապված չէ նրա հետ, թե նրանցից յուրաքանչյուրին ինչպե՞ս եք քաղաքական տեսանկյունից գնահատում:

Վերջին շրջանում ես Հրանտ Մաթեւոսյանի տեքստերի հետազոտության մեջ, այսպես ասեմ՝ շատ խրված եմ, եւ իր մոտ մի զարմանալի օրինակ գտա. նա պատմում է, որ երբ թուրքերը Սալոնիկում շրջափակման վտանգի տակ էին, իրենց միակ ռազմանավն օգտագործեցին ոչ թե նրա համար, որ գնան զենք բերեն կամ այլ մի բան, այլ, որպեսզի իրենց մոտ գերեւարված սուլթանին այդ նավով փախցնեն Ստամբուլ, որպեսզի նա հակառակորդի ձեռքը չընկնի: Որովհետեւ, սուլթանը, թեեւ իրենց քաղաքական հակառակորդն էր, բայց նա իրենց ներքին հակառակորդն էր ու իրենց քաղաքական հակառակորդը չպիտի ընկներ արտաքին թշնամու ձեռքը. դա իրենց արժանապատվության խնդիրն էր: Ես կարծում եմ, այս զգացողությունը մենք էլ պետք է ունենանք եւ պետք է գործենք այդ ուղղությամբ:

-Հայաստանի իշխանությունը ճիշտ հակառակն է անում:

-Ես գնահատականներ չեմ տալիս, ես պարզապես ասում եմ, թե ինչպե՞ս եմ դա պատկերացնում:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930