Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերի մոտ ճաշակ եմ փոխել իմ երգերով». Վահագն Ռաշ

Ապրիլ 15,2024 12:30

Երգիչ, երգահան Վահագն Ռաշը (Ռուշանյանը) ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նրա արդեն իսկ շատ սիրված՝ «Ես կգամ» երգի նոր մեկնաբանությունն է։ Գործիքավորումը կատարել է Գարիկ Գեւորգին, երաժշտության հեղինակը Վահագն է, խոսքերինը՝ Տաթեւ Ոսկանանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գեւորգյանը, բեմադրությունը` Արման Խաչատրյանինն է: Կատարողներն են` Արթուր Խունյանը եւ Էլֆրիդա Ավանեսյանը: Վահագն Ռաշը սիրով պատասխանել է «Առավոտի» հարցերին:

– Ներկայացրել եք Ձեր նոր՝ «Ես կգամ» երգի տեսահոլովակը, ինչով է այն առանձնահատուկ:

– Տեսահոլովակը նկարահանված է իմ երգացանկի ամենասիրված երգերից մեկի` «Ես կգամ»-ի հիման վրա։ Տեսահոլովակում պարի ու սիմվոլների միջոցով փորձել ենք ներկայացնել բնության չորս տարերքները, որոնք վերջում միավորվելով կազմում են ներդաշնակություն ու ամբողջություն։ Իմաստը համապատասխանում է հենց խոսքերին, իսկ առանձնահատկությունը հենց բուն երգի մեջ է. խոսքերի ու բառերի ներդաշնակության, որը կտեսնենք նաեւ հոլովակում։


– Տեսահոլովակը մի քանի օրում բավականին շատ դիտումներ է հավաքել, շատ սիրվել է, Ձեր կարծիքով՝ որն է նրա հաջողության գրավականը:

– Հիմնական պատճառը երգի ճանաչված լինելն է, Մարիամի ու նրա պրոֆեսիոնալ թիմի գրագետ աշխատանքը, իսկ արտիստները շատ ճիշտ կերպով ստացել են հենց երգի վիճակը ու ապրումները։

– Դուք Ձեր յուրօրինակ լսարանն ունեք, կբնորոշե՞ք՝ ովքեր են Ձեզ լսում: Ինչպիսին է Ձեր ունկնդիրը:

– Վստահորեն կարող եմ ասել, որ բարձրաճաշակ ունկնդիրներ ունեմ։ Դրանում կարելի է համոզվել ներկա գտնվելով մեր համերգներին։ Իմ ունկնդիրները հիմնականում որակյալ ու գրագետ երաժշտություն են սիրում։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նրանք ամենատարբեր երաժշտական ոճերի հետեւորդներ են ու ամենատարբեր տարիքային խմբերին են պատկանում։ Զարմանալի կարող է թվալ, բայց նույնիսկ փոքրիկ երեխաներ կան նրանց մեջ։ Վստահորեն կարող եմ ասել, որ 0 տարեկանից մինչեւ անվերջություն կարող եք գտնել իմ լսարանում:

– Եթե չեմ սխալվում, Դուք պրոֆեսիոնալ երաժշտական կարիերա եք սկսել 2009-ից, բայց կարծեմ ծրագրավորողի մասնագիտացում եք ստացել Ճարտարագիտական համալսարանում: Հարցս գուցե տարօրինակ հնչի՝ ի՞նչ աղերսներ ունեն ծրագրավորումն ու երաժշտությունը ձեր պարագայում:

– Մասնագիտությամբ ոչ միայն ծրագրավորող եմ` այլեւ հաշվապահ, բայց երկու աշխատանքներով էլ շատ քիչ եմ աշխատել ու հասկացել եմ, որ իմը չեն։ Դրանք շատ օգնում են մեր ընտանեկան բիզնեսին, որը իրոք երգի հետ կապ չունի։ Ունենք Մաշկի խնամքի կլինիկաների ցանց, ներկրում ենք կոսմետոլոգիական սարքեր եւ նյութեր` պրոֆեսիոնալ մասնագետների համար։ Երգի հետ կապը միայն նրանում է, որ այստեղ վաստակած գումարի շնորհիվ կարողանում եմ մատուցել որակյալ` սակայն ոչ կոմերցիոն աշխատանք։ Այսինքն՝ երգը ստեղծելուց չեմ մտածում բիզնեսի մասին, չեմ փորձում ստեղծել այնպիսի երգ, որի շնորհիվ ինձ կկանչեն հարսանիքների ու նման միջոցառումների, որտեղ ես կարող եմ գումար աշխատել։ Երգով, իհարկե, որոշակի գումար աշխատում եմ համերգներից, Յութուբյան հարթակից, օնլայն երաժշտական խանութներից, սակայն դա գումարային առումով շատ քիչ է եւ լավագույն դեպքում կբավականացնի նկարահանել մեկ տարվա մեջ մեկ երգ` իր տեսահոլովակով…

– Դուք ծառայել եք Արցախի Հանրապետությունում, հնարավո՞ր է ապագայում մի երգ էլ Արցախին նվիրեք:

– Հայրենիքին նվիրված երգեր ունեմ, իսկ Արցախը իմ հայրենիքի անբաժան մասնիկն է։ Գիտե՞ք ինչի համար չեմ ցանկանում Արցախի մասին երգ գրել։ Բազմիցս նշել եմ, որ մենք շատ ստեղծագործություններ ունենք մեր պատմական ու կորցրած տարածքների մասին ու դրանք հիշում ենք միայն երգերի միջոցով։ Ավելի լավ է ստեղծել այնպիսի աշխատանքներ, որոնց շնորհիվ հայը կսկսի ճանաչել իրեն, սիրել իրեն, իր հայրենիքը, իր հայրենակցին։ Մանկուց պետք է հայը ճանաչի իր հայրենիքը ու հասկանա ինքն ով է։ Այ, որ այդպես լինի, հայը երբեք չի գնա այստեղից, չի մտածի, թե ի՞նչ միջոցներով լքի երկիրը, որպեսզի ունենա լավ կյանք։ Ցավալի բան կասեմ, բայց պարտության ամենամեծ պատճառներից մեկը հենց հայրենալքությունն է…

– Այսօր հայաստանյան երաժշտական շուկան (եթե կարելի է այդպես կոչել) լի է ցածրակարգ ստեղծագործություններով ու ոչ էսթետիկ տեսահոլովակներով, ինչպե՞ս ունկնդրին փրկել անճաշակության հեղեղից, որն ամեն քայլափոխի խցկվում է բոլորիս կյանք (տեսահոլովակների, ազդագրերի, սոցցանցերի միջոցով, ցավալի է, բայց նաեւ լեփ-լեցուն դահլիճներով):

– Համաձայն եմ ձեզ հետ, բայց միայն Հայաստանում չէ այդ խնդիրը։ Ամբողջ աշխարհն է հեղեղված անորակի մեջ, ու միշտ էլ դա այդպես է եղել, ուղղակի հիմա ակնհայտ երեւում է նոր տեխնոլոգիաների շնորհիվ։ Որակյալը միշտ էլ սակավ է եղել ու ոչ շատ հասանելի։ Իսկ ի՞նչ կարելի է անել այն ավելացնելու համար, իհարկե, ստեղծել այնպիսի աշխատանքներ, որոնք կստիպեն նույնիսկ ամենաանզգացմունք մարդուն ներթափանցել իր հոգու խորքերը։ Եթե դու լավ աշխատանք ես թողարկում, ինքնաբերաբար այդ մարդը դառնում է քո հետեւորդը ու սկսում է հետեւել քո աշխատանքներին, հետեւաբար՝ նման ուրիշ արտիստների նույնպես։ Հետո դա նրանց ստիպում է լսել որակյալ երաժշտություն ու ինքնաբերաբար փոխվում է նրա ճաշակը։

Իմ լսարանը, ինչպես նշեցի, շատ բազմազան է ու շատ վստահորեն կարող եմ ասել, որ շատերի մոտ ճաշակ եմ փոխել իմ երգերով, ու դա գլուխ գովելու համար չեմ ասում։ Պետք է յուրաքանչյուր արտիստ աշխատի այդ տրամաբանությամբ, այսինքն՝ երբ դու պրոդուկտ ես թողարկում, չպետք է մտածես՝ այնպիսի պրոդուկտ տամ, որը հանդիսատեսին կգոհացնի։ Ընդհակառակը, դու այնպիսի պրոդուկտ պետք է տաս, որը հանդիսատեսին կփոխի, հանդիսատեսին կստիպի լսել որակյալ երաժշտություն, հանդիսատեսին կստիպի մտածել, արթնացնել քնած հույզերը, սերը, հայրենասիրությունը ու էլի շատ դրական հույզեր։ Այս է հիմնական խնդիրը մեր արտիստների մոտ։ Մեծամասնությունը մտածում է գումարի մասին։ Իհարկե, չեմ մեղադրում ոչ ոքի, քանի որ շատերի համար սա ապրուստի միջոց է, իմ բախտը բերել է, ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ այսպես է ստացվել իմ երաժշտական կարիերան, որ կարողանում եմ անել այն, ինչ իմ սրտին հաճո է, այն, ինչ ես եմ սիրում ու երբեք չեմ մտածում հանդիսատեսին գոհացնելու, պարեցնելու ու նրանից գումար ստանալու մասին։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Վահագն Ռաշը

«Առավոտ» օրաթերթ
13.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930